Հավատում եմ, որ Գյումրին կարող է դառնալ տեխնոքաղաք

«Օրակարգ»-ի հետ զրույցում Գյումրիի Տնտեսական զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գուրգեն Պարոնյանն իրատեսական է համարում Գյումրին տեխնոքաղաք դարձնելու ծրագիրը:

-Պարոն Պարոնյան, իրատեսակա՞ն է արդյոք Գյումրին տեխնոքաղաք դարձնելու ծրագիրը, և ի՞նչ նշանակություն այն կարող է ունենալ Հայաստանի համար:

-Գյումրին կարո՛ղ է դառնալ տեխնոքաղաք, և դա իրականանալի նպատակ է: Ես դա ասում եմ ոչ թե որպես տեխնոպարկի տնօրեն, այլ քանի որ հավատում եմ դրա իրական լինելուն: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման մոտեցումներն արդյունավետ են, քանի որ խթանում են պետության ներսում կոնկրետ տարածաշրջանների կամ ոլորտների զարգացումը: Սրան կարելի է հասնել տեխնոպարկերի, ազատ տնտեսական գոտիների, ազատ առևտրի գոտիների ներդրմամբ: Հայաստանի պարագայում Գյումրիի տեխնոպարկն ուղղված է տարածաշրջանի՝ Գյումրիի ոլորտային զարգացմանը:

-Ի՞նչ փուլում է տեխնոպարկի ծրագիրն այսօր:

-Գյումրիի տեխնոպարկի մեկ տարվա աշխատանքը հետաքրքիր արդյունքներ է տվել և ստեղծել նոր հեռանկարներ: Չնայած տեխնոպարկի շենքը դեռ պատրաստ չէ, իսկ շատերը տեխնոպարկի գաղափարը կապում են բոլոր հարմարությունների՝ անհրաժեշտ սարքավորումներով և լուծումներով հագեցած շենքի հետ, բայց այսօր մենք աշխատում ենք այն բովանդակության և պրոդուկտների վրա, որոնքհամարում ենք տեխնոպարկի էությունն ու առավելությունը:

-Կարո՞ղ եք խոսել կոնկրետ արդյունքների մասին:

-Այս տարվա փոքր ծրագրերի արդյունքում ստեղծվել է 20 աշխատատեղ: Անցած տարի մրցութային կարգով հիմնեցինք երկու ընկերություն, իսկ 2011թ. օժանդակեցինք ևս երկու ընկերությունների բացմանը, այս անգամ՝ առանց պետության մասնակցության:

-Տեխնոպարկն արտասահմանյան ընկերությունների մոտ արդյոք կարողացե՞լ է հետաքրքրություն առաջացնել: Արդյունքներ կա՞ն այդ ուղղությամբ:

-Այս տարվա մեր կարևոր ձեռքբերումը D-Link հետազոտական կենտրոնն է: D-Link-ը համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություն է, որն զբաղվում է ցանցային համալրող սարքավորումների նախագծմամբ և արտադրությամբ: Բավական երկար բանակցելուց հետո ընկերությունը համաձայնեց իր հետազոտական կենտրոնը բացել Գյումրիի տեխնոպարկում:

Հետաքրքիրն այն էր, որ հետազոտական կենտրոնը հիմնեցինք մայիսին, և երկու ամսվա ընթացքում կենտրոնի նորավարտ երիտասարդ մասնագետները լուծեցին մի խնդիր, որ D-Link-ի Հնդկաստանի կենտրոնը չէր կարողացել լուծել երկու տարվա ընթացքում: Դա մեծ նվաճում ու անակնկալ էր: Ստացվեց, որ մեր մարդկային ռեսուրսներն ավելի արդյունավետ են, և գործում է կառավարման ճիշտ մեխանիզմ:

D-Link-ի կառավարման մեխանիզմը հղկված մեխանիզմ է, և այդ մեխանիզմում մեր մասնագետները շատ արդյունավետ են աշխատում: Բանակցային փուլից հետո D-Link-ը որոշել է, որ տեխնոպարկի աշխատանքների շրջանակում տեխնոպարկին կից կառուցելու է մոտ 80 աշխատատեղ ապահովող իր կենտրոնը: D-Link-ը հաջողության պատմություն է, որը կարելի է օգտագործել ուրիշ ընկերությունների հետ բանակցելիս:

-ՏՏ ոլորտի մասնագետների քանակն արդյոք բավարարո՞ւմ է առկա պահանջարկը, և ինչպե՞ս եք գնահատում նրանց պատրաստվածությունը:

-Իմ կարծիքով՝ Հայաստանի տեխնիկական բուհերն արդեն 20 տարի է, ինչ մասնագետ չեն տալիս: Այսինքն՝ մենք շրջանավարտների հետ պետք է աշխատենք նաև աշխատավայրում: Դրա փայլուն օրինակը Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն է, որը զբաղվում է հետբուհական կրթությամբ:

Նման կենտրոնի անհրաժեշտություն առաջացավ, քանի որ բուհերը որակյալ մասնագետներ չեն պատրաստում, որ դրանց շրջանավարտները կարողանան միանգամից աշխատանքի անցնել: Իմ կարծիքով՝ 200 շրջանավարտներից միայն երկուսը կարող են բավարարել գործատուի պահանջները:

-Գյումրիի տեխնոպարկը ֆինանսավորվում է պետբյուջեի միջոցներով: Բյուջեի մուտքեր ապահովե՞լ եք:

-Տեխնոպարկը մուտքեր ունի նաև կոմերցիոն գործունեությունից, որ գոյանում են մեր հիմնած ընկերությունների բաժնեմասերից ստացված եկամուտներից: Երկրորդ հիմնական գործունեությունը ուսումնական ծրագիրն է, որն այսօր տրամադրվում է անվճար: Սակայն մենք ունենք ծախսածածկման ծրագիր, այսինքն՝ որոշ ժամանակ անց մենք պետք է ինքնաֆինանսավորվենք:

Հաշվի առնելով այն, որ մեր հիմնական գործունեությունը սկսվել է անցյալ տարվա նոյեմբերից, և մենք ունենք մեկ տարվա փորձ՝ դեռ վաղ է խոսել ինքնածախսածածկման և պետբյուջեի մուտքեր ապահովելու մասին: Տեխնոպարկը պետական ծրագիր է, որի հիմնական օպերատորը Գյումրիի տնտեսական զարգացման հիմնադրամն է, այսինքն՝ մենք կատարում ենք պետական ծրագիր, որ կա՛մ պետք է հավերժ ֆինանսավորվի պետության կողմից, կա՛մ որոշ պահից հետո դառնա ինքնաֆինանսավորվող:

-Ի՞նչ փուլում է տեխնոպարկի հայտարարած «Ինքնաթիռների նախագծում» ծրագիրը:

-Mika Progresstech ընկերությունը, որը զբաղվում է Boeing, Airbus ընկերությունների արտապատվիրման խնդիրներով, ցանկություն էր հայտնել ինքնաթիռների որոշ նախագծեր արտապատվիրել Գյումրիի տեխնոպարկին: Չնայած սկզբից ոգևորությունը մեծ էր, և անգամ մշակվել էին կրթական ծրագրեր, ծրագիրը սառեցվեց այդ ընկերության նախաձեռնությամբ:

Սակայն ինժեներների թիմը, որ հավաքվել էր այդ ծրագրի համար, ուղղվել է այլ ծրագրերի: Օրինակ՝ այսօր մենք հիմնել ենք զուտ ինժեներական ընկերություն, որն զբաղվելու է համակցված ջեռուցման համակարգերի մշակմամբ, որոնք տարեկան ապահովելու են 30% գազախնայողություն:

-Ի՞նչ հեռանկարային ծրագրեր ունի տեխնոպարկը:

-Ծրագրում ենք հիմնել մուլտիմեդիայի լաբորատորիա, որն զբաղվելու է 2D, անիմացիա, մեդիա դիզայն և այլ ծրագրերի զարգացմամբ: Գյումրիում մենք արդեն ունենք 12-հոգանոց թիմ, որն զբաղվելու է այդ գործունեությամբ: Ծրագրում ենք բացել նաև անիմացիայի ակումբ դեռահասների համար, ինչը կլինի ապագա մասնագետների պատրաստման հրաշալի հնարավորություն:

-Հայաստանում ի՞նչ առավելություն ունի ՏՏ ոլորտը այլ ոլորտներից:

-ՏՏ ոլորտի ամենամեծ առավելությունն այն է, որ պրոդուկտը թվային է, և արտահանման խնդիր չկա՝ կապված սահմանների կամ այլ խոչընդոտների հետ: Այդ պատճառով նրանք բավական ինտենսիվ աշխատում են արտահանման վրա:

Այսինքն՝ լուծումների, պրոդուկտների մեծ մասն արտահանվում է համաշխարհային շուկա, որի համար պետք է համապատասխանել կոնկրետ պահանջների և ունենալ որակյալ մարդկային ռեսուրսներ: Հայաստանում ևս կան լավ մասնագետներ, իսկ ՏՏ ոլորտի մասնագետը ամենաբարձր վարձատրվող մասնագետներից է: 

Մեկնաբանել