Սահմանային լոբբինգ

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակում Երևանում երեկ մեկնարկել է հայ-թուրքական երկօրյա գործարար համաժողով: Միջոցառման ընթացքում հայ և թուրք գործարարները փաստաթուղթ ստորագրեցին, որով նախատեսվում է երկու երկրների արդյունաբերողների միջև կապերի աշխուժացում, ինչպես նաև գործարար կառույցների լոբբինգ հայ-թուրքական սահմանի բացման հարցում:

Գործարար համաժողովին մասնակցում են ավելի քան 120 գործարար, որոնցից 70-ը՝ Հայաստանից, մնացածը՝ Թուրքիայից՝ Ստամբուլից, Անկարայից, Իգդիրից, Դիարբեքիրից, Կարսից, որոնք ներկայացնում են տուրիզմի, տրանսպորտի, թեթև արդյունաբերության, շինարարության, կահույքագործության, ոսկերչության, առևտրի և այլ ոլորտներ:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ (ՀԱԳՄ) Արսեն Ղազարյանը համաժողովի բացմանը կարևորեց այն, որ անգամ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Թուրքիայի տարբեր քաղաքներից Հայաստան են ժամանել 50-ից ավելի գործարարներ, որոնք իրատեսական են համարում երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը:

«Այս համաժողովն ապացուցում է այն, որ հայ և թուրք գործարարները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել տնտեսական կապերի կայացման և զարգացման ուղղությամբ՝ մտածելով նաև հետագա զարգացման հեռանկարների մասին»,– ասաց նա: ՀԱԳՄ-ի նախագահը նշեց, որ սահմանների բացումը թույլ կտա երկու պետություններին մշակել համատեղ ծրագրեր և մասնակցել տարածաշրջանում առկա լուրջ ծրագրերին:

«Ես խոր համոզմունք ունեմ, որ Թուրքիայի ղեկավարությունը վերջապես կհասկանա իր սեփական ժողովրդի շահերը, անկողմնակալ քաղաքականություն կդրսևորի, կբացի սահմանները, որի արդյունքում մենք կունենանք նորմալ միջպետական հարաբերություններ, նորմալ փոխհամագործակցություն»,– ասաց Ղազարյանը:

Հարցին, թե որքանով է Հայաստանը պատրաստ սահմանի բացմանը և թուրքական արտադրողների հետ տեղական շուկայում մրցելուն, ՀԱԳՄ-ի նախագահը պատասխանեց. «Այսօր մասնավոր հատվածը պատրաստ է ոչ միայն դիմակայելու թուրքական ապրանքների ներմուծմանը, այլև արտահանման պարագայում մրցել դրանց հետ ինչպես միջազգային, այնպես էլ թուրքական շուկայում»: Նա ընդգծեց, որ այսօր հայ-թուրքական առևտուրը կրում է միակողմանի բնույթ՝ Հայաստանը միայն ներմուծում է:

Թուրք սպառողը կընդունի հայկական ապրանքներ

Թուրք գործարարները ևս ոգևորված էին սահմանի բացման հեռանկարով: Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի համահիմնադիր Նոյան Սոյակի խոսքով՝ դա երկուստեք շահավետ է: «Օրակարգ»-ի հետ ճեպազրույցում նա ասաց, որ արդեն կան հայ-թուրքական համատեղ ծրագրեր, անցկացվում են համատեղ ցուցահանդեսներ: Ըստ Սոյակի՝ թուրք սպառողները դիտարկում են այս կամ այն շուկան սպառման և հարմարավետության տեսանկյունից:

«Այս տեսանկյունից հայկական շուկան գրավիչ է, քանի որ Երևանից հեռավորությունը ընդամենը 200 կմ է, ինչը կրճատում է լոգիստիկ ծախսերը, հետևաբար՝ ապրանքների գները: Ես համոզված եմ, որ թուրք սպառողը կընդունի ու կսպառի հայկական արտադրության ապրանքները, ինչը շահավետ կլինի նաև լոգիստիկ առումով»,– ասաց նա:

Սոյակը նույնպես ընդգծեց, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև առևտրի 99%-ը Թուրքիայի արտահանումն է, և պետք է միջոցներ ձեռնարկել հավասարակշռությանը մոտենալու համար: «Եթե Թուրքիա-Հայաստան առևտրաշրջանառությունում երկրների բաժինը հասցնենք գոնե 80-20% հարաբերակցության, դա հաջողություն կլինի»,– ասաց նա:

Դիտարկելով Հայաստան-Թուրքիա համագործակցության հեռանկարները՝ Սոյակը շեշտեց զբոսաշրջության ոլորտը՝ կարևորություն տալով նաև Հայաստանի հանքահումքին, շինանյութի, կաուչուկի և հանքային ջրերի արտադրությանը:

«Միայն մանր առևտրի հաշվին Թուրքիայից օրական 8-10 բեռնատար մեքենա ապրանք է տեղափոխվում Հայաստան: Հայաստանից Թուրքիա փոքր քանակի կաուչուկ, էլեկտրալարեր, շինանյութ ու հանքային ջուր է ներկրվում: Ընդ որում՝ այս գործարքներն ունեն աճելու մեծ հնարավորություն»,– ասաց նա:

Սոյակի կարծիքով՝ քաղաքական հարաբերությունների բացակայության պայմաններում Հայաստանում թուրքական ներդրումներ ակնկալելն իրատեսական չէ: Նրա գնահատմամբ՝ սահմանի բացման դեպքում հայ-թուրքական առևտրաշրջանառությունը կկրկնապատկվի՝ հասնելով $500 մլն-ի:

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակում արդեն երկրորդ անգամ անցկացվող համաժողովի նպատակն է զարգացնել տնտեսական հարաբերությունները, հայ և թուրք գործարարներին ծանոթացնել երկու երկրների շուկաներին և նպաստել հայկական ապրանքների արտահանմանը Թուրքիա:

Նշենք, որ 2010թ. Հայաստանի և Թուրքիայի ապրանքաշրջանառությունը կազմել է $212 մլն կամ Հայաստանի արտաքին առևտրի 4,4%-ը: Ընդ որում՝ Հայաստանից արտահանումը կազմել է մոտ $1,3 մլն, ներմուծումը՝ $210,4 մլն: 

Մեկնաբանել