Մեր ամենաթանկ կապիտալը

Սփյուռքի մեր հայրենակիցների համար Հայաստանի և հատկապես Արցախի շուրջ հսկայական էմոցիոնալ դաշտ է ձևավորվել, ինչը վերածվում է տարեկան տասնյակ միլիոն դոլարների օգնության, «հայրենասիրական» ներդրումների, անձնվեր գործունեության հայանպաստ տարբեր խմբերում: Հենց այս էմոցիոնալ դաշտն էլ մեր ունեցած ամենաթանկ կապիտալն է: Այս թեմայով մասնագիտացածներն ասում են, որ Հայկական սփյուռքի ներուժն անհամեմատ մեծ է, և որ այդ ներուժի ճիշտ օգտագործումը թույլ կտար մեզ հայրենիքի տարածքում «հայկական դրախտ» կառուցել:

Այդ դեպքում՝ ինչո՞ւ չունենք այդ դրախտը: Ինչո՞ւ են ամեն տարի Արցախի աշխարհիկ ու հոգևոր ղեկավարները հեռուստաէկրաններից խղճուկ դեմքեր ընդունում՝ խոսելով Արցախի ջրազուրկ համայնքների կամ վերականգնվելիք շրջանների մասին: Ինչո՞ւ ենք մենք ամեն անգամ հուզվում Սփյուռքի որևէ հայկական դպրոցի սաների կատարած փոքրիկ նվիրատվությունից:

Ախր, պետությունը մենք ենք, այդ մենք պետք է գումարներ տրամադրենք օտար միջավայրում իրենց հայության համար մաքառող մեր հայրենակիցներին: Կարծես թե ամեն ինչ շրջվել է: Միգուցե կենսունակ պետություն չե՞նք, այլ խղճուկ մի գոյացություն, աֆրիկյան մի թերզարգացած հասարակություն, որը միայն հումանիտար օգնության շնորհիվ է կարողանում գոյատևել:

Ինչո՞ւ մեր տնտեսությունում բազմամիլիարդանոց ներդրումներ չկան Սփյուռքից: Մի՞թե այդքան անտարբեր է Սփյուռքը հայրենիքի տնտեսական հզորացման նկատմամբ: Պարզվում է, որ այդպես չէ: Վերջերս հայաստանյան մի շարք փաստաբաններ խոսեցին սփյուռքահայ բարեգործների ու ներդրողների նկատմամբ ՀՀ-ում և Արցախում կատարված մեքենայությունների մասին, որոնց թալանել ու խաբել են, դատարաններն էլ չեն պաշտպանել տուժածներին:

Փաստաբանները Սփյուռքի ներդրողների իրավունքների պաշտպանության նախաձեռնությամբ են հանդես եկել: Ի վերջո, մենք էլ որ նայենք շուրջներս, այդպիսի բազմաթիվ դեպքերի ականատես կլինենք:

Պետք է փոխել Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների տրամաբանությունը: Սփյուռքը ողորմություն խնդրելու վայր չէ, այն հայության շտեմարան է, որից պետք է կարողանանք առավելագույնս օգտվել՝ հայրենիքը շենացնելու համար: Շուշիին ոչ թե 15 միլիոն դոլար է պետք, այլ 15 ակտիվ, նախաձեռնող, ձեռներեց երիտասարդ, որոնք կգան, կստեղծեն աշխատատեղեր, կպայքարեն իրենց ու իրենց շրջապատողների իրավունքների համար, կբերեն նոր մշակույթ ու գիտելիքներ, կոգևորեն տեղում ապրողներին:

Այդ դեպքում 15 միլիոն չէ, 150 միլիոն կունենանք: Ինչպես Արցախում երկար ժամանակ ապրած, ամերիկահայ ակտիվիստ Արա Մանուկյանն է նկատել, մարդասիրական օգնությունը Հայաստանի բնակչության շրջանում կախվածություն է առաջացնում բարեգործական ողորմության նկատմամբ, իսկ կառավարության մոտ՝ իր սեփական գործառույթները պատշաճ կատարելու ալարկոտություն:

Արցախյան «Անալիտիկոն» ամսագրի խմբագիր Գեղամ Բաղդասարյանն էր կոչ անում՝ «դրամահավաքի փոխարեն ուղեղահավաք է պետք, մարաթոնի փոխարեն՝ գաղափարաթոն՝ ժողովելու լավագույն գաղափարներն ու ծրագրերը, դրանց հեղինակներին և մտածել կյանքի կոչելու ուղղությամբ»:

Սա պետք է լինի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական գործառույթը: 

Մեկնաբանել