Այծային զբոսաշրջության կենտրոն

Եթե մշակութային զբոսաշրջիկը մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում, բացի կացության, ավիածախսերից, թողնում է մոտ $1000, ապա որսորդը ծախսում է առնվազն $5000։

Չնայած Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսն արգելված է, և այս կենդանիների ոչնչացման համար սահմանված են գումարային տույժեր, բայց դա լուրջ խոչընդոտ չէ նրանց որսի համար։ Որսորդների բալկանյան ակումբի պաշտոնական կայքէջում (http://www.stiliyankadrev.com/en/armenia-hunting-price-list.html) տրվում են Հայաստանի կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի սակագները, որոնք այդքան էլ բարձր չեն, անգամ մրցունակ տարածաշրջանում։

Ակումբը բեզոարյան այցի որսի վայր, բացի Հայաստանից, առաջարկում է Թուրքիայում։ Մի՞թե սա նշանակում է, որ երկու հարևանների միջև առկա է մրցակցություն։ Իհարկե, բեզոարյան այծի որսի շուկայում չի բացառվում նաև կենտրոնացում ու օլիգոպոլիա, չնայած, հաշվի առնելով երկու երկրների միջև դիվանագիտական կապերի բացակայությունը, այս շուկան ավելի շուտ մրցակցային է։

Իսկ եթե ավելի սթափ, ապա Թուրքիայում բեզոարյան այծի որսի 7-օրյա փաթեթն արժե $9,5 հազ.։ Հայաստանում որս կատարելու համար արտերկրի որսորդը պետք է մեկ օրվա համար վճարի $650 (ներառյալ ավիածախսերը, կացության, տրանսպորտային ծախսերը), բեզոարյան այծի որսի համար՝ $5,6 հազ.։ Երկու երկրներում էլ սակագները գրեթե նույնն են։

Եթե Թուրքիայում որսորդներին առաջարկվում է նաև վարազի և մերձավորարևելյան գորշ արջի որս, ապա Հայաստանում որսորդները կարող են ընդամենը $6,8 հազ-ով որսալ հայկական մուֆլոն, իսկ $4,9 հազ-ով՝ անդրկովկասյան գորշ արջ։

Արտերկրի որսորդները Հայաստանից իրենց հետ կարող են վերցնել նաև հաղթավարը։ Հայաստանում մուֆլոնների, արջի և բեզոարյան այծի որսը կազմակերպվում է երկու շրջանում՝ Եղեգիսի հովտում (Վարդենիսի և Թեքսարի լեռների միջև) և Մեղրու Ուրցասար լեռնաշղթայում։ Երկու այս գոտիներն էլ համարվում եմ արգելավայրեր։

Որսի համար սահմանված սակագները բիզնես տեսակետից բավական գրավիչ են, իսկ պետությունը, ստացվում է, ընդառաջում է որս կազմակերպողներին։ Այսպես՝ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքով սահմանված է, որ մուֆլոնի, բեզոարյան այծի որսի կամ ոչնչացման համար սահմանված է Դ3 մլն (մոտ $8 հազ.) տուգանք, արջի համար Դ1 մլն ($2,6 հազ.):

Ստացվում է, որ որսորդներից գանձվող գումարը և կենդանիների ոչնչացման համար տուգանքը գրեթե նույնն են։ Եթե նույնիսկ որս կազմակերպողները «բռնվեն» բնությանը վնաս պատճառելու ժամանակ, ապա գանձած գումարները լիուլի բավարար են ինչպես տուգանքը վճարելու, այնպես էլ նվազագույն շահույթ ապահովելու համար։

Հասկանալի է նաև, որ եթե Հայաստանում որսի կազմակերպման հայտարարությունները, գնացուցակը տեղադրված են բաց ռեսուրսում, ապա զբոսաշրջային գործակալները փոխկապակցված են Բնապահպանության նախարարության հետ։ Եթե Հայաստանում իսկապես ցանկանում են պահպանել անհետացող կենդանիներին, ապա անհրաժեշտ է վերանայել դրանց ոչնչացման համար նախատեսված տուգանքի չափը, նախատեսել նաև քրեական պատասխանատվություն։ 

Մեկնաբանել