Հավասարում` երկու անհայտով

Հիշեցնենք, որ 2006թ. օգոստոսին Միջպետական բանկը $70 մլն-ի վարկային գիծ էր բացել անհայտ բաժնետերեր ունեցող Rhinoville Property Limited-ի համար 5,3 տարով՝ մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը, տարեկան 12,5% տոկոսադրույքով։

«Օրակարգ»-ին ԱՊՀ Միջպետական բանկում տեղեկացրին, որ վարկի սպասարկման համար Rhinoville-ն այս ժամանակահատվածում որոշակի մարումներ կատարել է, բայց ողջ վարկը չի մարել։ Թե վարկի որ մասն է մարվել, բանկում չնշեցին՝ ասելով, որ ըստ պայմանագրի՝ այդ տեղեկությունները կոմերցիոն գաղտնիք են։

Եթե հաշվի առնենք, որ մինչև այժմ հայտնի չեն Rhinoville Property Limited-ի իրական բաժնետերերը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ընկերությունը լուրջ ֆինանսական միջոցներ չունի, ընկերությունն այս մեկ ամսվա ընթացքում հազիվ թե մարի վարկը։ Անցած տարի ընկերությունն իրեն բավական լավ ապահովագրել է և վարկի մարման ողջ պարտավորությունը փոխանցել է «Նաիրիտ»-ին։

«Նաիրիտ»-ի 2010թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունում նշվում է. «Միջպետական բանկից Rhinoville Property Limited-ի ներգրաված վարկի ապահովման համար ընկերությունը («Նաիրիտ»-ը) հանդես է եկել վարկային պայմանագրից բխող պարտավորությունների կատարման երաշխավոր»։

Սա նշանակում է, որ եթե քիմիական հսկայի «մայր» ընկերությունը մինչև տարեվերջ չկատարի իր պարտավորությունը, դա պետք է կատարի «Նաիրիտ»-ը։ Rhinoville-ի ստացած վարկը նաև ապահովված է «Նաիրիտ»-ի հիմնական միջոցներով։

Rhinoville Property Limited-ը, որը, չունենալով լուրջ միջոցներ, «Նաիրիտ»-ը գնել է $39 մլն վարկային միջոցներով, 2006-ից այս կողմ միշտ ձգտել է առավելագույնը կորզել «Նաիրիտ»-ից։ Կասկածի տեղիք է տալիս Միջպետական բանկից ստացված վարկի $31 մլն-ի ծախսը (պաշտոնական վարկածով՝ $12,8 մլն-ը ուղղվել է շրջանառու միջոցների համալրմանը, $18,2 մլն-ը՝ արդիականացման ծառայությունների վճարմանը)։

Սրանցից բացի՝ Rhinoville Property Limited-ը հանդես է եկել որպես «Նաիրիտ»-ի կաուչուկի 51%-ի գնորդ և վերավաճառքից շահույթ ստացել։ Միևնույն ժամանակ, «մայրը» «դուստրից» փոխառություններ է վերցրել և 2010թ. վերջի դրությամբ՝ մայր ընկերության պարտավորությունները «Նաիրիտ»-ի նկատմամբ կազմել են Դ3,72 մլրդ (մոտ $10 մլն)։

Ուշագրավ է, որ Միջպետական բանկը, ըստ էության չստանալով Rhinoville-ին տված վարկը, որ ապահովված էր «Նաիրիտ»-ի բաժնետոմսերով, 2009թ. «Նաիրիտ»-ին 8,5% տոկոսադրույքով և մինչև 2019թ. մարման ժամկետով բացել էր Դ35,5 մլրդ-ի ($95 մլն) վարկային գիծ։ Այդ միջոցներից $13,5 մլն-ը «Նաիրիտ»-ը ստացել է 2010թ., ընդ որում՝ այդ գումարի ստացման համար ընկերությունը բրիտանական Target Management Limited ընկերությանը ներգրավել է որպես միջնորդ և վճարել Դ261,3 մլն (մոտ $700 հազ.)։

Միջնորդ կազմակերպության ներգրավումն ըստ էության գումարներ յուրացնելու ձևերից մեկն է, քանի որ եթե ըստ բանկի՝ «Նաիրիտ»-ը ռիսկային վարկառու է, ապա անկախ ամեն ինչից՝ պետք է որ չտրամադրեր հաջորդ տրանշը։

«Նաիրիտ»-ի շուրջ ծավալվող գործընթացին լավատեղյակ «Օրակարգ»-ի աղբյուրի հաղորդմամբ՝ թե՛ Միջպետական բանկի, թե՛ «Նաիրիտ»-ի և թե՛ Rhinoville Property Limited-ի պարտքի մարման հարցում որպես աղբյուր դիտարկվում է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի կողմից Հայաստանին հատկացվելիք $400 մլն վարկը։

Վարկային այս միջոցների հատկացման մասին դեռ հունիսի 5-ին հայտարարել էր Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը Կիևում ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների նիստին։ Սակայն այդ միջոցների հատկացման մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Ակնկալվում է, որ վարկային միջոցներն ուղղվելու են «Նաիրիտ»-ի 2011-2019 թթ. զարգացման նոր ծրագրին, որը գնահատվել է $512 մլն, որից $366 մլն-ն է ուղղվելու քիմիական հսկայի արդիականացմանը, $146 մլն-ը՝ ընդհանուր պարտքերի մարմանը, որից ԱՊՀ Միջպետական բանկի պարտավորությունների վերաֆինանսավորմանը՝ $100 մլն, և $46 մլն-ը՝ «Նաիրիտ գործարան»-ի ընթացիկ պարտքի վերաֆինանսավորմանը։

«Նաիրիտ»-ի հանելուկը չի բացվում

Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը նոյեմբերի 21-ին հայտարարել էր, որ Rhinoville Property Limited-ի կողմից ներգրավված $70 մլն վարկային միջոցներից $31 մլն-ը անհետացել է, և այդ գործընթացում անմասն չեն եղել ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ԱՊՀ Միջպետական բանկի հայաստանյան ներկայացուցիչ, «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը, ինչպես նաև Միջպետական բանկի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։

Այդ հայտարարությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը միջնորդությամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվեն հայտարարության մեջ նշված պնդումները, և հայտարարությունների համաձայն՝ հարուցվի քրեական գործ։

Լինելով Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ և 2005-2007 թթ. ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի նախագահ՝ Տիգրան Սարգսյանը պետք է որ իմանա Rhinoville Property Limited-ի իրական բաժնետերերին, ինչպես նաև հատկացված միջոցների ծախսման ուղղությունները։ Կասկածները չեն փարատվում, թե ինչու Rhinoville-ի բաժնետերերը դեռ թաքուն են մնում: 

Մեկնաբանել