Այսօր մեկնարկում է Սերժ Սարգսյանի այցը Վրաստան

Սերժ ՍարգսյանՆոյեմբերի 29-ին մեկնարկում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա այցը Վրաստան: Նախատեսված է, որ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի քննարկումից բացի, մի շարք ոլորտներում հայ-վրացական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր կստորագրվեն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն նշել էր, որ այցի շրջանակում նախատեսվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին առնչվող ակտուալ հարցերի քննարկում: Նախատեսվում է, որ կստորագրվեն մի քանի համաձայնագրեր, այդ թվում’ սահմանային համագործակցության, սպորտի ոլորտին առնչվող փաստաթղթեր: «Երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ նախատեսվում է նաեւ համագործակցության մասին արձանագրության ստորագրում»,-նշել է Կալանդաձեն: Նա նաեւ հույս է հայտնել, որ այցն էլ ավելի կամրապնդի երկու երկրների ամուր հարաբերությունները:

Վրաստանի հայ համայնքը հույս էր հայտնել, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի’ պաշտոնական այցի ժամանակ կամրապնդվեն հայ-վրացական բազմադարյա բարեկամական հարաբերությունները:

Պաշտոնական վերջին տվյալներով’ Վրաստանում ապրում է ավելի քան 240 000 ազգությամբ հայ քաղաքացի:

Մեկնաբանել