Արարատից Թալին

Օգոստոսի 2-ին հայտարարվեց, որ մրցույցի փաթեթները կբացվեն հոկտեմբերի 10-ին: Հոկտեմբերի 10-ին փաթեթները բացվեցին, բայց հաղթող ընկերության անունը խոստացան հայտարարել քսան օր հետո՝ նշելով, որ հայտ է ներկայացրել վեց ընկերություն:

Նոյեմբերի 22-ի դրությամբ հաղթող ընկերության անունը դեռ հայտնի չէ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 19-ին Բաթումում իր վրաց պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության մրցույթի արդյունքները պետք է ամփոփվեն երկու շաբաթում։

Մրցույթում հաղթող ընկերության անվան հրապարակման ձգձգումը կարող է ունենալ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։

81 կմ ընդհանուր երկարություն ունեցող երեք ճանապարհահատվածների շինաշխատանքների հայտ էր ներկայացրել վեց ընկերություն։ Հաշվի առնելով փաթեթների ծավալը՝ հանձնաժողովը թերևս 20 օրում չի կարողացել մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր ընկերությունների ներկայացրած փաթեթները։

Հնարավոր է նաև, որ մրցութային հանձնաժողովը խուսափում է հապճեպ որոշում կայացնելուց, որովհետև, միգուցե, հայտատու վեց ընկերություններից ոչ մեկը չի բավարարում ներկայացված պահանջները, և հանձնաժողովը սովորականից զգուշավոր է՝ նկատի ունենալով ծրագրի մեծ արժեքը՝ $243 մլն։

Բայցևայնպես, անգամ այս վերջին դեպքում մրցույթը դժվար է չեղյալ հայտարարել, և հնարավոր է՝ հանձնաժողովը ստիպված լինի ընտրություն կատարել չարյաց փոքրագույնի միջև, քանի որ առանց այդ էլ ծրագիրը նախանշված ժամանակացույցից շուրջ մեկ տարով հետ է ընկել:

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի երկու ծրագրերի աշխատանքներն ընդհանուր առմամբ գնահատվել են $243 մլն, ինչը նշանակում է, որ հանձնաժողովը ընտրությունը պետք է կատարի այդ գումարի շրջանակում հայտ ներկայացրած ընկերությունների միջև, որոնք երեքն են՝ իսպանական Constructora Sanjose-ն, չինական Sinohydro Corporation-ը և COVEC-CRFG Consortium-ը։

Մրցույթը չեղյալ հայտարարելուն խոչընդոտում է նաև այն, որ Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածների վերականգնողական աշխատանքները պետք է ավարտվեն 2013թ., իսկ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածը պետք է վերակառուցվի մինչև 2014թ.։ Մրցույթը չեղյալ հայտարարելու դեպքում հարցականի տակ կդրվի նաև նախանշված այս ժամկետներում աշխատանքները որակյալ կատարելու հարցը։

Եթե այնուամենայնիվ որոշվի չեղյալ հայտարարել մրցույթը, կկրկնվի նույնը, ինչ անցած տարվա նոյեմբերի 9-ին՝ Երևան-Աշտարակ 11,71 կմ ճանապարհահատվածի վերակառուցման մրցույթում, երբ այդպես էլ հաղթող չգտնվեց, և դրա կառուցումը, փաստորեն, մեկ տարով հետաձգվեց։

Սրանով, ըստ էության, վնաս հասցվեց նաև պետբյուջեին, քանի որ 2010թ. սկզբին Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատեց ծրագրի $60 մլն-ի առաջին տրանշի հատկացումը, և փաստացի, անկախ նրանից՝ ծախսվել են այդ գումարները, թե ոչ, կառավարությունը պետք է սպասարկի վարկը:

ԱԶԲ-ն $500  մլն ընդհանուր վարկը հատկացրել է 32 տարով, որից ութ տարին՝ արտոնյալ ժամկետով։ 

Մեկնաբանել