Շրջապտույտից դուրս գալու ճանապարհը

Երեկվա հանրահավաքին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով վերջին հրաժարականների թեմային, իրավացիորեն ցույց տվեց Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական արատը՝ մեկ անձից կախված լինելու հանգամանքը:

«….Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ առանց բացառության բոլոր դեպքերում հրաժարականները եղել են ոչ թե ինքնակամ, այլ հարկադրական, այն էլ՝ ոչ թե գաղափարական կամ քաղաքական, այլ բացառապես ուրիշ նկատառումներով։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ նաև, որ հարկադրանքը բխել է երկրի գործող նախագահից։ Իսկ դա վկայում է, որ թե՛ Ազգային ժողովի և թե՛ Երևանի ավագանու ղեկավարները ոչ թե ընտրվել, այլ նշանակվել են, որովհետև եթե իրոք ընտրված լինեին, ոչ մի նախագահ նրանց չէր կարող սեփական հայեցողությամբ պաշտոնանկ անել»,– ասաց ՀՀ առաջին նախագահը։

Հայաստանի ներկայիս քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների հիմքում իսկապես ընկած է օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունների միջև առկա լղոզումը, երբ առաջին երկուսն ըստ էության դարձել են վերջինի շարունակությունը՝ չապահովելով պետության և հասարակության զարգացման համար այդքան անհրաժեշտ հավասարակշռությունը:

Իշխող էլիտայի՝ ազատ և արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու քաղաքական կամքի բացակայությունը պետությանն ու հասարակությանը մտցրել է մի շրջապտույտի մեջ, որտեղ էլիտայի համար գերնպատակը ոչ թե երկրի զարգացումն է, այլ ինքնավերարտադրումը:

Տեր-Պետրոսյանը թերևս ճիշտ համեմատություն կատարեց՝ Իջևանի քաղաքապետի ընտրությունները որակելով «ճաք իշխանական բուրգի ներսում», որը սպառնում է «խարխլել ռեժիմի հիմքերը և երկրում բոլորովին նոր իրավիճակ ստեղծել՝ արմատապես փոխելով քաղաքական ուժերի դասավորությունը և հող նախապատրաստելով ընդդիմադիր դաշտի ընդլայնման համար»։ Նա, ըստ էության, ԲՀԿ-ին կրկին հորդորեց ՀԱԿ-ի հետ միասնական ճակատ կազմել երկրում իրավիճակը փոխելու համար…

Անկախ նրանից, թե ինչ քաղաքական կոնֆիգուրացիաներ կլինեն առաջիկա ամիսներին, Հայաստանի քաղաքական ուժերի համար (այդ թվում, որքան էլ հակասական հնչի՝ ՀՀԿ-ի) պետք է գերնպատակ լինի ամեն գնով արդար ընտրությունների անցկացումը, որի միջոցով է միայն հնարավոր հասնել իշխանությունների տարանջատմանը և երկրում ազատ քաղաքական մրցակցային դաշտ ձևավորելուն:

Շրջապտույտից դուրս գալու միակ ճանապարհը դա է…

Մեկնաբանել