Ոչ միայն կոմպոզիտոր, այլև փայլուն դաշնակահար

«Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներն են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

Առնո Բաբաջանյանի ֆենոմենը մինչ օրս հիացնում է թե՛ երաժիշտներին, թե՛ ունկնդրին: Բաբաջանյանի երկացանկում հավասարապես ներկայանալի են և՛ ակադեմիական, և՛ էստրադային ստեղծագործությունները, նրանք սերունդներ են դաստիարակել:

Իսկ կոմպոզիտորի դասական ստեղծագործությունները կարծես մի ամբողջ ժամանակաշրջան են ներառել՝ ռոմանտիզմից մինչև ժամանակակից երաժշտություն: Ռախմանինովը սիրում էր կրկնել, թե երազում է մեղեդի գրել և երգել այն դաշնամուրով։ Առնո Բաբաջանյանի ստեղծագործական կյանքն իրականություն է դարձրել Ռախմանինովի երազանքը։

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ։ Հաջորդ համերգը՝ նոյեմբերի 22-ին, Առնո Բաբաջանյանի անվան փոքր ֆիլհարմոնիայի դահլիճում էր և ամբողջովին նվիրված կոմպոզիտորի ակադեմիական ստեղծագործություններին:

Ծրագրում ընդգրկված էին Առնո Բաբաջանյանի «Վեց պատկեր դաշնամուրի համար»-ը, «Ջութակի սոնատ»-ը, «Լարային կվարտետ No.3»-ը և «Դաշնամուրային տրիո»-ն: Մենակատարներն էին դաշնակահար Արմեն Բաբախանյանը, թավջութակահար Արամ Թալալյանը և ջութակահար Ջեմմա Աբրահամյանը:

Արմեն Բաբախանյանը բեմում էր գրեթե ամբողջ երեկո։ Դաշնակահարը հաճախ է կատարում Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: «Բաբաջանյանը փայլուն, բազմատեսակ երաժշտություն է գրել, որը բխում էր նրա սրտից ու հոգուց: Ինձ համար նա բացառիկ երևույթ է՝ Բաբաջանյանը ոչ միայն կոմպոզիտոր էր, այլև փայլուն դաշնակահար»,– ասում է Բաբախանյանը։

Համերգից առաջ «Օրակարգ»-ին հետաքրքիր մի դրվագ պատմեց Թալալյանների երաժշտական տոհմի ներկայացուցիչ թավջութակահար Արամ Թալալյանը, որին բախտ է վիճակվել անձամբ ճանաչել կոմպոզիտորին։ Նրա հայրը՝ հայտնի թավջութակահար Գերոնտի Թալալյանը, և Առնո Բաբաջանյանը ոչ միայն մտերիմ ընկերներ էին, այլև միասին են նվագել պետական տրիոյի կազմում՝ Հակոբ Վարդանյանի հետ:

Արամ Թալալյանը պատմում էր, թե տրիոն իր հոր շնորհիվ է տրիո դարձել: Պարզվում է՝ ի սկզբանե այն իբրև ջութակի սոնատ է մտածված եղել: «Ես դեռ փոքր էի, բայց հիշում եմ այդ խոսակցությունը։ Հայրս համոզեց, որ Բաբաջանյանը թավջութակն էլ ընդգրկի: «Միասին կնվագենք»,- ասաց նա»,– հիշում էր Արամ Թալալյանը:

Իսկ փառատոնի դեկտեմբերյան համերգների ընթացքում կհնչեն ժամանակակից հայ կոմպոզիտորներ Երվանդ Երկանյանի, Վարդ Մանուկյանի, Մարտին Ուլիխանյանի, Արզաս Ոսկանյանի և ուրիշների ստեղծագործությունները: Փակմանը՝ դեկտեմբերի 19-ին, փառատոնը կրկին կանդրադառնա Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններին։ Կհնչեն կոմպոզիտորի ճանաչված երգերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և հայտնի էստրադային երգիչների կատարմամբ: