Սեր, որը երբեմն խեղդող է դառնում

Պիեսը հայերեն թարգմանել և բեմադրել է ռեժիսոր Սերժ Մելիք Հովսեփյանը, որն ընդամենը մի քանի տարի առաջ է Ֆրանսիայից տեղափոխվել Հայաստան։ Հայրենիքում նրա առաջին բեմադրությունը՝ «Սերոժիկ» մոնոներկայացումը, մեծ հաջողություն ունեցավ, ինչից հետո ռեժիսորը ևս մի քանի ներկայացում բեմադրեց։ Հենց այս բեմադրություններում ներգրավված դերասաններից էլ ձևավորվել է «Ագորա» թատերախումբը:

Սերժ Մելիք Հովսեփյանը համարում է, որ հայկական թատրոնին պակասում են ժամանակակից պիեսների բեմադրությունները, առավել ևս՝ թարգմանված: Ռեժիսորի համոզմամբ՝ դրանք ունակ են ոչ միայն նոր շունչ հաղորդել մեր թատրոնին, այլև ծառայել թատրոնի բուն նպատակին՝ արթնացնել մարդկանց զգացմունքները, նոր, արդիական հարցեր բարձրացնել։ Հենց սա էլ եղել է Ֆլորիան Զելլերի պիեսի ընտրության պատճառներից մեկը:

«Մայրը» գրվել և բեմադրվել է Ֆրանսիայում 2010թ. աշնանը: Պիեսի հեղինակը ժամանակակից Ֆրանսիայի ամենահայտնի երիտասարդ գրող-լրագրող-դրամատուրգներից է: Ֆլորիան Զելլերը գրական աշխարհ է մտել «Արհեստական ձյուն» վեպով՝ շահելով «Աշետ» հիմնադրամի գրական մրցանակը: Ճանաչում նրան բերել է, այնուամենայնիվ, «Չարի հրապուրանքը», որն արժանացել է Interalié գրական մրցանակի:

Պիեսի մտահղացման մասին խոսելիս Ֆլորիան Զելլերն ասել է, թե ցանկացել է պատմել մայրական սիրո մասին՝ «սեր, որը թեև ջերմագին, սակայն երբեմն ներխուժող ու խեղդող է դառնում»: Պիեսը մի կնոջ կյանքի պատմություն է, որը տարիներ է նվիրել իր ընտանիքին ու երբեք չի էլ փորձել մտածել իր անձնական կյանքի, ճակատագրի մասին։ Երեխաները մեծացել են և հեռացել ընտանիքից, ամուսինը սեփական կյանքով է ապրում ու հաճախ բացակայում, և կինը չգիտի ինչպես գոյատևել անսպասելի այս դատարկության մեջ: Նրան տանջում է միայնությունը, անգործությունը, ու նա փորձում է սփոփանք գտնել հիշողությունների մեջ:

Պիեսի գործողություններն ընթանում են տարբեր հարթություններում։ Հեղինակը ինքնատիպ մի կառուցվածք է ստեղծում, որի օգնությամբ էլ արտահայտվում են հերոսների կյանքի տարբեր կողմերը: Նույն դրվագում հանդիսատեսը մի դեպքում լսում է կնոջ ներքին մենախոսությունը, որն անվերջ է շրջապատի հետ և որն այդպես էլ չարտասանված է մնում մտերիմների համար։

Մյուս դեպքում դրվագում հանդիսատեսը լսում է արդեն այն, ինչ կինը նախընտրում է արտասանել մտերիմների համար։ «Մարդիկ, վախից կամ քաղաքավարությունից ելնելով, միշտ չէ, որ ասում են այն, ինչ մտածում են։ Դա ամենաանտանելին է ինձ համար, և ես դա էի ուզում ցույց տալ»,– մեկնաբանել է Ֆլորիան Զելլերը:

Ֆրանսերենով պիեսը կոչվում է «Մայրը»։ Հայաստանյան բեմադրությունը Սերժ Մելիք Հովսեփյանը անվանել է «Մայր»՝ փորձելով այս կերպ ընդհանրացնել կնոջ այն կերպարը, որը Հայաստանում շատերին ծանոթ կթվա։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Նարինե Գրիգորյանը, Նանոր Պետրոսյանը, Սերգեյ Թովմասյանը, Արթուր Նազարյանը:

Դեկտեմբերի 1-ին, թատերաշրջանի վերջին ներկայացումից հետո, ռեժիսորն ու թատերախումբը պատրաստվում են զրույց-քննարկում անցկացնել հանդիսատեսի հետ: «Պիեսը բազմաշերտ է, ու մեզ հետաքրքիր է իմանալ, թե ինչն է հատկապես հուզել հայ հանդիսատեսին, ինչ մտքեր ունի նա բեմադրության հետ կապված: Բացի այդ՝ մենք հույս ունենք հանդիսատեսի օգնությամբ մեզ համար նոր կողմեր բացահայտել»,– ասում է Սերժ Մելիք Հովսեփյանը: