Ինչու է լռում Վերահսկիչը

Վնասով են աշխատել «Երևանի ջէկ»-ը, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր»-ը, «Հայգազարդ»-ը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը, ««Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն»-ը, «Մեծամորէներգաատոմ»-ը, «Ընդունելությունների տուն»-ը:

Ըստ Վերահսկիչ պալատի նախնական հաշվետվության՝ 2009թ. և 2010թ. համակարգի 50 և ավելի տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները, խախտելով «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների պահանջները, պետական բյուջե պակաս են վճարել Դ43,9 մլն-ի հարկ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե։

Մասնավորապես՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը պետք է վճարի Դ22,5 մլն շահութահարկ, «Երևանի ջէկ»-ը՝ Դ9,9 մլն ԱԱՀ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը պետք է վճարի Դ5,4 մլն շահութահարկ և ԱԱՀ, «Որոտանի հէկ»-ը՝ Դ4,3 մլն շահութահարկ, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր»-ը՝ Դ2 մլն շահութահարկ։

Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքներից կազմված հաշվետվությունից երևում է, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության տակ գտնվող ընկերություններից շատերում առկա են չարաշահումներ աշխատավարձերի ֆոնդի մասով։ (Այս ընկերություններն ամենայն հավանականությամբ, ինչպես Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, կարդացել են ռուս մեծ գրող Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ» վեպը)։

Բայց եթե անցած տարի սոցիալական ապահովության ոլորտում կատարված ստուգումների ժամանակ Վերահսկիչ պալատը հայտնաբերել էր թե՛ մեռած հոգիներ, թե՛ փոշիացած գումարներ, էներգետիկ ընկերություններում հայտնաբերվել են միայն մեռած հոգիներ։

Մասնավորապես՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության հաստիքացուցակով ամրագրված է 860 մարդ, բայց ստուգման ժամանակահատվածում փաստացի թիվը չի գերազանցել 838 աշխատողը: Հաշվետվությունում չի նշվում, թե 22 ավել աշխատակցի մասով որքան աշխատավարձ է վճարվել։ «Ավել» աշխատակիցներ նաև ունեցել է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերությունը, որի հաստիքացուցակով աշխատել է 279 մարդ, իսկ աշխատավարձի ֆոնդը Դ418,5 մլն է:

Բայց իրականում ընկերությունում աշխատել է 240 մարդ։ Իսկ թե գրանցված 39 աշխատակցի աշխատավարձերն ընկերությունում ինչ նպատակներով են ծախսվել, Վերահսկիչ պալատը լռում է։ Աշխատակազմի ուռճացումով զբաղվել է նաև «Երևանի ջէկ»-ը, որտեղ հաստիքացուցակով աշխատողների թիվը կազմում է 641 մարդ, բայց փաստացի թիվը չի գերազանցել 482-ը:

Այս բոլոր ընկերություններն էլ վնասով են աշխատել։ Իհարկե, այդ վնասի հիմնական մասը պայմանավորված չէ աշխատակազմի ուռճացումով։ Մասնավորապես՝ վնասի հիմնական պատճառը եղել է այն, որ 2009-2010 թթ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընկերություններից էլեկտրաէներգիայի ձեռքբերման սակագինն այդքան էլ նպաստավոր չէր սահմանել։

Պետական մասնակցությամբ էներգետիկ ընկերությունների՝ «Որոտանի հէկ»-ի, «Երևանի ջէկ»-ի սակագների հաշվին հանձնաժողովն ապահովել էր, որ 2010թ. գազի գնի բարձրացման պայմաններում վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինը մնա անփոփոխ։

Ուշագրավ է, որ «Երևանի ջէկ»-ը իրանական գազ–հայկական էլեկտրաէներգիա սխեմայում 2010թ. ներգրավել է նաև Վրաստանին։ Վերահսկիչ պալատի հաշվետվությունից երևում է, որ Իրանից ներկրված գազը՝ 1 խմ–3 կՎտ/ժ սխեմայով, արտահանվել է Վրաստան՝ «Վրաստանի միջազգային էներգետիկ կորպորացիա»-ին։ Իրանական 1 խմ գազի դիմաց վրացական ընկերությունից «Երևանի ջէկ»-ը ստացել է 4,5 կՎտ/ժ։

Ստացվում է, որ այսպես կոչված վերավաճառքի արդյունքում 1 խմ իրանական գազի դիմաց «Երևանի ջէկ»-ը ստացել է 1,5 կՎտ/ժ եկամուտ և այն վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին։ Միայն անցած տարի Վրաստանին բնական գազի վաճառքից գումարային արտահայտությամբ «Երևանի ջէկ»-ը ստացել է Դ2,2 մլրդ։ Ամենայն հավանականությամբ, «Երևանի ջէկ»-ը այս սխեման իրականացրել է մինչև 2010թ. մայիսը՝ շոգեգազային ցիկլով աշխատող նոր էներգաբլոկի շահագործումը։

Նոր էներգաբլոկը էլեկտրաէներգիայի արտադրության համար 2-2,5 անգամ պակաս վառելիք է ծախսում: Փաստացի 1 խմ գազից էներգաբլոկը կարող է ստանալ մոտ 4,5 կՎտ/ժ, այն դեպքում, երբ նախկինում 1 կՎտ/ժ-ի համար ծախսվում էր 372 գ գազ։ Սա նշանակում է, որ մինչև նոր էներգաբլոկը «Երևանի ջէկ»-ը 1 խմ իրանական գազից չէր կարող արտադրել 3 կՎտ/ժ։