Շիրակը՝ Երևանի կենտրոնում

Դեկտեմբերի 1-ին Կառավարությունը նախատեսում է որոշում ընդունել, որով «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպությանը կվաճառվի Կառավարության շենքից ոչ հեռու (Տիգրան Մեծի 9) 703 քմ մակերեսով վարչական շենքը և 320 քմ հողամասը Դ180 մլն-ով։

Ըստ որոշման նախագծի՝ գույքի (վարչական շենքը) գնահատված արժեքը կազմում է Դ258,113 մլն, իսկ ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ Դ167,143 մլն։ Ինչ վերաբերում է 320 քմ հողամասին, այն իրացվելու է կադաստրային արժեքով՝ Դ12,48 մլն-ով։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ջավախք» միության ղեկավարը Դ180 մլն-ով պատրաստ է ձեռք բերել գույքն ու հողամասը և առաջիկա երկու տարվա ընթացքում կատարել Դ90 մլն-ի ներդրում:

Նշենք, որ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հրապարակվող անշարժ գույքի շուկայի վերլուծության համաձայն՝ Երևանի Կենտրոն համայնքում անհատական բնակելի տների 1 քմ միջին շուկայական գինը օգոստոսին կազմել է Դ453,3 հազ.։

Հիմք ընդունելով այդ գինը՝ ստացվում է, որ «Ջավախք» միությանը իրացվելիք շենքի շուկայական գինը կազմում է Դ318,7 մլն, այն դեպքում, երբ Կառավարությունն այն վաճառում է Դ180 մլն-ով։ Ստացվում է, որ ընտրությունների նախաշեմին Կառավարությունը ցանկանում է «Ջավախք» միությանը նվիրել շենք՝ շուկայական գնից 1,8 անգամ էժան։

Եթե հաշվի առնենք, որ այդ շենքը գտնվում է իրացման գոտում՝ հայտնի Ֆիրդուսնոցի հարևանությամբ, չի բացառվում, որ տարածքի կառուցապատման ժամանակ «Ջավախք» միությունը այն կա՛մ իրացնի ավելի բարձր գնով, կա՛մ այդ տեղում կառուցի էլիտար շենք։ 

Մեկնաբանել