Սերտել անցյալի դասը

Նախօրեին հեղինակավոր Moody’s վարկանշային գործակալությունը որոշել է Հայաստանի օտարերկրյա և ազգային արժույթով թողարկողի Ba2 վարկանիշի կանխատեսումը (հեռանկարը) «կայունից» իջեցնել «բացասականի» (տե՛ս «Moody’s-ը չհավատաց Հայաստանին» հոդվածը): Թե ինչպես սրան կարձագանքի Հայաստանի կառավարությունը, հավանաբար կտեսնենք առաջիկա օրերին:

Սեպտեմբերին մեկ այլ հեղինակավոր վարկանշային կազմակերպություն՝ Fitch Ratings-ը, Հայաստանի վարկանիշը թողել էր անփոփոխ «BB-», կանխատեսումը՝ կայուն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհուրդ էր տվել ուշադրություն դարձնել այդ զեկույցին:

Ավելի վաղ Հայաստանի տնտեսությանը գնահատական էր տվել հեղինակավոր Forbes հանդեսը՝ այն համարելով աշխարհի երկրորդ վատագույն տնտեսությունը՝ Մադագասկարից հետո (գնահատման համար հիմք էր ընդունվել 2009թ. 15-տոկոսանոց անկումը, դեպի ծով ելք չունենալը, չափից մեծ կախումը Ռուսաստանից ու Իրանից ներկրվող էներգակիրներից և այլն):

Իհարկե կարելի էր չհամաձայնել Forbes-ի՝ վատագույն տնտեսությունների շարքում Հայաստանին երկրորդ տեղում գնահատելուն՝ հաշվի առնելով գնահատման համար հիմք ընդունված չափանիշների սահմանափակությունը: Սակայն կառավարությունն իր անհամաձայնությունը բավական ջղաձգորեն արտահայտեց՝ ըստ էության անտեսելով, որ իրականում մատնանշված խնդիրները գոյություն ունեն Հայաստանի տնտեսությունում:

Moody’s-ի՝ Հայաստանի տնտեսությանը տված գնահատականը պետք է արժանանա ոչ թե կառավարության քամահրանքին, այլ մանրազնին ուշադրությանը, քանի որ անիմաստ լավատեսության դեպքում կարող է կրկնվել 2009թ. դասը, երբ 9% տնտեսական աճի փոխարեն 15% անկում գրանցվեց:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը 2012թ. բյուջեն բնորոշել է որպես «կայունությունից տնտեսական աճի անցնելու բյուջե»: Վարչապետի լավատեսությունը կիսելու մեծ ցանկությամբ հանդերձ՝ հարկավոր է իրականությանն ավելի սթափ նայել և սերտել անցյալի դասը:

Անկախ այն բանից՝ կլինի համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիք, թե ոչ, եվրոգոտու և Ռուսաստանի տնտեսությունների աճի դանդաղումը լուրջ խնդիրներ է խոստանում Հայաստանին, որոնց պետք է պատրաստ լինել:

Մեկնաբանել