-Պրն Բագրատյան, նոյեմբերի 22-ին դրամը դարձավ 18 տարեկան։ Եթե չփլուզվեր ռուբլու գոտին, և եթե ստիպված չլինեինք անցնել դրամի, ինչպիսի՞ն կլիներ Հայաստանի տնտեսությունն այսօր, չնայած պատմության մասին եթե-ներով չեն խոսում։
-Եթե մորաքույրս տղա ծնված լիներ, քեռիս կլիներ, բայց քանի որ աղջիկ է ծնվել, մորաքույրս է։ Չնայած այս դեպքում այդ եթե-ն չէ։ Դրամը՝ փողը, համարվում է կեղծ տնտեսություն, նա պարզապես ֆիքսում է այն, ինչ իրականում կատարվել է։ Իրականում կկատարվեին տնտեսությանը բնորոշ հիմնական գործընթացներ:
Բայց մի բան է ակնհայտ՝ եթե դրամը չներդրվեր, նախկին՝ մասնավորապես մեր իշխանությունը շատ ավելի բարձր հեղինակությամբ կհեռանար։ Մենք կորցրինք ահագին հեղինակություն, այժմ այն նոր հետ է գալիս, մարդիկ նոր են հասկանում, բայց եթե մենք այս լրացուցիչ խոչընդոտը չունենայինք հենց 1993թ. պատերազմի տարիներին՝ հաղթանակած պատերազմ, տնտեսության հիանալի վիճակ մինչև 1993թ. նոյեմբեր, ամենաքիչ սղաճը ԱՊՀ-ում մինչև դրամի մտցնելը, մենք շատ ավելի շահեկան վիճակում կլինեինք։ Կմտցնեինք դրամը ավելի ուշ, երբ պատերազմը ավարտվեր՝ 1995-1996 թթ.՝ շատ ավելի հանգիստ ձևով։
-Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն խոսակցությունները, որ Դուք դեմ եք եղել դրամի ներդրմանը: Եթե այո, ապա ինչո՞ւ էիք դեմ։
-Ինչպե՞ս կարելի է այդպիսի բան ասել։ Երբ որ դրամը ներդրվում էր, փողը որտեղի՞ց գտան, ո՞վ էր տպել, բերել։ Ես մինչև վերջ էլ համարել եմ, եթե շանս կա, և մեզ չեն վտարում ռուբլու գոտուց, պատերազմի տարին մենք դուրս չենք գա այնտեղից։ Բայց ես՝ որպես վարչապետ, նախապատրաստել եմ, որովհետև զգացել եմ, որ մի օր մեզ կարող են խնդրել դուրս գալ, և այո՛, մեզ խնդրել են։ Դուք կարծում եք՝ Հայաստանն ի՞նքն է որոշել։ Ես գիտեմ՝ ով է Ձեզ ասել այդ խոսակցությունները՝ այսօրվա վարչապետը, որը, առանց իրեն հաշիվ տալու, հենց մի փոքր սեղմեցին՝ Սանկտ Պետերբուրգում Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրեց, վաղն էլ իշխանությունը պահելու համար առանց հետ նայելու Մաքսային միություն կստորագրի: Իսկ այ մենք այն ժամանակ Մաքսային միություն չստորագրեցինք, որովհետև դրույքները չէին բռնում, բայց կրկնում եմ, եթե հնարավոր լիներ ռուբլու գոտում մնալ, պետք է մնայինք։
-Այսինքն՝ հարկադրվա՞ծ էինք գնալ փոփոխությունների։
-Վիճակը դա էր։ Կրկնում եմ՝ մարդիկ, երբ որ նման բաներ են ասում, պետք է իրենց հաշիվ տան, թե ինչ են ասում։
-Արդյոք վստահելի՞ արժույթ է դրամը, և ինչպիսի՞ն է դրամի նկատմամբ բնակչության վստահությունն այսօր։
-Դրամը վատ փող չէ, նրան վատացնում են։ Ընդհանրապես, ցանկացած արժույթի էությունը, արժեքը ապահովվածությունն է։ Այս տեսակետից դրամը նույնիսկ ավելի լավ փող է, քան մանաթը։ Մանաթի հետևում նավթն է։ Դրամի հետևում կարող է լինել ինտելեկտը, որը դրսևորվում է արտահանման ձևով, արտահանումը, որը Հայաստանում չկա, սպանեցին: Ասեմ, որ 2010թ. արտահանումը զիջել է 1996թ. արտահանման ծավալներին՝ դոլարով համադրելի գներով։ Եվ երրորդը տրանսֆերտներն են։
Տասը միլիոն հայությունից երեքն է այստեղ ապրում, մյուս յոթը այս երեքին փող է ուղարկում։ Տրանսֆերտներն ավելի լավ հարստություն են, քան նավթը։ Այս տեսակետից՝ ո՛չ թուրքական լիրան, ո՛չ վրացական լարին, ո՛չ նույնիսկ ադրբեջանական մանաթը չեն կարող համեմատվել դրամի հետ։ Պետք է պարզապես իմանալ՝ ինչպես վարվել այդ տրանսֆերտների հետ, ինչպես կառավարել դրանք։
-Արդյոք դրանո՞վ է պայմանավորված, որ տնտեսության 70%-ը դոլարիզացված է։
-Տնտեսության 70%-ը դոլարիզացված է Կենտրոնական բանկի սխալ քաղաքականության հետևանքով։ Այն սկսվեց 2002թ., երբ Տիգրան Սարգսյանը սկսեց արժևորել դրամը։ Այն գումարը, որ ուղարկում էր Սփյուռքը, պետք էր ստերիլիզացնել։ Դրամը սկսեց արժևորվել։ Արժևորվումը նույնպես մարդիկ անվստահության նշան են որակում։ Միայն հիմարն է արժևորում ազգային արժույթը, քանի որ այն հարվածում է արտահանմանը։ Երբ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չկար, սա խնդիր չէր։
Բայց արդեն 2009թ. 193 երկրից 153 երկիր ԱՀԿ-ի անդամ էր։ Ամերիկացիները, տեսե՛ք, ինչպես են արժեզրկում դոլարը, հույները եվրոգոտում են, եվրոն չեն կարող իրենք արժեզրկել, էդ հիմնական սուվերեն լծակից զրկված են, էսօր շալակում են այդպիսի պարտք։ Դա իրենց պարտքը չէ։ Դա եվրոպական զարգացած երկրների կողմից արտահանված պարտք է դեպի Հունաստան։ Ես չգիտեմ՝ ոնց բացատրեմ, մի քիչ երկար է բացատրությունը։ Ես դրա մասնագետն եմ։
Ես հրավիրվում եմ հունա-գերմանական խորհրդակցությունների, բանակցությունների՝ որպես մասնագետ կողքից։ Չեմ էլ կարծում՝ Հայաստանում կա որևէ մեկ ուրիշ հայ, որ մասնակցում է այդ ամենին։ Ես տեսնում եմ՝ ինչ է նշանակում ազգային արժույթի բացակայություն, երբ որ երկիրը դեռ թույլ է։ Դա մասնավորապես Հունաստանի պարագայում ՀՆԱ-ի 160%-ի չափով պարտքն է։
-Ի դեպ՝ եվրոյի, եվրոգոտու խնդիրներն ինչպիսի՞ անդրադարձ կարող են ունենալ Հայաստանի տնտեսության վրա։
-Եվրոգոտու երկրները մեր տնտեսական գործընկերներից են, և լավ կլիներ, որ էնտեղ գործերը լավ լինեին։ Էնտեղ գործերը լավ չեն լինի՝ երկար՝ տասը, տասնհինգ, քսան տարի։ Երեք ելք կա՝ կա՛մ գոտին կփլվի, կա՛մ մասամբ կվտարվեն գոտուց, կա՛մ էլ այս եվրոճգնաժամ կոչվածը կշարունակվի տասը, տասնհինգ, քսան տարի։
-Իսկ մենք ի՞նչ պետք է անենք, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի եվրոգոտում տեղի ունեցող ցնցումների ալիքները, եթե հասնեն մեզ, գոնե քիչ վնաս պատճառեն։
-Մենք պիտի երեք քայլ անենք։ Նախագահին դեռ թողած մի կողմ՝ պետք է աշխատանքից ազատենք Տիգրան Սարգսյանին, պետք է աշխատանքից ազատենք Կենտրոնական բանկի նախագահին, դրանից հետո նոր մարդիկ, որ պետք է այնտեղ լինեն, պետք է ստերիլիզացնեն ստացվող օգնությունը, ստեղծեն հսկայական ստաբիլիզացիոն ֆոնդ, վարկավորեն Հայաստանի տնտեսությունը ներսից։ Մի չորրորդ քայլ էլ կա, որ Հայաստանի պահուստները մենք դրսում չենք կարող պահել։
Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք Civilnet.tv կայքում։