Մինչև ճգնաժամի երկրորդ ալիքը

Նման խնդրանքով նրան դիմել էին պատգամավորները՝ նշելով, թե ցանկանում են ընտրարշավն ավարտել նախքան ճգնաժամի՝ հաջորդ տարի սպասվող հերթական ալիքը, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։ Ստորին պալատի հերթական ընտրությունները պետք է անցկացվեին հաջորդ տարվա օգոստոսին։

Նազարբաևը հայտարարել է, թե խորհրդարանի բարեփոխումն անհրաժեշտ է երկրի որդեգրած արդիականացման քաղաքականության ճանապարհին։ Նա նշել է նաև, որ խորհրդարանի ստորին պալատի նոր կազմում ներկայացված պետք է լինի երկու կուսակցություն։ «Հասարակությունը բազմակուսակցական խորհրդարանի կարիք ունի»,– ասել է Նազարբաևը։

Հիշեցնենք, որ ներկայիս 107-տեղանոց Մաջլիսում կուսակցական ցուցակներով ընտրված բոլոր 98 պատգամավորներն էլ ներկայացնում են Նազարբաևի «Նուր Օտան» կուսակցությունը։ Մնացած կուսակցություններին 2007թ. ընտրություններում չէր հաջողվել հաղթահարել 7%-անոց շեմը։

Ղազախստանի անփոփոխ նախագահը մտադիր է ճանապարհ բացել ևս մեկ կուսակցության համար։ Ըստ երկրի իշխանությունների՝ նման քայլը թույլ կտա բարելավել Ղազախստանի իմիջը Արևմուտքում, որն այս երկրում տեղի ունեցած և ոչ մի ընտրություն ժողովրդավարական նորմերին համապատասխան չի ճանաչել։

Պաշտոնական Աստանան վերջին շրջանում որոշել է փոխել Ղազախստանի մասին արևմտյան պատկերացումները։ Ոչ այնքան վաղ անցյալում Նազարբաևի տնտեսական հարցերով խորհրդական դարձավ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, որը պետք է մեծացնի Ղազախստանի ներդրումային գրավչությունն արևմտյան ներդրողների աչքում։

Սակայն արտահերթ ընտրությունների և խորհրդարանը երկկուսակցականի վերածելու քայլը հազիվ թե Ղազախստանը դեպի ժողովրդավարացում է տանում։ Հատկապես երբ երկրորդ ուժի դերում, ամենայն հավանականությամբ, հանդես է գալու Նազարբաևին հավատարիմ և խոշոր բիզնեսի շահերն արտահայտող «Ակ Ժոլ» կուսակցությունը։

Ընդ որում՝ որոշ փորձագետներ վստահեցնում են, թե կուսակցությունը գլխավորելու է «Ազգի հոր» փեսան՝ Թիմուր Կուլիբաևը։ Շատերը վերջինիս Նազարբաևի ժառանգորդ են համարում, ուստի ընդդիմության ձևավորման մասին այստեղ խոսք լինել չի կարող։

Անակնկալներից խուսափելու համար Ալմաթիի դատարանի որոշմամբ այս տարվա հոկտեմբերին դադարեցվել է Ղազախստանի կոմունիստական կուսակցության գործունեությունը։ Սա երկրի միակ ընդդիմադիր ուժին զրկում է հունվարին կայանալիք ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։