Ազատվել Շարժման դեմ գործակցածներից

Հայաստանյան իրականության մեջ հարցն առաջին անգամ է բարձրացվում խորհրդարանական ամբիոն, հասարակական տարբեր ձևաչափերով այն արդեն քննարկվել է: Այնուամենայնիվ, կարելի է նկատել, որ այս հարցը քիչ է հուզում հայաստանյան հասարակությանը, ԽՍՀՄ, Խորհրդային Հայաստանի տարբեր մարմիններին ծառայելը դիտվում է սովորական, բարոյական երևույթ:

Այլ է վիճակն Արցախում: Կհասնի՞ արդյոք լյուստրացիան Արցախ, կլինե՞ն արդյոք քննարկումներ Խորհրդային Ադրբեջանի ՊԱԿ արցախցի աշխատակիցների և գործակալների գաղտնազերծման շուրջ: Ղարաբաղյան շարժումը, ազգային-ազատագրական պայքարը սկսելու ժամանակ ադրբեջանական տարբեր ծառայությունների հետ ի պաշտոնե գործակցող բազմաթիվ արցախցիներ կային, որոնք տարբեր աստիճանի մեղքեր են գործել շարժման գործիչների նկատմամբ:

Ինչպե՞ս պետք է վարվել այս անձանց հետ: Կախե՞լ ոտքերից: Բնավ: Այդ ժամանակներն անցել են: Ուղղակի չպետք է թույլ տալ այս անձանց՝ պետական պաշտոններ զբաղեցնեն, հատկապես ազգային անվտանգության ոլորտում: Կարելի է ուղարկել տուն՝ իրենց բախտակիցների հետ նարդի խաղալու, թոռնիկներին մեծացնելու կամ էլ ունեցած սրճարաններն աշխատացնելու:

Այսօր արդեն՝ ղարաբաղյան շարժման ակտիվ փուլ մտնելուց 23-24 տարի անց, Արցախում հայտնվում են հուշագրություններ, որտեղ զգուշությամբ խոսվում է այժմ պաշտոնավարող այս կամ այն անձի՝ շարժման ժամանակ խաղացած դերի մասին:

Արցախը փոքր երկիր է, և մարդիկ էլ զուրկ չեն հիշողություններից: Հոգեբանական խնդիր է: Ղարաբաղյան շարժման ժամանակ ընդդեմ ազգային-ազատագրական պայքարի Ադրբեջանի հետ գործակցած անձինք նույնպես զոհեր են, սա մի մեծ դժբախտություն է, որը սկիզբ է դրվել Արցախը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելով: Մարդկային այս դժբախտությունը միայն մենք չէ, որ ապրում ենք կամ ապրել ենք:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամբողջ Եվրոպայում կոլաբորացիոնիստների և ֆաշիստների հետ համագործակցած այլ ուժերի դեմ սկսվեց մարգինալացման պրոցես՝ կործանելով բազմաթիվ ընտանիքներ և մեծ վերքեր թողնելով մարդկային հարաբերություններում:

Անձինք, ովքեր դեմ են եղել Շարժմանը, այսօր էլ բնազդորեն թշնամաբար են տրամադրված Շարժման արդյունք Արցախի Հանրապետության և այդ Շարժման համար անձնվեր պայքարած անձանց նկատմամբ: Էլի հոգեբանական խնդիր է: Իրենց նվաստացած վիճակի դեմ ծառանալու ռեֆլեքս:

Պատկերացրեք նաև այն երիտասարդ, իր աշխատանքի կամ ծառայության նկատմամբ հարգանքով ու ակնածանքով վերաբերվող անձին, որի ղեկավարը պատկանում է Ադրբեջանի հետ համագործակցածների կատեգորիային:

Եվ հատկապես պատկերացրեք իր կյանքը Շարժմանը նվիրած և համեստ թոշակով ապրող այն արցախցուն, ով իր դեմ և հանուն Ադրբեջանի գործած անձին տեսնում է բարձր պաշտոնի: Սա ազգային ոգին սպանելու ամենահեշտ տարբերակն է: Ոգին սպանել պետք չէ, այն դեռ մեզ պետք է: Հետևաբար պետք է ազատվել Ադրբեջանի հետ ընդդեմ Շարժման գործակցած անձանցից: Հանուն ապագայի: Հանուն նոր սերունդների ճիշտ դաստիարակության: 

Մեկնաբանել