Մարդ՝ թնդանոթի մսի փոխարեն

Շատերը դա բացատրում են վերջին տարիներին ՊՆ-ի թափանցիկ աշխատանքով: Իրոք, ինչպե՞ս բացատրել, որ զինադադարին հաջորդած հնգամյակում տասը անգամ ավելի շատ զոհեր էին լինում, քան հիմա, սակայն այժմ հասարակության արձագանքն առավել բուռն է:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն արցախյան «Անալիտիկոն» ամսագրում հրապարակած իր հոդվածում խոսում է այս երևույթի մասին՝ նշելով, որ զոհերի նկատմամբ անհանդուրժողականությունը հայերին բնորոշ երևույթ է, քանզի դարեր շարունակ հայոց սպարապետներն ու զորավարները միշտ ուշադրություն են դարձրել մարդկային կյանքին, ֆիդայական շարժման ժամանակ ամեն մի ֆիդայու մահը եղել է ազգային սուգ և այլն:

Ռուսական տիրապետությունն իր հետ բերել էր նաև ռուսական ազդեցություն, ռուսական մտածելակերպ. զինվորի՝ թնդանոթի միս լինելը: Ռազմական գործողությունների ժամանակ հսկայական կորուստներ թույլատրելը հատուկ է եղել մեծաքանակ մարդկային ռեսուրսներ ունեցող կայսրություններին:

Սակայն փոքրաքանակ ժողովուրդները պետք է առավելագույնս անհանդուրժող լինեն մարդկային զոհերի նկատմամբ: Իսրայելը, օրինակ, իր գերի ընկած մի զինվորին կարող է փոխանակել հակառակորդի հազարավոր գերիների հետ:

Ես նույնպես կարծում եմ, որ բանակում մահերի նկատմամբ անհանդուրժողականությունը ոչ միայն ՊՆ-ի բացվելու, այլև մեր հասարակության մեջ մարդկային կյանքն ավելի կարևորելու երևույթով է պայմանավորված: Սա հատկապես առկա է Արցախում, երբ թշնամու կողմից հայ զինվորների սպանությունն առաջացնում է պատասխան գործողություններ՝ թշնամուն պատճառելով մեծաքանակ զոհեր:

Շատ հաճախ որոշ հակագործողությունների մասին մենք չենք իմանում, քանզի Արցախի պաշտպանության բանակը խուսափում է դրանից խոսելուց՝ պատերազմի վերսկսելու մասին խոսակցություններին հիմք չտալու և խուճապ չառաջացնելու համար: Սակայն պետք է նկատել, որ ՊԲ-ն, ինչպես նաև հայոց զինված ուժերի այլ կորպուսներ դաժան հաշվեհարդար են տեսնում թշնամու հետ: 2008թ. մարտին, երբ թշնամին, փորձելով օգտվել մարտի 1-ի իրադարձություններից, գրավեց Արցախի Լևոնարխ գյուղի մոտի դիրքը, դաժան պատասխան ստացավ՝ թողնելով 12 սպայի դիակ՝ մեր երկու վիրավորված զինվորի դիմաց:

Նույնը կատարվեց վերջերս, երբ դիպուկահարի կրակոցից սպանված երկու հայ զինվորի փոխարեն թշնամին հատուցեց մի քանի անգամ: Սրանով, իհարկե, մենք հետ չբերեցինք զոհված զինվորներին: Որքան էլ ցավալի է, սակայն միայն նմանատիպ ձևով կարելի է հակառակորդին ստիպել զերծ մնալ դիպուկահարային արկածախնդրությունից: Ո՛չ հոգևոր առաջնորդները, ո՛չ Մինսկի խմբի համանախագահներն այս ամենը չեն կարող անել:

Մյուս կողմից՝ խաղաղ պայմաններում զոհված զինվորների դեպքերի առնչությամբ հասարակական ակտիվությունը չպետք է նվազի՝ ստիպելով զինվորական և քաղաքացիական ղեկավարությանը նոր ջանքեր գործադրել բանակի ներսում կանոնադրական հարաբերությունների պաշտպանության, սպանությունների բացահայտման ու մեղավորների պատժման ուղղությամբ:

Թշնամու դեմ վճռական գործողությունները, ինչպես նաև բանակում առկա մահերի նկատմամբ քաղաքացիական հասարակության անզիջում կեցվածքը գալիս են հաստատելու, որ մեր հասարակությունում վերականգնվում է մարդու արժեքը՝ ընդմիշտ արխիվացնելով զինվորի՝ թնդանոթի միս լինելու մասին պատկերացումները:

Մեկնաբանել