Ռուսաստանն ապահովագրում է միգրանտներին

ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման փոխնախարար Յուրի Վորոնինի խոսքով՝ 2012թ. հունվարից ապահովագրված անձի կարգավիճակ կստանան նաև օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնք ժամանակավոր բնակվում են Ռուսաստանում և աշխատում են անորոշ ժամկետով կամ առնվազն վեց ամիս ժամկետ ունեցող աշխատանքային պայմանագրով։ Այդուհանդերձ, աշխատանքային միգրանտների սոցիալական ապահովագրության համակարգը չի ներդրվելու միանգամից և ամբողջությամբ։

Ի դեպ՝ նախօրեին Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որն առաջարկում է միգրանտների աշխատանքի տեղավորման հարցում անհրաժեշտ նախապայման դարձնել ռուսերենի իմացության վկայագրի առկայությունը։ Ընդ որում՝ միգրանտները ռուսերենի իրենց իմացության ստուգման համար կվճարեն 2500 ռուբլի, իսկ թեստավորումն անցնելու մասին վկայագիրը կլինի նրանց՝ ռուսերենի իմացությունը հաստատող փաստաթուղթը։

Համաձայն այս օրինագծի՝ վկայագրին այլընտրանք կարող է լինել մինչ 1991թ. սեպտեմբերի 1-ը ԽՍՀՄ-ում կամ 1991թ. սեպտեմբերի 1-ից հետո Ռուսաստանում կրթության մասին փաստաթուղթը։ Ռուսերենի իմացության պահանջը պարտադիր կլինի բնակկենցաղային, սպասարկման և առևտրի ոլորտում աշխատող միգրանտների համար։ Ըստ օրինագծի հեղինակների՝ 2010թ. ռուսերենի իմացության վկայագիր է ստացել ավելի քան 3500 օտարերկրացի, մինչդեռ անայցագիր ռեժիմով Ռուսաստան է ժամանել շուրջ 1 մլն 247 հազ. աշխատանքային միգրանտ։ 

Մեկնաբանել