Երբ տաճարն ավելին չէ, քան մարդը

Վրաց պատրիարքի պարագան ուրիշ է: Նրա մասին ցանկացած վրացի կարող է դատել՝ հասկանալու համար, թե ինչ հսկայական տեղ է նա զբաղեցնում երկրի հասարակական-քաղաքական և կրոնական կյանքում: Մեր կաթողիկոսի դեպքում դժվարությամբ ենք գտնում նրա տեղը երկրի կրոնական կյանքում: Մյուս ոլորտներում նա բացակա է: Ոչ մի ընդդիմադիր գործիչ իր ոտքով չի գնա կաթողիկոսի մոտ:

Վրաց պատրիարքն ինքն իրենով կարող է պաշտոնանկ անել Վրաստանի ցանկացած նախագահի և չաջակցել որևէ մեկին այդ պաշտոնին ընտրվելու համար: Մեր կաթողիկոսը չի կարող պաշտոնանկ անել, բայց աջակցել կարող է: Եվ ի՞նչ: Ո՞վ կաթողիկոսի հորդորով իր ձայնը կտա այս կամ այն թեկնածուին:

Ըստ իս՝ ամեն ինչ խարխլվեց այն օրը, երբ 1995թ. կաթողիկոս ընտրելու հարցում միջամտություն ցուցաբերեց երկրի՝ ընկած հեղինակությամբ նախագահը: Ես չէի ասի, որ Գարեգին Առաջինը վատ կաթողիկոս էր, նրան լսելը հաճելի էր, բայց նա զուտ հոտի կաթողիկոս էր և ոչ թե քաղաքացու: Նա իր հորդորներն ուղղում էր մարդկանց, որոնք կարող էին այդ հորդորներն ընկալել նաև գրքի միջոցով:

Նա կաթողիկոս էր, որը, չնայած իշխանության բարեհաճությանը, երբևէ դրանից դրոշ չսարքեց: Նա գիտեր, որ եկեղեցին նախ և առաջ մարդիկ են, ու նա մարդկանց հետ էր: Իր կաթողիկոսության օրոք նա քիչ ժամանակ չհատկացրեց Հայաստան երկիրն ըստ էության ընկալելու համար, նա ամիսներով շրջագայում էր մարզերով և շփվում շարքային մարդկանց հետ:

Ես վստահ չեմ, որ ժողովուրդը Գարեգին Առաջինին ընկալեց զուտ որպես ինտելեկտուալ առաջնորդ, դրան շատ բանով խանգարեց իշխանությունը, որի աջակցությունը նա վայելում էր: Քաղաքական իշխանությունն ինքն էլ սակայն իրեն չպարտադրեց կաթողիկոսի բարեհաճությունը վայելելուն, որովհետև այդ իշխանությունը լուծում էր Անթիլիաս-Էջմիածին մերձեցման խնդիրները, նա այդ շրջանակներում էր ընկալում գործող կաթողիկոսի դերը:

Գարեգին Երկրորդը այլ խնդիրներ է լուծում, նա եկեղեցաշինարար է, բայց ոչ մի եկեղեցի ինքն իրենով մարդակիր չէ, եկեղեցին այն տեղն է, որտեղ մարդը մտնում է անբացատրելի զգացումների, անպատասխան հարցերի բեռից ազատվելու համար, եկեղեցին մի վայր է, որտեղ թեթևանում ես:

Իլյա Երկրորդն ինքն իրենով վրաց ժողովրդի եկեղեցին է, ոչ մեկը չի կարող շրջանցել նրան, այսինքն՝ այդ մարդը մի հեղինակություն է կուտակել, երբ տաճարն ավելին չէ, քան ինքը: Նա պատրիարք-կաթողիկոս է 1977-ից, այսինքն՝ անկախ Վրաստանի իշխանություններից ոչ մեկին պարտական չէ, և, հավանաբար, Շևարդնաձեին նույնպես, քանի որ շատ բանով նպաստեց նրա հեռանալուն:

Ուրեմն ի՞նչ կարող է անել մեր կաթողիկոսը: Նախ՝ նա պետք է առանձնանա երկրի քաղաքական իշխանությունից, այլապես եկեղեցին դառնում է իշխանամետ կուսակցություն, երկրորդ՝ պետք է կարողանա ինտելեկտուալ հոգևորականի իմիջ ձեռք բերել (կաթողիկոսը ոչ մի գրքի հեղինակ չէ՝ ի տարբերություն Վազգեն Ա-ի և Գարեգին Ա-ի), երրորդ՝ գոնե կես տարի նա պետք է սանրի Հայաստանի մարզերը, մարդկանց համար նա պետք է լինի տանու մարդ: 

Մեկնաբանել