Դիվերսիֆիկացում ոչխարներով

Ճգնաժամից արդեն անցել է երեք տարի, բայց արտահանման կառուցվածքից երևում է, որ Կառավարության ցանկությունը դեռ իրականություն չի դարձել։ Իսկ միջազգային կառույցները շարունակում են ահազանգել արտահանման թույլ դիվերսիֆիկացիայի մասին։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի օրերս հրապարակած «Ճգնաժամը և անցումային գործընթացը մարդկանց աչքերով» (տե՛ս «Օրակարգ, 16.11.2011») հետազոտությունում նշվում է, որ Հայաստանի մոնոպոլացված տնտեսությունը շարունակում է մեծ կախում ունենալ արտաքին հատվածից, ինչը նրան զգայուն է դարձնում գործընկեր երկրների տնտեսություններում առկա ցնցումների նկատմամբ:

«Արտաքին փոխանցումներից կախվածության և արտահանման ցածր դիվերսիֆիկացիայի պայմաններում Հայաստանի համար հատկապես ռիսկային է անորոշ արտաքին միջավայրը»,– նշել են զեկույցի հեղինակները:

Նշենք, որ մինչև ճգնաժամը 2008թ. Հայաստանի արտահանումը նույնպես չի փայլել դիվերսիֆիկացիայով։ Երկաթի համաձուլվածքն ընդհանուր արտահանման կառուցվածքում 2008թ. կազմել է 19%, ադամանդինը՝ 13%, սպիրտային խմիչքներինը՝ 12,6%, պղնձի հանքաքարինը՝ 10%, սև պղինձը՝ մոտ 6%։ Արտահանման կեսից ավելին բաժին է ընկել չորս երկրի՝ Ռուսաստան (20,2%), Գերմանիա (17,2%), Նիդեռլանդներ (12,2%), Բելգիա (8,5%)։

Արտահանման նման թույլ դիվերսիֆիկացիայի հետևանքով, ինչպես հայտնի է, 2009թ. Հայաստանի արտահանումը կրճատվեց 34%-ով։ Տնտեսությունում լրջագույն խնդիրներ ունենալու համար բավարար էր միայն, որ համաշխարհային շուկայում կտրուկ նվազեն մետաղների գները, կրճատվեր ադամանդի պահանջարկը, իսկ Ռուսաստանում՝ կոնյակի սպառումը։

Անցած տարվա և այս տարվա ինը ամիսների արտահանման կառուցվածքի համադրումից երևում է, որ արտահանման դիվերսիֆիկացիան շարունակում է թույլ մնալ: Այսպես՝ անցած տարի արտահանման կառուցվածքում այդ նույն ապրանքատեսակները շարունակել են ապահովել արտահանման ավելի քան կեսը։ Պարզապես տեղի է ունեցել որոշակի փոփոխություն դրանց մասնաբաժիններում։

Այսպես՝ եթե նախկինում լուրջ ծավալ էր կազմում երկաթի համաձուլվածքը, ապա անցած տարի և այս տարի դրան փոխարինել է պղնձի հանքաքարը (մասնաբաժինը՝ 20,8%)։ Երկաթի համաձուլվածքի մասնաբաժինը կազմել է 11,8%, երրորդ տեղում են սպիրտային խմիչքները՝ 9,5% մասնաբաժնով, սև պղնձի մասնաբաժինը կազմել է 9%, ադամանդի մասնաբաժինը՝ 9%։ Այս տարվա ինը ամիսներին հիմնական այդ ապրանքատեսակներին ավելացել է միայն էլեկտրաէներգիան, որի մասնաբաժինն ընդհանուր արտահանման կառուցվածքում կազմել է 8,8%։

Թեև Պետեկամուտների կոմիտեն և Ազգային վիճակագրական ծառայությունը էլեկտրաէներգիան դասակարգում են որպես արտահանում, այն ավելի շատ ապրանքափոխանակում է։ Հայաստանից էլեկտրաէներգիան առաքվում է Իրան «գազ՝ էլեկտրաէներգիայի» դիմաց սխեմայով, որով Իրանին յուրաքանչյուր 1 խմ գազի դիմաց Հայաստանը վերադարձնում է 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Արտահանվող ապրանքատեսակների թույլ դիվերսիֆիկացիայի պայմաններում արտահանման հիմնական գործընկերները շարունակել են մնալ Ռուսաստանը (մասնաբաժինը՝ 16%), Բուլղարիան (12,8%), Գերմանիան (12,7%), Իրանը (8,8%), Նիդեռլանդները (8,6%)։

Թե՛ մինչև ճգնաժամը, թե՛ ներկայում այդ երկրներ արտահանվում են (էին) գրեթե նույն ապրանքները (Գերմանիա, Բուլղարիա՝ մետաղներ, Ռուսաստան՝ ոգելից խմիչք, ադամանդ, Նիդեռլանդներ՝ ադամանդ, Իրան՝ էլեկտրաէներգիա), ինչը նշանակում է, որ այդ երկրներում տնտեսական վայրիվերումները կրկին կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա:

Վերջին երկու-երեք տարիներին արտահանման կառուցվածքում եղել են որոշակի փոփոխություններ. եթե 2008թ. Հայաստանը արտահանել էր $38,4 մլն-ի ցեմենտ (արտահանման կառուցվածքում մասնաբաժինը՝ 3,5%), ապա անցած տարի ցեմենտին կարծես փոխարինել է ոսկին (մասնաբաժինը՝ 3%)։

Անցած տարի Հայաստանից գումարային արտահայտությամբ արտահանվել է այնքան ոչխար (135 հազ. գլուխ՝ $13,3 մլն մաքսային արժեքով), որքան 2008թ. գումարային արտահայտությամբ արտահանվել էր կրծկալ, գոտի, սեղմիրան, տաբատակալ (2,6 մլն հատ՝ $15 մլն ընդհանուր մաքսային արժեքով)։ 

Մեկնաբանել