Microsoft-ը սոցցա՞նց է թողարկում

Ընկերությունն ինքն էլ վստահ չէ

Սոցցանցերի շրջանում մրցակցությունն օրեցօր մեծանում է։ Այժմ էլ Microsoft-ն է մտադիր սեփական սոցցանցը թողարկել, վստահեցնում են արևմտյան տեխնոբլոգերները։ Նրանք նման եզրահանգման են եկել՝ տեսնելով The Verge կայքում տեղադրված Socl.com կայքի (պատկանում է Microsoft-ին) մի քանի արտապատկերները։ Դատելով այդ նկարներից՝ Socl-ը բավական նման է գոյություն ունեցող սոցցանցերին։

Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Microsoft-ը զբաղվում է սեփական սոցցանցի ստեղծմամբ։ Հուլիսին Socl.com կայքում հրապարակվել էր Tulalip սոցցանցի գլխավոր էջի մակետը։

Նկարագրությունում նշվում էր, թե Tulalip-ի օգտատերերը հնարավորություն կունենան «ավելի հեշտ որոնել այն, ինչ իրենց անհրաժեշտ է»։ Ավելի ուշ Microsoft-ը վստահեցրեց, թե Tulalip-ի մակետը պատահմամբ է հայտնվել կայքում, իսկ Socl.com-ը Microsoft Research ստորաբաժանման ներքին դիզայներական նախագիծն է, որը նախատեսված չէ մեծ լսարանի համար։

Ամենայն հավանականությամբ, Socl-ը չի ներկայացվի որպես Facebook-ի մրցակից կամ այլընտրանք, քանի որ որպես սոցցանց մուտք գործելու միջոց օգտագործվելու են Facebook-ի օգտահաշիվները։ Փորձագետների կարծիքով՝ բավական բարդ կլինի մարդկանց համոզել՝ ընդլայնել սոցցանցերի իրենց «հավաքածուն»։ Ընդ որում՝ նոր հնարավորություններ և ծառայություններ Microsoft-ի այս նախագիծը կարծես թե չի առաջարկում։

Մյուս կողմից, երբ Google-ը պատրաստվում էր թողարկել իր սոցցանցը, շատերը կրկին կասկածում էին, թե այն երբևիցե կյանքի կկոչվի։ Ընկերությունը, շատ ջանքեր գործադրեց՝ հանրությանը շփոթության մեջ գցելու համար։ Այժմ էլ Facebook-ի հետ նմանությունից խուսափելու նպատակով որոնողական հսկան նշում է, թե Google+-ը ոչ թե սոցցանց է, այլ հարթակ, որը թույլ է տալիս մեկտեղել սոցիալական տարբեր տարրերը։

Մեկնաբանել