Վաստակե՛լ, ոչ թե ժառանգել

Մեծահարուստներն ունեցվածքը նախընտրում են հիմնադրամներին փոխանցել

Ներկայում Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի մեծահարուստների մոտ 4%-ը նպատակահարմար չի գտնում կարողությունը ժառանգել հաջորդ սերնդին։ Այսպիսի եզրահանգում է պարունակում խոշոր կարողությունների կառավարման Barclays Wealth ընկերության (կառավարում է 169,5 մլրդ ֆունտ ստեռլինգի ակտիվներ) և բրիտանական Ledbury Research գործակալության համատեղ հարցումը։ Այն անցկացվել է Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Մերձավոր Արևելքի 20 երկրի 2000 քաղաքացու շրջանում, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 1 մլն ֆունտ ստեռլինգը։

Առանց վստահության

Հարցման տվյալները վկայում են, որ աշխարհում մեծահարուստների շուրջ 1/3-ը (34%) կուտակած հարստությունը կամ անձնական բիզնեսի կառավարումը չի վստահում անգամ մերձավոր հարազատներին։ Հարցման մասնակիցների մեծ մասը խոստովանել է, որ կարողության պահպանման շուրջ լուրջ մտավախություններ ունի։ Ավելին՝ ըստ հարցման, մեծահարուստ ընտանիքների 40%-ում վեճերի հիմնական պատճառը գումարն է ու կարողության բաժանումը։ Սրանով է պայմանավորված նաև այն, որ հարցվածների 69%-ը՝ մեկ, իսկ 26%-ը՝ ավելի քան երեք անգամ փոխել է իր կտակը և հիմնական ժառանգորդի անունը։

Ռիսկի խումբ

Մեծահարուստների հիմնական մտահոգությունները կապված են երիտասարդ ժառանգների հետ։ Այսպես՝ ծնողների 29%-ը ընտանեկան կապիտալը երիտասարդների համար «անպետք բեռ» է համարում՝ վստահ լինելով, որ սեփական ուժերով վաստակած գումարները մարդուն ավելի երջանիկ են դարձնում՝ ժառանգություն ստացած կապիտալի համեմատ։ Հնդկաստանում այս տեսակետին կողմ է հարցվածների 50%-ը, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում՝ 35%-ը։ Չնայած այս ամենին՝ հարուստների մեծ մասը մտածում է ակտիվներն ինչ-որ մի պահի երիտասարդ ժառանգներին փոխանցելու մասին։

Դո՛ւրս կտակից

Հատկանշական է, որ հարցվածների 4%-ը հարկ չի համարում ժառանգել ունեցվածքը։ Ընդ որում՝ այս մոտեցման ամենամոլի հետևորդները ճապոնացիներն են (11%)։ Մեծ Բրիտանիայում և Սաուդյան Արաբիայում մեծահարուստների միայն 6%-ն է մտադիր կապիտալը փոխանցել ժառանգներին։

Հիշեցնենք, որ կուտակած գումարների մեծ մասը բարեգործական հիմնադրամներ ուղղորդելու մասին հայտարարել են Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը և ամերիկացի հայտնի ներդրող, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը։ Գեյթսը մտադիր է իր երեխաներին ժառանգել սեփական կարողության ընդամենը 0,02%-ը։

Ի դեպ՝ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում գործում են անգամ հատուկ մասնագիտացած հիմնադրամներ, որոնք երիտասարդներին օգնում են ձևակերպել ժառանգության նկատմամբ իրենց իրավունքները։

Մեկնաբանել