Նավթ ու ջուր՝ Ջամահիրիայի իդեալների փոխարեն

Հա՞րկ է արդյոք ակնկալել, որ ԱԱԽ-ի գլխավոր թշնամու գերեվարումից հետո կադաֆիական դիմադրությունը Լիբիայում կսկսի մարել: Նման հարցադրմամբ է հանդես գալիս ռուսական «Իզվեստիա» թերթը և պատասխանում. «Ընդհակառակը։ Այն կարող է ավելի սաստկանալ։

Սակայն այժմ կադաֆիական դիմադրությունը կիրականացվի ոչ թե գնդապետի դրոշի ներքո, այլ միջցեղային մակարդակում։ Ե՛վ Կադաֆին, և՛ նրա որդին միայն խորհրդանիշ էին։ Այժմ պատերազմ կմղվի ոչ թե հանուն Ջամահիրիայի իդեալների, այլ հանուն իշխանության, նավթի ու ջրի։ Լիբիայում տիրող քաոսը շարունակվում է, և իշխանության համար պայքարը է՛լ ավելի կսրվի, բայց այժմ կարգախոսներն այլ կլինեն»։

Լիբիայի նոր իշխանությունները որոշել են, որ Սեյֆ ալ Իսլամին Հաագային չեն հանձնի, այլ կդատեն հայրենիքում։ Առաջիկա օրերին Բենղազի և Տրիպոլի պետք է այցելի Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Ձևականորեն նա կպահանջի Կադաֆիի որդու արտահանձնում Հաագային, սակայն իրականում Արևմուտքը չի ցանկանում ներգրավվել այս բարդ ու հակասական գործընթացում, որը կարող է շատ երկար ձգվել։

ԱԱԽ-ի ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ ձերբակալության ժամանակ Սեյֆ ալ Իսլամն իր ազատության դիմաց Լիբիայի նոր իշխանություններին $2 մլն էր առաջարկել, սակայն առաջարկը մերժվել էր։ Ինչո՞ւ։ Եթե Կադաֆիի որդու ձերբակալությունից հետո իրավիճակը երկրում գոնե մասամբ կարգավորվի, նոր իշխանություններն այդ միլիոնները ձեռք կբերեն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում՝ շնորհիվ նավթի։

Փողերն այժմ առանձնապես դեր չեն խաղում Լիբիայի նոր իշխանությունների համար, առավելևս, որ գանձարանը կարող է համալրվել նաև Մուամար Կադաֆիի՝ Արևմուտքում սառեցված միջոցների հաշվին։ ԱԱԽ-ի համար այժմ կարևորը ցույց տալն է, որ ազգային հաշտեցման հեռանկարներ կան։ Անկյունաքարերից մեկը հենց պետք է դառնա Սեյֆ ալ Իսլամի դատավարությունը։