Փոխել համակարգը, ոչ թե սկսել ինկվիզիցիա

Երեկ արցախցի ռուսաստանաբնակ հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը «Չենք լռելու» նախաձեռնությանը տված հարցազրույցում, խիստ քննադատելով Հայաստանում տիրող կոռուպցիայի մթնոլորտը, հայտարարել է, թե պետք է իրականացնել «Ցուցակ» օպերացիա՝ «կազմել որոշակի մարդկանց ցուցակ և «լուծել հարցերը», բայց մինչ այդ պետք է, որ նրանք վերադարձնեն Հայաստանից գողացած փողերը»։

«Պետք է խթանել ոչ թե ժողովրդի արտագաղթը, այլ արհեստական օլիգարխ մոլախոտերի։ Հայերը կամքով ժողովուրդ են, նրանց չեն կարող ղեկավարել կիսագրագետ, թերզարգացած մարդիկ»,– ասել է գործարարը (տե՛ս էջ 3)։

Հասկանալով և ընդունելով Հայրապետյանի մտահոգությունները, որ կոռուպցիան և օլիգարխիկ համակարգն իսկապես Հայաստանի համար ամենամեծ մարտահրավերն են, այնքան էլ ընդունելի չեն դրանց դեմ պայքարելու նրա առաջարկած մեթոդները:

Կուլակաթափության կարգախոսներով հնարավոր չէ համակարգ փոխել, քանի որ վտարելով մեկ, հինգ կամ տասը օլիգարխի՝ թափուր կթողնես նրա տեղը, ինչը հեշտությամբ կլրացնի մեկ ուրիշը: Բացի այդ՝ փոքր պետության ու ժողովրդի մեջ ցուցակներ կազմելն ու աքսորելը բոլորովին այլ հիշողություններ կարող են արթնացնել ու այլ հետևանքներ թողնել: Վերջին հաշվով՝ յուրաքանչյուր օլիգարխի շուրջ կամա թե ակամա հավաքված է և նրան է կապված մեր իսկ ժողովրդի մի հատված:

Կոռուպցիան և օլիգարխիկ համակարգը վերացնելու համար քաղաքական կամք է պետք, որի համար պետք է մի շարք առաջնային քայլեր անել՝ կիրառել Սահմանադրության այն դրույթը, որով պատգամավորին արգելվում է բիզնեսով զբաղվել; բոլորին հարկային դաշտ բերել; վերացնել մենաշնորհները և խթանել ազատ մրցակցությունը:

Այս ամենի իրականացումը թերևս գործողություն կլինի ոչ թե օլիգարխների դեմ, այլ համար, քանի որ նրանք արդեն ստիպված կլինեն մաքուր աշխատել և ընտրությունից ընտրություն չենթարկվել իշխանության անօրինական ճնշումներին՝ նախկինում չվճարած հարկերով համակարգի վերարտադրությանն աջակցելու:

Ցանկացած քաղաքակիրթ հասարակություն «քաղաքակրթվել» է այս ճանապարհով: Պետք է փոխել համակարգը, ոչ թե սկսել ինկվիզիցիա:

Մեկնաբանել