Եվրոն չի փլուզվի

Վստահ է եվրոգոտու ճգնաժամի «հեղինակը»

Առաջիկայում եվրոպական միասնական արժույթի փլուզում չի լինի։ Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, հայտնի տնտեսագետ Մարտին Ֆելդշտեյնը, որը 14 տարի առաջ կանխատեսել էր եվրոգոտու ճգնաժամը։

Ֆելդշտեյնի կարծիքով՝ մոտ ապագայում եվրոգոտին չի փլուզվի, եթե անգամ Հունաստանը դուրս գա արժութային միությունից։ Մյուս կողմից՝ ըստ տնտեսագետի՝ երկիրն անտանելի վիճակում է հայտնվել։

Ֆելդշտեյնը, մեկնաբանելով դեռ եվրոգոտու ստեղծման տարիների իր այն միտքը, թե արժութային միության հիմքն անկայուն է, նշել է, որ սա պայմանավորված է չափազանց տարբեր տնտեսությունները բազային միևնույն տոկոսադրույքով և միասնական արժույթով միավորելու հանգամանքով։

Հատկանշական է, որ դեռ 1997թ. հայտնի տնտեսագետը հայտարարել էր, թե եվրոն ԵՄ-ում որոշակի պառակտումների պատճառ կդառնա, քանի որ միասնական արժույթը կառույցի անդամ երկրներում լարվածության և ազգայնականության տրամադրությունների աճի աղբյուր կդառնա։

Նշենք, որ նախօրեին Ստրասբուրգում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն խոստովանել էր, թե ԵՄ-ն առերեսվել է «համակարգային ճգնաժամի», որի հաղթահարման համար անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել բոլոր մակարդակներում։