Ավելի լավ է ժողովրդավարական բռնապետություն, քան վետոկրատիա

Կոնգրեսում տեղի ունեցածը փրկության փոքր ուղի է մատնանշում քաղաքական կաթվածից, գրում է ծագումով ճապոնացի ազդեցիկ քաղաքական փիլիսոփա, գրող Ֆրենսիս Ֆուկույաման բրիտանական Financial Times պարբերականում հրապարակած իր հոդվածում։

ԱՄՆ-ի գործադիր իշխանության գործողությունները սահմանափակող զսպաշապիկի և հակակշիռների համակարգում մետաստազներ են ի հայտ եկել։ Ամերիկան արդեն վետոկրատիա է։ Երբ այդ համակարգը զուգորդվում է խիստ գաղափարականացված կուսակցություններով, որոնցից մեկը անգամ հարկային սողանցքների վերացումն է ընկալում որպես հարկերի անընդունելի բարձրացում, տեղի է ունենում կաթված։

Ամերիկյան քաղաքական համակարգի խնդիրներն ավելի ցայտուն են դառնում, երբ դրանք համեմատում ենք բրիտանականի հետ. վերջինում չկա ո՛չ ֆեդերալիզմ, ո՛չ ապակենտրոնացում, ո՛չ գրավոր Սահմանադրություն։ Բրիտանական կառավարություններն օրենսդիր իշխանությունում սովորաբար ապավինում են մեծամասնությանը։

«Ձայների պարզ մեծամասնություն՝ գումարած մեկ ձայնով» Համայնքների պալատում կարելի է ընդունել կամ մերժել ցանկացած օրենք։ Այս իսկ պատճառով բրիտանական համակարգը երբեմն «ժողովրդավարական բռնապետություն» են կոչում։

Ամերիկյան համակարգում, ընդհակառակը, իշխանությունը բաժանված է նախագահի և երկպալատ Կոնգրեսի միջև, դելեգացված է նահանգների իշխանություններին ու տեղական մարմիններին, իսկ դատարաններն իրավասու են մերժելու օրենքները՝ հղելով Սահմանադրությունը։ Համակարգը հատուկ հարմարեցված է վճռական կառավարությունների համար խոչընդոտներ ստեղծելուն, ինչը, իր հերթին, իշխանության կենտրոնացման նկատմամբ ավանդական կասկածելի վերաբերմունքի արդյունք է։

Պետբյուջեի հաստատման հարցում ակնհայտ են բրիտանական համակարգի առավելությունները, որտեղ վետո սահմանելու հնարավորությունները քիչ են։ Ֆինանսների նախարարը կազմում է բյուջեն, խորհրդարանն այն ընդունում է՝ առանց մեծ փոփոխությունների ենթարկելու։

ԱՄՆ-ում բյուջեի նախագիծը, որը ներկայացնում է նախագահը, ավելի շուտ սպասումների փաստաթուղթ է, քան քաղաքական իրականություն։ Բոլոր 535 կոնգրեսականներն օգտվում են իրենց պոտենցիալ վետոյի իրավունքից՝ բյուջեի հարցում զիջումների հասնելու համար։

Բյուջեի վերջնական տարբերակը կառավարության հետևողական ծրագիրը չէ, այլ առևտրի արդյունք է՝ առանձին օրենսդիրների միջև, որոնց համար միշտ ավելի հեշտ է հասնել կոնսենսուսի՝ ծախսերի բարձրացումը փոխանակելով հարկային արտոնությունների հետ։ Այդ իսկ պատճառով էլ բյուջեն միշտ պակասուրդային է։ Կոնգրեսն այլ հնարավորություններ էլ է ստեղծել օրենսդիրների համար՝ «համակարգը շանտաժի ենթարկելու» առումով։

Ներկայիս կաթվածահար վիճակը հաղթահարելու համար ԱՄՆ-ին պետք են ոչ միայն ուժեղ առաջնորդներ, այլև ինստիտուցիոնալ կանոնների փոփոխում։ Հարկ է բարեփոխումներ սկսել՝ որոշումների ընդունման մեխանիզմների պարզեցման և վետոյի կիրառման հնարավորությունների նվազեցման համար։ Անհրաժեշտ է բյուջեի ընդունման գործընթացը մոտեցնել բրիտանական համակարգին։

Ներկայիս օրենսդիրները դժվար թե կամովին հրաժարվեն իրենց վետոյի իրավունքից։ Քաղաքական բարեփոխումների շարժիչը նախևառաջ ժողովրդի ակտիվությունն է, ներքևից եկող նախաձեռնությունը։ 

Մեկնաբանել