Հայաստանը երկրորդն է

Հայաստանի հանդբոլի հավաքականը, որը համալրված էր Ֆրանսիայից, Գերմանիայից և Ռուսաստանից ժամանած մեր հայրենակիցներով, մրցաշարի առաջին խաղում բավական վստահ հաղթանակ տարավ Վրաստանի ընտրանու նկատմամբ 33:22 հաշվով:

Երկրորդ տուրում մեր թիմի մրցակիցը Ռուսաստանի երկրորդ հավաքականն էր, որի կազմը հիմնականում բաղկացած էր Կրասնոդարի ՖԻՄԱ-ի հանդբոլիստներից:

Բավական հետաքրքիր պայքարում անցած մրցավեճում հաջողությունը ժպտաց ավելի փորձառու ռուս հանդբոլիստներին, որոնք էլ, ի վերջո, դարձան մրցաշարի հաղթողներ:

Վերջին տուրում երկրորդ տեղի համար վճռորոշ խաղում մեր հանդբոլիստները 41:33 հաշվով առավելության հասան Ուզբեկստանի թիմի նկատմամբ: Ուզբեկստանի հավաքականը զբաղեցրեց երրորդ, իսկ Վրաստանի ներկայացուցիչները՝ չորրորդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքականի կազմում հաջող ելույթներ ունեցան Սամվել Ասլանյանը և Հայկ Կարապետյանը: Վերջինս 35 գոլով դարձավ նաև մրցաշարի գլխավոր ռմբարկուն: Նրան այդ մրցանակը հանձնեց մրցաշարի օրերին Հայաստան ժամանած Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Թոր Լիանը: