Հայաստանի ու Վրաստանի առաջընթացի վիզուալ (և ոչ միայն) տարբերությունը կարելի է զգալ ընդամենը մի քանի մետրի վրա՝ հայկական մաքսակետից անցնելով վրացականը:
Նոյեմբերի 18-19-ը Բաթումում կայացած հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստում Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանը և Նիկա Գիլաուրին քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները՝ անդրադառնալով Հայաստանի մաքսակետերի արդիականացմանը և Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությանը:
Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ սահմանային անցակետերի հարցերը պետք է այնպես կազմակերպել, որ քաղաքացիների անհարմարավետությունը հասցվի նվազագույնի։ Նիկա Գիլաուրին իր հերթին ասել է, որ Երևանն ու Թբիլիսին քննարկում են հայկական և վրացական սահմանային անցակետերի աշխատանքը միասնական դարձնելու ծրագիրը:
«Այդպիսի նախագիծ արդեն իրականացրել ենք վրաց-թուրքական սահմանին՝ Սարփիում, և համոզվել ենք, որ դա շատ արդյունավետ է: Կրկնակի կրճատվում է սահմանն անցնողների ժամանակի ծախսը: Երկու անգամ սահմանը հատելու փոխարեն կանցնեն մեկ անգամ: Նույն ծրագիրն ուզում ենք իրականացնել հայ-վրացական սահմանին»,– ասել է Վրաստանի վարչապետը:
Սահմանային մաքսակետերի համատեղ օգտագործման ծրագրի մասին Վրաստանի վարչապետը հայտարարել էր նաև տարեսկզբին՝ նշելով, որ անցակետերի համատեղ օգտագործման վերաբերյալ առկա է քաղաքական որոշում: Վերջին երեք տարիներին Վրաստանը մեծ փորձ է կուտակել ճանապարհաշինության բնագավառում միջազգային կառույցների հետ աշխատանքում: Ըստ Գիլաուրիի՝ Վրաստանը պատրաստ է այդ փորձը կիսել Հայաստանի հետ: Արդեն տարեվերջ է, բայց այս ուղղությամբ ո՛չ հայկական, ո՛չ վրացական կողմից շարժ չկա:
Տարեսկզբին Երևանում Վրաստանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը վարչապետ Սարգսյանը նշել էր, որ հայ-վրացական սահմանը հատելիս առկա է երկու խնդիր. առաջին՝ Հայաստան մուտք գործող ցանկացած ավտոմեքենա պետք է ձեռք բերի ապահովագրական պոլիս (ԱՊՊԱ), երկրորդ՝ Վրաստանում ճանապարհների պահպանման նպատակով բեռներով լի բեռնատար ավտոմեքենաներից 2011թ. հունվարից գանձվում են տուրքեր։
Սակայն այս խնդիրների հետ մեկտեղ ինչպես տարեսկզբին, այնպես էլ այսօր որպես հիմնական խնդիրներ մնում են հայկական կողմի մաքսակետերի ոչ բարվոք վիճակը և ժամանակատար ու ռեսուրսատար վարչարարությունը: Օրինակ՝ Բագրատաշենի մաքսակետում հերթերի պատճառով սահմանն անցնելու համար մարդիկ ստիպված են սպասել բացօթյա պայմաններում, իսկ վրացական մաքսակետում՝ շատ ավելի արագ և քաղաքակիրթ պայմաններում:
Հայաստան մտնող և՛ մարդատար, և՛ բեռնատար, և՛ նոր գնված մեքենաների, ինչպես նաև հետիոտն քաղաքացիների սպասարկման համար գործում է ընդամենը մեկ անցակետ, այն դեպքում, երբ վրացական կողմում գործում են մուտքի և ելքի չորսական անցակետեր:
Սակայն առավել կարևոր է բյուրոկրատական քաշքշուկն ու դրան ուղեկցող դրամաշորթությունը: Օրինակ՝ հայկական մաքսակետում մեկ մեքենայի մաքսազերծումը կարող է տևել միջինը 3-5 ժամ, քանի որ մուտքի անցագիր ստանալուց հետո հարկավոր է անցնել մաքսատան մի խումբ աշխատակիցների ընթացակարգը: Արդյունքում մաքսատան տարածք մուտք գործելուց մոտ մեկուկես ժամ հետո հերթը հասնում է բրոքերական ծառայությանը: Նման արարողակարգերին գումարվում են բարձր մաքսատուրքը և Դ35 հազ. արժեքով բրոքերական ծառայությունը:
Հայաստանի մաքսակետերը սպասարկման որակով և արագությամբ էապես տարբերվում են վրացականից, որտեղ փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է մի քանի րոպեում, ընդ որում՝ ոչ միայն վրացիների, այլև բոլոր երկրների քաղաքացիների և բեռնատարների համար:
Ի դեպ, նախատեսվում էր 3 սահմանակետերի՝ Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը հայտարարել աշնանը, ինչի արդյունքում շինարարական աշխատանքները հնարավոր կլիներ սկսել նոյեմբերին, իսկ գործընթացն ամբողջությամբ՝ իրականացնել 2012թ. ընթացքում: Սակայն մինչ այսօր զգալի տեղաշարժներ չեն նկատվում: