Մեր երաժշտությունը նոր շունչ է Եվրոպայում

Համերգին ջութակահարը ներկայացրեց Արամ Խաչատրյանի հանրահայտ ջութակի կոնցերտը, որն այս գործիքի համար գրված լավագույն ստեղծագործություններից մեկի համարում ունի։

Դահլիճում հավաքված երիտասարդ հանդիսատեսն այնքան ոգևորված էր Մադոյանի էմոցիոնալ կատարմամբ, որ կոնցերտը մի քանի անգամ ընդհատվեց բուռն ծափողջույններով: Իբրև բիս Մադոյանը Պագանինիի թիվ մեկ «Կապրիսը» կատարեց:

Համերգի ավարտից հետո «Օրակարգ»-ի թղթակիցը զրուցել է ջութակահարի հետ:

-Ինչպե՞ս ստացվեց, որ մեկնեցիք Հայաստանից։

-Երբ 13 տարեկան էի, իմ կատարումը լսեց Զախար Բրոնը, որը ջութակի լավագույն ուսուցիչներից է համարվում: Նա ինձ հրավիրեց Նովոսիբիրսկ՝ ուսանելու իր մոտ: Երեք տարի անց ես մեկնեցի Գերմանիա Բրոնի ընտանիքի և մյուս ուսանողների՝ Վադիմ Ռեպինի, Մաքսիմ Վենգերովի և Նատալյա Պրիշեպենկոյի հետ միասին։

-Դուք զարմանալի ուսուցիչներ եք ունեցել՝ հռչակավոր Զախար Բրոնը, ժամանակակից մեծագույն ջութակահար Իսահակ Ստերնը։ Ո՞ւմ եք առանձնահատուկ հիշում, ո՞ւմ ավանդն էր ամենակարևորը։

-Շատ շնորհակալ եմ Հրաչյա Բոգդանյանին, որի մոտ դեռ Երևանում եմ ուսանել։ Զարմանալի մարդ էր, զգայուն մանկավարժ: Ես առհասարակ շատ հաջողակ եմ այդ հարցում: Իմ ուսուցիչները երբեք չեն փորձել ճնշել իմ անհատականությունը, ընդհակառակը՝ թողնում էին՝ զգացածս կատարեմ:

Իմ կարծիքով՝ այսպիսի մոտեցումը մանկավարժության մեջ ամենաարդյունավետն է: Ստերնի հետ մենք նույնիսկ համատեղ համերգներ ենք ունեցել: Միասին նվագել ենք վարպետության կուրսերի ժամանակ: Նրա հետ ծանոթությունը մեծ դեր խաղաց իմ կյանքում: Նա ինձ համար նոր հորիզոններ բացահայտեց։

-Դուք հայտնի եք իբրև ժամանակակից ամենաէմոցիոնալ կատարողներից մեկը։ Միևնույն ժամանակ, չափազանց բարդ ստեղծագործություններ եք կատարում, ծանր ծրագրերով հանդես գալիս։ Ո՞րն է Ձեզ համար առավել կարևոր՝ վիրտուոզ տեխնիկա՞ն, թե՞ էմոցիոնալ ընկալումը։

-Տեխնիկան հնարավորություն է տալիս բացահայտել ստեղծագործության գեղարվեստական էությունը: Այն ինքնանպատակ չէ, այլ պարզապես գործիք: Ինձ համար ամենագլխավորը ստեղծագործության գեղարվեստական մարմնացումն է, ինչը հնարավոր է միայն, եթե երաժշտությունը քո միջով ես անցկացնում:

-Ինչպե՞ս եք Ձեր համերգների ծրագիրը կազմում, ո՞րն է ընտրության չափանիշը։

-Ծրագիր կազմելիս աշխատում եմ ընդհանուր պատկեր ստանալ, փորձում եմ համադրել համահունչ ստեղծագործություններ կամ ստեղծագործություններ, որոնք կապված են թեմատիկայով, ժամանակաշրջանով: Մեծ դեր է խաղում նաև ինտուիտիվ զգացողությունը: Հաճախ եմ շարքեր կատարում։

-Ժամանակակից երաժշտություն կատարո՞ւմ եք։

-Հիմնականում հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններն եմ կատարում, հատկապես արտերկրում: Սարյանի, Բաբաջանյանի, Երկանյանի ստեղծագործությունները մեծ տեղ են զբաղեցնում իմ երկացանկում: Համարում եմ, որ անհրաժեշտ է հայկական երաժշտությունը ներկայացնել աշխարհին:

Վերջերս Բեռլինում Էդվարդ Միրզոյանի «Ինտրոդուկցիա և հավերժական շարժում» ջութակի և նվագախմբի համար կոնցերտը կատարեցինք: Համերգը մեծ հաջողություն ունեցավ, շատերը ցանկություն հայտնեցին հնարավորինս հաճախ հայկական կոմպոզիտորների ստեղծագոծություններ լսել: Մեր երաժշտությունը նոր շունչ է Եվրոպայում, և ինձ շատ է ոգևորում այդ փաստը:

-Ի՞նչ ծրագրեր ունեք, ե՞րբ կրկին հնարավորություն կունենանք Ձեր կատարումը լսել։

-Մոտակա ծրագիրը Իտալիայի հետ է կապված: Համերգային շրջագայության ընթացքում կկատարեմ Մենդելսոնի ջութակի կոնցերտը: Այնուհետև կմեկնեմ Դանիա, որտեղ ֆրանսիացի ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությունը կներկայացնեմ: Իսկ փետրվարին պատրաստվում եմ կրկին հանդես գալ Հայաստանում պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Հուսով եմ՝ կստացվի: 

Մեկնաբանել