Քաղաքացիությունը վերականգնելու այլ ուղիներ կան. Բ.Իվանիշվիլի

Բիձինա Իվանիշվիլի«Վրացական երազանք» հասարակական կազմակերպությունը ստեղծվում է պետության ներսում ընթացող քաղաքական, տնտեսական և սոցիալական գործընթացները վերահսկելու, ինչպես նաև ազդեցությունն ուժեղացնելու նպատակով», – հայտարարել է գործարար Բիձինա Իվանիշվիլին Maestro հեռուստաընկերության եթերում, հայտնում է Georgia Online-ը:

Ինչպես նշել է Իվանիշվիլին, հանրությունը պետք է կարողանա վերահսկողություն իրականացնել երկրի ներսում ընթացող քաղաքական գործընթացների հանդեպ: «Հանրությունը պետք է վերահսկի կառավարությունը և ոչ թե հակառակը, ինչպես դա տեղի է ունենում այսօր: Այս գործընթացը երկարատև է լինելու, սակայն միայն բողոքական զանգվածների առկայությամբ և դրա անհրաժեշտության գիտակցմամբ կարելի է հասնել այդ նպատակին», – հայտարարել է Իվանիշվիլին:

Ի հավելումն այս ամենի’ Բիձինա Իվանիշվիլին անդրադարձել է նաև քաղաքական կուսակցության ստեղծման հարցին’ նշելով, որ այս փուլում ընթանում է անձնակազմի հավաքագրումը: Իսկ ինչ վերաբերում է վրացական քաղաքացիության վերականգնմանը, ապա, գործարարի խոսքով’ «գոյություն ունեն նաև այլ ուղիներ»:«Կուսակցությունն անպայման կստեղծվի: Մենք ձևավորում ենք մեր թիմը: Կարծում եմ’ քաղաքացիությունն էլ կվերականգնվի, իսկ եթե ոչ’մենք ունենք նաև այլ ուղիներ, և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես հարկն է», – նշել է Իվանիշվիլին:

Մեկնաբանել