Խաղաղ օվկիանոսի տնտեսական ալիքները

Քամու ուղղությունը սահմանում է ԱՄՆ-ը

Նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկնել է Ավստրալիա, ապա՝ Ինդոնեզիա՝ մասնակցելու Արևելասիական միության՝ այսօր Ջակարտայում մեկնարկող երկօրյա գագաթաժողովին։

Սպիտակ տան ղեկավարի այցն ուղղված է ԱՄՆ-ի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների միջև ռազմական և տնտեսական կապերի ամրապնդմանը։

Մի շարք փորձագետների կարծիքով՝ Նահանգները նպատակ ունի մեծացնել իր դերակատարումը այս տարածաշրջանում և թուլացնել Չինաստանի ազդեցությունը։

Հատկանշական է, որ անցած հանգստյան օրերին Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքում տեղի ունեցած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (Asia-Pacific Economic Cooperation, APEC) երկօրյա գագաթաժողովի գլխավոր նորությունը վերաբերում էր մասնակիցների միայն մի մասին։

Այսպես՝ տարածաշրջանի ութ երկիր՝ Բրունեյը, Նոր Զելանդիան, Սինգապուրը, Ավստրալիան, Վիետնամը, Մալայզիան, Պերուն և ԱՄՆ-ը, շրջանակային համաձայնագիր են ստորագրել Անդրազգային գործակցության (ԱԳ) ստեղծման շուրջ։

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան, իր հերթին, հայտարարել էր այս կառույցին անդամագրվելու Ճապոնիայի մտադրության մասին։ Նման ցանկություն են հայտնել նաև Մեքսիկան և Կանադան։ Չի բացառվում, որ շարքն առաջիկայում կհամալրվի։

Այսպիսով՝ 2006թ. չորս երկրի մասնակցությամբ (Բրունեյ, Չիլի, Նոր Զելանդիա և Սինգապուր) ստեղծված Խաղաղօվկիանոսյան ռազմավարական տնտեսական գործակցությունը աստիճանաբար վերածվում է ազդեցիկ առևտրատնտեսական միության, որը ՀՆԱ-ի ցուցանիշով գերազանցում է, օրինակ, Եվրամիությանը։

Անդրազգային գործակցությունում առաջատար դիրքերը վերապահվելու են ԱՄՆ-ին։ Սրա վկայությունը Օբամայի հայտարարությունն է, թե կառույցի ստեղծումը Վաշինգտոնին հնարավորություն կտա մեծացնել արտահանման ծավալները և զբաղվածության մակարդակը ԱՄՆ-ում։

Ըստ Սպիտակ տան ներկայացուցիչների՝ Անդրազգային գործակցության շրջանակում կիրականացվեն ինչպես մի շարք «ավանդական» (օրինակ՝ որոշ ապրանքների մաքսատուրքերի վերանայում, առևտրին խոչընդոտող մի շարք արգելանքների վերացում և այլն), այնպես էլ «ոչ ավանդական» միջոցառումներ (օրինակ՝ առևտրային գործընթացների և կանոնների համաձայնեցում)։ Այս ամենը, իր հերթին, ավելի դյուրին կդարձնի ամերիկյան ընկերությունների գործունեությունն այս տարածաշրջանում։

Այդուհանդերձ, մի շարք հարցեր դեռ առկախված են։ Այսպես՝ հարցական է, թե արդյոք Անդրազգային գործակցության կազմում ամբողջովին կընդգրկվեն Ազատ առևտրի հյուսիսամերիկայն միության անդամ երկրները և միայն մասնակի՝ տնտեսական այլ միությունների (օրինակ՝ APEC-ի կամ հարավամերիկյան շուկայի ներկայացուցիչներ) անդամ երկրները։

Բացի այդ՝ Անդրազգային գործակցությունից դուրս է մնացել Չինաստանը։ Պաշտոնական Պեկինը սա պայմանավորում է նրանով, թե մասնակցության հրավեր չի ստացել։ Մինչդեռ ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, թե սա «բաց կազմակերպություն» է՝ միաժամանակ ակնարկելով, թե Չինաստանը չի հետևում ազատ առևտրի կանոններին։

Ազգային անվտանգության հարցերով Օբամայի օգնական Բենջամին Ռոսի խոսքով՝ ԱՄՆ-ը տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտում գործակցության նոր մոտեցում է որդեգրում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ապագայի ուրվագծման նպատակով։

Մի շարք փորձագետների կարծիքով՝ Անդրազգային գործակցության ստեղծումը խոսում է APEC-ից Վաշինգտոնի դժգոհության մասին, որն այդպես էլ բանավեճային ֆորումից չվերածվեց առևտրային միության։ Ներկայում ԱՄՆ-ը մտադիր է ավելի նեղ «խմբավորում» կազմել, որը կկարողանա առևտրատնտեսական առավել սերտ գործակցության հարթակ ստեղծել։

Վերջնականապես հստակեցված չէ նաև Անդրազգային գործակցությանը Տոկիոյի անդամակցության հարցը։ Պաշտոնական Տոկիոն չի բացառում, որ անդամակցությունը կարող է վնասել երկրի գյուղատնտեսությանը, քանի որ Ճապոնիայում ոլորտի գերակա ճյուղերից մեկը՝ բրնձի մշակումը, մեծապես կախված է արտահանման բարձր մաքսատուրքերից։

Այդուհանդերձ, ճապոնական խոշոր ընկերությունները շահագրգռված են այս կառույցին անդամակցությամբ, քանի որ դա նոր շուկաներ գրավելու հնարավորություն է ընձեռելու վերջիններիս։

Մեկնաբանել