Շինոլորտի անկումը կշարունակվի

Կենտրոնական բանկի հրապարակած 2011թ. նոյեմբեր ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ արձանագրությունում նշվում է, որ 2011թ. սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9%, որի պարագայում հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի տնտեսական ակտիվությունը կազմել է 6,4%:

Ըստ ԿԲ-ի՝ աճն ամբողջությամբ արդյունք է տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ շինարարության, արձանագրված թողարկման ծավալների աճի: «Շինարարության թողարկման ծավալների 20%-ով անկման պատճառը նախորդ տարվա համեմատությամբ միջազգային վարկերի, կազմակերպությունների և բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների կրճատումն է, որը փոքր-ինչ մեղմվել է պետական բյուջեի, համայնքների միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների աճով»,– նշված է արձանագրությունում։

Նշենք, որ Կառավարությունն այս տարվա համար շինոլորտի մասով բավական լավատես էր և ակնկալում էր, որ ճյուղը կաճի շուրջ 2%-ով, իսկ ճյուղի վերականգնումը 2011թ. կլինի աստիճանական՝ պայմանավորված տնտեսության կառուցվածքային փոփոխություններով:

Անցած տարվա Կառավարության լավատեսությունը շինոլորտի մասով որոշակիորեն նվազել է, և գալիք տարվա բյուջեի նախագծի բացատրությունում նշվում է, որ շինարարության ճյուղում տարեվերջին կգրանցվի անկում՝ շուրջ 4%:

Չնայած Կառավարությունը փորձով ապացուցել է, որ այնքան էլ լավ չէ կանխատեսելու գործում, այդուհանդերձ նորից կանխատեսում է, որ 2012թ. ճյուղում կարձանագրվի 2,5% աճ, որը հիմնականում պայմանավորված կլինի ավելի արտադրողական ներդրումներով և կնախանշի տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններին նպատակաուղղված տնտեսական նոր քաղաքականության ուղղությունը։

Նշենք, որ այս տարվա ինը ամիսներին շինարարության 45%-ն իրականացվել է կազմակերպությունների միջոցներով, մոտ 20%-ը՝ պետբյուջեի հաշվին, իսկ բնակչության հաշվին կատարվել է աշխատանքների 14,5%-ը։ Թեև պետբյուջեի հաշվին կատարված աշխատանքների ծավալը ընդհանուր շինարարությունում անցած տարվա ինը ամիսների համեմատ ավելացել է մոտ 5-տոկոսային կետով, գումարային արտահայտությամբ տեղի է ունեցել նվազում։ Եթե անցած տարվա ինը ամիսներին պետբյուջեի հաշվին կատարվել էր Դ53,3 մլրդ-ի շինարարություն, այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ծավալը կազմել է Դ52,3 մլրդ։

Ըստ էության՝ Կառավարությանն այդպես էլ չի հաջողվում վերականգնել շինոլորտը։ Մյուս կողմից՝ շինոլորտի անկումը Կառավարությանը ձեռնտու է, քանի որ ոլորտի անկումը բերում է նրա տեսակարար կշռի նվազմանը ՀՆԱ-ում, ինչը նրան հնարավորություն է տալիս հայտարարել տնտեսության դիվերսիֆիկացման մասին և հպարտությամբ նշել, որ 2010թ.շինարարության ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 17,1%, այն դեպքում, երբ 2008թ. դրա մասնաբաժինը կազմում էր 25,3%-ը։ 

Մեկնաբանել