Սեմինարավայր-հանգստավայր

Թերևս սրանով էր պայմանավորված նախագահ Սերժ Սարգսյանի շաբաթօրյա այցը Դիլիջան՝ ԿԲ-ի կողմից կառուցվող «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի շինհրապարակ։ Համեստ հաշվարկներով՝ դա պետությանը կարժենա $100 մլն:

Բայցևայնպես դա երաշխիք չէ, որ Դիլիջանը կդառնա ֆինանսական կենտրոն: Ի դեպ՝ 2012թ. Հայաստանն իր արտաքին պարտքի սպասարկմանն ուղղելու է մոտ $120 մլն:

Ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի կառուցման հիմնական նպատակն է ստեղծել ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցած ինստիտուտ, որտեղ կիրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխանող, տնտեսագիտության և ֆինանսների բնագավառներին առնչվող տարածաշրջանային և միջազգային կոնֆերանսներ, ուսումնական ծրագրեր՝ վերապատրաստվելու հնարավորություն ընձեռելով ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակիցներին:

Կենտրոնում տարածքներ կհատկացվեն առևտրային բանկերի, «ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնի, ԱՔՌԱ վարկային և ԱՊՊԱ բյուրոների համար՝ վերջիններիս կողմից պահուստային տվյալների շտեմարանների ստեղծման հնարավորությամբ: Կենտրոնի տարածքում կգործի նաև տարածքային դրամարկղային կենտրոն, որի միջոցով կսպասարկվեն տարածաշրջանի ֆինանսական կազմակերպությունները:

Կենտրոնի ընդհանուր մակերեսը 29 հազ. քմ է: Համալիրը բաղկացած է երկու մասնաշենքից՝ գլխավոր և տեխնիկական: «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնում աշխատող ԿԲ աշխատակիցների համար կառուցվում է նաև բազմաբնակարան բնակելի շենք՝ 64 ծառայողական բնակարանով՝ 6290 քմ ընդհանուր բնակելի տարածքով:

Նման կենտրոնի կառուցումը տարածաշրջանների համաչափ զարգացման տեսակետից միգուցե և կարևոր է, եթե հաշվի առնենք, որ ԿԲ աշխատակիցներն ստանալու են նույնքան աշխատավարձ, որքան Երևանում (2012թ. ԿԲ-ում միջին աշխատավարձը կկազմի Դ451,5 հազ.), և այդ գումարների մի մասը ծախսելու են Դիլիջանում։ Բայց պետք է հասկանալ նաև Դիլիջանում կատարված ներդրումների արդյունավետությունը։

Այսպես՝ գալիք տարի ԿԲ-ն ծրագրում է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում և աշխատակիցների համար կառուցվող շենքում կատարել Դ25,4 մլրդ-ի ($70 մլն) ներդրումներ (ըստ 2012թ. ՀՀ պետբյուջեի)։ Մասնավորապես՝ Կենտրոնի վարչական շենքի կառուցման աշխատանքների համար նախատեսվում է ծախսել Դ10,33 մլրդ, աշխատակիցների ժամանակավոր կացության բնակելի շենքի համար նախատեսված է ծախսել Դ3,2 մլրդ (ըստ 2012թ. ՀՀ պետբյուջեի): Բացի այդ՝ ԿԲ աշխատակիցների համար կկառուցվեն Դ11,7 մլրդ արժողությամբ կացարաններ: Ծրագրվում էր, որ այս տարի ԿԲ-ն Դ11 մլրդ ($30 մլն) պետք է հատկացներ «Դիլիջան» կենտրոնի համար։

Ստացվում է, որ նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով՝ «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնը պետությանը կարժենա $100 մլն: Իսկ թե Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն կդառնա թե ոչ, այնքան էլ պարզ չէ։

Թե որքանով է մասնավոր հատվածը շահագրգռված այս նախագծով, առայժմ չի երևում: Եթե այդ հետաքրքրությունը չդրսևորվի, Դիլիջանը կդառնա ոչ թե տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, այլև ԿԲ աշխատակիցների սեմինարավայր-հանգստավայր: