Վիրահատում են ստվերում

Հատկանշական է, որ Հայաստանի խոշոր գործատուներից է առողջապահության ոլորտը։ Այսպես՝ այս տարվա ինը ամիսների կտրվածքով 100-ից ավելի աշխատատեղ ունեցող 419 ընկերություններից 81-ը կամ 20%-ը ներկայացնում է առողջապահության ոլորտը:

419 ընկերությունների ընդհանուր 153 հազ. աշխատատեղի 23,4 հազ-ը (15%) բաժին է ընկել հենց բժշկական հաստատություններին։ Չնայած դրան՝ 81 առողջապահական ընկերություններից ընդամենը ինն են ընդգրկվել 1000 խոշոր հարկատուների ցանկում, որոնք միասին վճարել են մոտ Դ1 մլրդ-ի հարկեր։

Բժշկական հաստատությունների վճարած հարկերի և աշխատակիցների թվաքանակից կարելի է ենթադրել, որ այս ոլորտում առկա է բավական լուրջ ստվեր կամ աշխատանքի անարդյունավետություն։

Հարկերի վճարման առումով անհավասարություններ կան աշխատակիցների գրեթե միևնույն թիվն ունեցող բուժհաստատությունների միջև: Օրինակ՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը, որն առողջապահական կազմակերպությունների շարքում ամենախոշոր գործատուն է (1434 աշխատակից), 2,5 անգամ ավելի քիչ հարկ է վճարել՝ Դ101,5 մլն, քան Էրեբունի բժշկական կենտրոնը, որն ունի 1297 աշխատող և վճարել է Դ252 մլն-ի հարկեր։

Շենգավիթի բժշկական կենտրոնը, որն ունի 314 աշխատակից, վճարել է այնքան հարկ (Դ64,5 մլն), որքան 963 աշխատակից ունեցող Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը (Դ64,6 մլն):

Ս.Վ. Մալյանի անվան ակնաբուժական կենտրոնը, ունենալով 233 աշխատակից, վճարել է Դ86 մլն-ի հարկ կամ Դ5 մլն-ով ավելի, քան «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը, որտեղ աշխատում է 1106 հոգի։

Եթե հաշվի առնենք, որ բժշկական հաստատությունների վճարած հարկերի ավելի քան 70%-ը բաժին է ընկնում ուղղակի հարկերին, որոնցում գերակշռում է եկամտահարկը, ապա վճարված հարկերից ստացվում է, որ խոշոր բժշկական կենտրոններում միջին աշխատավարձերն ավելի ցածր են, քան մյուս հաստատություններում։

Մյուս կողմից՝ վճարված հարկերի ծավալը խոսում է բուժհաստատություններում առկա ստվերի և այն մասին, որ այնտեղ իրական շրջանառությունը պարզապես չի ֆիքսվում։

2012թ. Կառավարությունը նախատեսում է Դ101 մլրդ հավելյալ մուտքեր ապահովել պետբյուջե: Առողջապահությունը թերևս այն ոլորտն է, որտեղ Կառավարությունն իսկապես անելիք ունի: 

Մեկնաբանել