Ընդդիմությունը պետք է հետևություններ անի Իջևանից

-Պրն Վարդանյան, նոյեմբերի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատեց իր հրաժարականի դիմումը, իսկ մինչ այդ, հատկապես ընդդիմադիր մամուլում, լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ԱԺ-ում կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են համոզել Հովիկ Աբրահամյանին, որ նա չերկրորդի իր հրաժարականի դիմումը, և եթե նման բան տեղի ունենար, ապա ի դեմս Հովիկ Աբրահամյանի՝ կստեղծվեր ԲՀԿ-ի հետ երկրորդ կոալիցիա, որը կսկսեր արդեն առաջիկա համապետական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատել ընդդեմ Հանրապետական կուսակցության։ Գործող իշխանական կոալիցիայի տրոհման նման սցենար հավանական համարո՞ւմ եք, եթե հաշվի չառնենք, որ Հովիկ Աբրահամյանն արդեն երկրորդել է իր դիմումը։

-Անկեղծ ասած՝ հավանական չեմ համարում կամ շատ քիչ հավանական եմ համարում (այդ հավանականությունը գրեթե զրոյի է հավասար), որովհետև ես կարծում եմ, որ ներկայիս ռեժիմի բնույթն այնպիսին է, որ նման պառակտումը որևէ մեկին ձեռնտու չէ, և դա շատ ու շատ ռիսկային քայլ կլինի որևէ խմբի, խմբակցության, ուժի կամ խմբավորման կողմից: Չեմ կարծում, որ խաղի կանոններից որևէ մեկը դուրս գա, կամ սկսվի մեկը մյուսի դեմ ակնհայտ պայքար. դրանով ինքնաոչնչացման որոշակի գործընթաց կսկսվի։ Խնդիրը սա է։

-Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձում է իր կողմը գրավել և´ ընդդիմադիր կուսակցություններին, և´ իշխանությանը։ Ինչո՞ւ է ԲՀԿ-ն այսօր այդքան պահանջարկված։

-Այսօր ես մի փոքր վերապահումով եմ մոտենում այդ բոլոր խոսակցություններին, որ ԲՀԿ-ին ուզում են իրենց կողմը քաշել, որ ուզում են անպայման պահել իրենց ձեռքերում և բաց չթողնել և այլն: Կարծում եմ՝ մի փոքր հնարածին գաղափար է դա։ Չեմ կարծում, որ իրականում կա նման վտանգ, որ ԲՀԿ-ն կարող է դուրս գալ իշխանությունից և անկախ քաղաքականություն վարել և այլն։ Այդպիսի ռեսուրս չկա։ Այդպիսի հնարավորություններ իշխանության ներսում, կարծում եմ, գոյություն չունեն։

-Սակայն հասարակության վստահությունը ԲՀԿ-ի նկատմամբ կարծես բավական բարձր է: Ապացույցը՝ իջևանյան ընտրությունները։

-Գիտե՞ք, այստեղ այդքան էլ միանշանակ չէ վստահության մակարդակի առումով։ Հիմնականում, տեսե՛ք, ինչ գործոն է դեր խաղացել իջևանյան ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի հաղթանակի գործում։ Եղել են, ըստ էության, անայլընտրանքային ընտրություններ, և կարելի է ասել, որ ուղղակի իշխանության ներսում ինչ-որ մի թիմ լավ է աշխատել, և այդ թիմն է հաջողության հասել՝ օգտագործելով հանրության դժգոհությունը իրավիճակից, գործող քաղաքապետից և այլն։

Սա կարողացել են փաստորեն օգտագործել ԲՀԿ-ի ներկայացուցիչները և հաղթանակ տանել։ Երկրորդ վարկածն այն է, որ շատ հնարավոր է՝ ի սկզբանե եղել է նման պայմանավորվածություն: Սա մտնում է նոր թիմի ձևավորման տրամաբանության շրջանակում, այն, ինչ որ եղավ։

Կարծում եմ, որ ոչ թե կուսակցությունների միջև է այս պայքարը եղել, այլ որոշակի խմբերի, թիմերի միջև: Եվ իշխանությունը, ոչ թե Հանրապետական կուսակցությունը կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այլ ընդհանուր առմամբ՝ իշխանությունը, փորձում է ազատվել կոնկրետ մարդկանցից, որոնք կա՛մ սեփական ամբիցիաներն ունեն, կա՛մ չափից ավելի վարկաբեկել են իրենց, և նման մարդկանցով առաջ գնալը հղի է շատ անկանխատեսելի գործընթացների առաջացմամբ։

Կարծում եմ, որ կոնկրետ այս դեպքում, ըստ երկրորդ վարկածի, հնարավոր է, որ Իջևանի ներկայիս քաղաքապետից պարզապես ցանկացել են ազատվել, քանի որ դա ոչ մի լուրջ քաղաքական, գլոբալ խնդիր չէր առաջացնի Հանրապետական կուսակցության համար: Ինչ-որ տեղ նաև ձեռնտու էր միջազգային հանրության կամ թեկուզ հենց Հայաստանի հասարակության ներսում զգացողություն առաջացնելու, որ ոնց որ թե մրցակցություն է սկսվել, ոնց որ թե պայքար կա, հավասար ինչ-որ պայմաններ կան: Դեմոկրատական իմիջի ձևավորման առումով բավական դրական քայլ էր։ Ի՞նչ է վերջիվերջո կորցնում Հանրապետական կուսակցությունը, եթե Իջևանի քաղաքապետը լինում է մեկ այլ իշխանական կուսակցության ներկայացուցիչ…

-Հասարակական տրամադրություններն են փոխվում Հանրապետականի նկատմամբ։

-Որոշակիորեն, իհարկե, կարող ենք ասել, որ հասարակությունը մտածում է, որ ա՛յ, տեսեք, Հանրապետական կուսակցությունն անպարտելի չէ, բայց մյուս կողմից էլ՝ հասարակությունը տեսնում է, որ միևնույն է, իշխանությունն է հաղթում, և վերջիվերջո հասարակությունը նաև տեսնում է, որ որոշակի կոսմետիկ բարեփոխումներ են ընթանում, և ակնհայտ է, որ իշխանությունները հին մեթոդներով չեն պատրաստվում շարունակել երկրի կառավարումը, և դա մտնում է այդ տրամաբանության մեջ: Այսինքն՝ այնքան միանշանակ չէ, որ հասարակությունը կտեսնի, որ ՀՀԿ-ն թուլանում է, պարտվում է և այլն: Հասարակությունը նույն կերպ կարող է մտածել, որ սա ինչ-որ ներքին խաղ է, օրինակ՝ ռեյտինգ բարձրացնելու:

Ինչ վերաբերում է Իջևանի ընտրություններին, փաստացիորեն բոլորն ընդունում են, որ ընտրությունների ժամանակ կոպիտ, աղաղակող խախտումներ չեն եղել, որևէ մեկը չի ասել, թե լցոնումներ եղել են, կամ ընտրացուցակում այլ թվեր են, արդյունքում բռնություններ չեն եղել: Բայց բնակչության 60%-ը գնացել է ընտրության, և նրանց մի մասն իր ձայնը տվել է ՀՀԿ-ին, մյուս մասը՝ ԲՀԿ-ին, այսինքն՝ իշխող կոալիցիային, այն դեպքում, երբ աղաղակող, կոպիտ խախտումներ չկան:

Սա պետք է մտահոգի ընդդիմադիր հանրությանը. փաստորեն այն քարոզը, թե ինչպես կարելի է ավազակապետությանն աջակցել, քվեարկել նրա օգտին… ստացվում է, որ հասարակությունն այդքան էլ չի մտափոխվել, չի փոխել իր որոշումները, սուր բողոք, սուր հակազդեցություն չունի:

-Այսինքն՝ ընդդիմությունը Իջևանի ընտրություններից հետևություններ անելու խնդի՞ր ունի:

-Այո՛, միանշանակ։ 

Մեկնաբանել