Դիպուկահար մարդասպանին հետ քաշել առաջին գծից

Այս տղաները «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» իրավիճակի անմեղ ու անիմաստ զոհերն են: Բայց նրանք առաջին հերթին այն ղեկավարության զոհերն են, որոնք անտեսում են միջնորդների հորդորները և շփման գծի առաջապահ հատվածներից չեն հեռացնում դիպուկահարներին:

2008թ. դեկտեմբերին Հելսինկիում ԵԱՀԿ արտգործնախարարների տարեկան հանդիպման ընթացքում Մինսկի խմբի համանախագահող պետությունների բարձրաստիճան դիվանագետները Հայաստանին և Ադրբեջանին կոչ արեցին դիպուկահարներին դուրս բերել առաջապահ դիրքերից:

Հայկական կողմը դրական պատասխան տվեց, մինչդեռ Ադրբեջանը այն չտեսնելու տվեց: Հետագայում ևս բազմիցս հնչեց կոչը, սակայն ադրբեջանական կողմը ոչ միայն դուրս չի բերում իր դիպուկահարներին առաջապահ գծից, այլև յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում սպանում է հայ սահմանապահներին կամ դիմում դիվերսիոն գործողությունների:

Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան վերջին այցից հետո, որը տեղի ունեցավ հոկտեմբերի երրորդ տասնօրյակում, միջնորդները տարածեցին հայտարարություն, համաձայն որի՝ «իրենց հաջողվել է Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի միջև սկզբունքային համաձայնություն ձեռք բերել շփման գծում արձանագրվող միջադեպերի հետաքննության հարցում»:

Նման լավատեսական հայտարարություններ արվել են նաև նախկինում (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով այս տարվա մարտին Սոչիում), սակայն ոչ միայն որևէ միջադեպի քննություն չի անցկացվել (գոնե հրապարակավ այդ մասին չի հայտարարվել), այլև շփման գծում վերջին տարիներին ավելացել են հրադադարի ռեժիմի խախտումները, և աշխուժացել են դիպուկահարները:

Հայկական կողմը գտել է հակառակորդին զսպելու իր տարբերակը, որն անվանվում է «անհամաչափ պատժի» կիրառում: Այսինքն՝ եթե ադրբեջանական կողմը սպանում է մեկ հայ զինվորի, ապա հայկական կողմը, ի պատասխան, սպանում է մեկից ավելի ադրբեջանցու: 2011թ. ընթացքում հայկական կողմից արձակված կրակոցներից սպանվել է ավելի քան 40 ադրբեջանցի, թեև ադրբեջանական կողմը միշտ չէ իր տված կորուստների մասին պաշտոնապես ճշմարիտ տեղեկատվություն տարածում: Այսպիսով՝ յուրաքանչյուր մեկ սպանված հայ զինվորի դիմաց ադրբեջանական կողմը տալիս է երեք անգամ ավելի զոհ:

Բայց սա այն վիճակագրությունը չէ, որով պիտի հպարտանալ կամ ոգևորվել: Հայկական կողմը պետք է ձգտի հասնել նրան, որ հայկական բանակում նվազագույնի հասցվի հակառակորդի գնդակներին զոհ գնացող ժամկետային զինծառայողների թիվը: Անգամ մեկ զոհը շատ է:

Մինչդեռ հակառակորդի գնդակներից, ինչպես նաև ներքին կանոնադրական անառողջ փոխհարաբերությունների պատճառով միայն այս տարվա ընթացքում հայկական բանակը տվել է շուրջ հինգ տասնյակ զոհ: Դրանցից վերջինը 19-ամյա երկու ժամկետային զինծառայողներ էին՝ Արեն Սիմոնյանը և Միհրան Մարգարյանը, որոնք սպանվեցին ադրբեջանական դիպուկահար մարդասպանների կրակոցներից նոյեմբերի 19-ին և 20-ին Լեռնային Ղարաբաղի հարավարևելյան պաշտպանական դիրքերում:

1994թ. հրադադարից ի վեր սահմանային միջադեպերի արդյունքում Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը, համաձայն միջազգային կազմակերպությունների ոչ պաշտոնական, սակայն արժանահավատ տվյալների, տվել են ավելի քան երեք հազար զոհ այն դեպքում, երբ այդ զինադադարից ի վեր հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանները, որոնք անվանվում են շփման գիծ, փոփոխության գրեթե չեն ենթարկվել:

Եթե հրադադարի հաստատմանը հաջորդած առաջին տարիներին հայկական և ադրբեջանական առաջապահ դիրքերը միմյանցից տրամաբանական հեռավորության վրա էին, ապա հետագայում, երբ կողմերը սկսեցին ամրապնդել իրենց առաջին գծերը, հնարավոր տեղերում առաջ գնացին չեզոք գոտու հաշվին: Այսպիսով՝ հակառակորդ բանակները տարին տարվա վրա միմյանց մոտեցան: Այսօր շփման գծի որոշ հատվածներում այդ հեռավորությունը չի գերազանցում հարյուր մետրը:

Պաշտպանական առաջին գծին ծանոթ մարդիկ հասկանում են, որ գրեթե անիրական է նոր գծեր կառուցել և դրանք միմյանցից հեռացնել, որպեսզի կողմերի միջև չեզոք գոտին ավելի լայն լինի, ինչպես նախկինում, պակասեն զոհերի թիվը երկու կողմերից, ինչպես նաև թուլանա լարվածությունը շփման գծի ողջ երկայնքով:

Սակայն եթե հակամարտության մեջ ներքաշված կողմերը ցավում են իրենց երիտասարդ քաղաքացիների կյանքի կորստի համար, ապա նրանք պետք է շուտափույթ կերպով առաջին գծից դուրս բերեն դիպուկահար մարդասպաններին: Նման քայլը ոչ միայն կնվազեցնի սպանությունների թիվը սահմանի երկու կողմերում, այլև ցույց կտա, որ հակամարտության կողմերն անկեղծ ձգտում ունեն կարգավորելու հակամարտությունը:

Այս իրողության գլխավոր պատճառն այն է, որ կողմերի մոտ ավելի ու ավելի է նվազում խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման հեռանկարը, այսինքն՝ բանակցային գործընթացը խոր փակուղում է: Մյուս կողմից՝ տարօրինակ է ԵԱՀԿ-ի, այս կազմակերպության գործող նախագահի ու վերջինիս անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լռությունը, երբ կա զոհը, և հայտնի է կրակող կողմը: 

Մեկնաբանել