Պատվավոր աքսորականի հաջորդ թեկնածուն

Բայց գումարը վարչապետի գրպանում չտեսնելով հանդերձ՝ ՀՌԱԿ-ի ատենապետը ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ ընդունում է իշխանության նետած ձեռնոցը՝ եթե իրեն չեն գրանցում ՀՌԱԿ-ի ատենապետի պաշտոնին, ինքն էլ վարչապետի մասին կասի այն, ինչ որ գիտի: Իսկ իմանալու համար «նա պրպտել է ուղիղ 40 սկզբնաղբյուր՝ հրապարակումներ, առևտրային և բանկային փաստաթղթեր և այլն»:

Հայ հանրությունը թերևս հակված է հավատալ Առաքելյանի փաստարկներին, որոնցից ոչ մեկն ուղիղ Տիգրան Սարգսյանի գրպան չի տանում: Փաստը, որ «Նաիրիտ»-ի վաճառքում ինչ-որ կերպ խառն է վարչապետի եղբայր Աշոտ Սարգսյանը, չի լավացնում Հարություն Առաքելյանի վիճակը:

Գրեթե կասկած չունեմ, որ այս պատմության մեջ ինչ-որ բան մութ է, և մութը կուտակված է նախևառաջ Տիգրան Սարգսյանի գրպանում, բայց իմ տպավորությամբ՝ Հարություն Առաքելյանը շտապել է իր մեղադրանքներում սոսկ այն պատճառով, որ ՀՌԱԿ-ի ատենապետի պաշտոնը քաղաքական կյանքի մեջ այն դիրքը չէր, հանուն որի արժեր մտնել այդպիսի մեղադրանք հնչեցնելու բեռի տակ: Հարություն Առաքելյանի իմպուլսիվ հակահարձակումն անշուշտ կարող է խուճապի որոշակի դոզա ներարկել վարչապետի մեջ, բայց խուճապի այդ չափաբաժինը միայն շատ կարճ ժամանակով կշփոթեցնի վարչապետին:

Չմոռանանք՝ նա գոնե մինչև այսօր մարսել է այնպիսի գործարք, ինչպիսին Հայաստանի ոսկու պաշարը թղթադրամների վերածելու փաստն էր: Հետևաբար՝ իր մեղադրանքը ձևակերպելիս մոտ 40 սկզբնաղբյուրից օգտված Հարություն Առաքելյանը, այն հնչեցնելով, կատարեց վարչապետի հետ հակամարտությունում իր առաջին և միակ քայլը՝ e2-e4: Հետագա բոլոր քայլերը, ընդ որում՝ երկու գույնի խաղաքարերով էլ, Տիգրան Սարգսյանինն ու իշխանությանն են:

Չմոռանանք, որ իշխանության մեջ կարող են լինել կառույցներ, որոնք գուցե Հարություն Առաքելյանից լավ ապացուցեն, որ Տիգրան Սարգսյանի մատը խառն է «Նաիրիտ»-ի վաճառքից 31 մլն դոլարի անհետացման մեջ: Հետևաբար՝ հարկ եղած պահին այդ կառույցները վարչապետի հետ կարող են խաղալ Հարություն Առաքելյանի խաղաքարերով:

Չի բացառվում, որ Հարություն Առաքելյանի առաջին ու միակ քայլը նույնպես արել են համապատասխան կառույցները, թեպետ Առաքելյանն ասում է, որ «Նաիրիտ»-ի հարցով զբաղվում է երկար տարիներ: Այս պահին վարչապետն արել է իր քայլը՝ դիմել է դատախազություն «իր դեմ քաղաքացի հարություն Առաքելյանի հնչեցրած մեղադրանքների իսկությունը ստուգելու փաստով»:

Բացառված չէ, որ այս մեղադրանքներով հող է նախապատրաստվում վարչապետին նույնպես պատվավոր ձևով ՀՀԿ նախընտրական շտաբ գործուղելու համար: Այլ խոսքով՝ կաքսորեն շտաբ: Եվ ավելի հավանական է, որ վարչապետը չի դիմադրի: Բայց ո՞վ է կասկածում, որ ընտրություններից հետո գործող նախագահն այլևս Տիգրան Սարգսյանի ծառայությունների կարիքը չի ունենա տնտեսության դաշտում, էլ չեմ ասում, որ ինքն իրենով այդ մարդը ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայն բերող չէ: 

Մեկնաբանել