Դամասկոսում ստեղծվել է արաբական պատժամիջոցների հակազդեցության հանձնաժողով

Այսօր ԱՊԼ փորձագիտական հանձնաժողովը հրապարակել է 17 սիրիացի պաշտոնյաների անունները, որոնց կարգելվի մուտքը արաբական երկրներ. նրանց թվում են պաշտպանության և ներքին գործերի նախարարները, հատուկ ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև Բաշար Ասադի’ բարձր պաշտոններ զբաղեցնող մտերիմ ազգականները: Ինքը’ Բաշար Ասադը, այդ ցուցակում չի ընդգրկվել, ինչը, տեղական դիտորդների կարծիքով, Դամասկոսի համար դրական ահազանգ է:

Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Մարոկկոյի, Հորդանանի, Սուդանի, Ալժիրի և Օմանի փորձագետները սահմանել են այն ապրանքների տեսականին, որոնք կարգելվի ներմուծել Սիրիա. բացառություն են կազմում բազային սննդի ապրանքները և դեղամիջոցները: Պատժամիջոցները ենթադրում են նաև սիրիական պաշտոնյաների բանկային հաշիվների սառեցում, Սիրիայի ԿԲ հետ ֆինանսական օպերացիաների դադարեցում, ինչը, հանրապետության արտգործնախարար Վալիդ Մուալլեմի խոսքով` «հավասարազոր է տնտեսական պատերազմ հայտարարելուն»:

Սիրիայի կառավարությունը պատժամիջոցներին հակազդելու և սննդի անվտանգությունը ապահովելու նպատակով հանձնաժողով է ձևավորել: Ինչպես հայտարարել է տեղեկատվության նախարար Ադնան Մահմուդը` երկրի ղեկավարությունը երաշխավորում է, որ կլրացնի առկա պակասորդը իշխանությունների ստեղծած ռազմավարական պաշարների միջոցով:

«Սիրիայի ժողովուրդը կպայքարի այս մարտահրավերի դեմ’ սեփական ուժերի վրա հիմնվելով», – ասել է նախարարը:

Մեկնաբանել