Ռուսաստանը պատրաստվում է ընտրել

Մեդվեդևը, ընդհանուր առմամբ, խոսել է ժողովրդավարության, ընտրությունների կարևորության ու արժեքի մասին և ՌԴ քաղաքացիներին դեկտեմբերի 4-ին ընտրատեղամասեր գնալու կոչ արել։

«Կարևոր և ճիշտ գործ կատարեք՝ եկե՛ք Պետական dումայի պատգամավորների ընտրության… Որքա՞ն ժամանակ եք ծախսելու ընտրատեղամաս գնալու և քվեարկելու համար։ Ոչ շատ՝ կե՞ս ժամ, մե՞կ ժամ։ Սակայն հենց այդ մեկ ժամը կորոշի, թե ինչպիսի խորհրդարան կունենա մեր երկիրը հաջորդ հինգ տարիների ընթացքում»,– ասել է նա։

Ուղերձում Մեդվեդևն ուղղակիորեն չի առաջարկել քվեարկել Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության օգտին, որի նախընտրական ցուցակը գլխավորում է հենց ինքը, սակայն բավական ակնհայտ ակնարկել է, թե ում է պետք տալ նախապատվությունը։ Մասնավորապես՝ նա կոչ է արել ընտրել այն ուժին, «որը ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու փորձ ունի»։

Ի տարբերություն իր նախորդ ելույթների՝ Ռուսաստանի նախագահը չի խոսել քաղաքական մրցակցության ու տարակարծության մասին և չի հիշատակել ազատությունն այն արժեքների շարքում, որոնց պետք է ձգտի Ռուսաստանը։

Վերլուծաբանների կարծիքով՝ Մեդվեդևի ուղերձը ռուսաստանցիների ընտրության վրա զգալի ազդեցություն չի ունենա. մարդիկ արդեն կողմնորոշվել են և բավական վաղուց։ «Պետերբուրգյան քաղաքականություն» վերլուծական հիմնադրամի ղեկավար Միխայիլ Վինոգրադովը նշում է, որ ռուսաստանյան քաղաքականության համար այսօր կարևորը նախագահական ընտրություններից հետո գործադիր իշխանության ձևավորումն է։

Իսկ ինչ վերաբերում է Պետդումային, ապա եթե անգամ «Եդինայա Ռոսիա»-ն ավելի քիչ ձայն ստանա, քան կցանկանար, ուժերի դասավորության վրա դա քիչ կազդի։ «Ծայրահեղ դեպքում «Եդինայա Ռոսիա»-ն կոալիցիա կազմելու լայն հնարավորություն ունի»,– ասում է փորձագետը։

Նշենք, որ այսօր Ռուսաստանում «լռության օր» է, երբ արգելվում է նախընտրական ցանկացած քարոզչություն։ Վաղը կայանալիք ընտրություններում ռուսաստանցիները կարող են վեցերորդ գումարման Պետդումայի համար պատգամավորներ ընտրել յոթ կուսակցությունից՝ «Եդինայա Ռոսիա», ՌԴ կոմունիստական կուսակցություն, «Սպրավեդլիվայա Ռոսիա», Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն, «Պրավոյե դելո», «Յաբլոկո» և «Պատրիոտի Ռոսիի»։

Հատկանշական է, որ ընտրությունների նախաշեմին ռուսաստանցիները սկսել են ավելի դրական գնահատել երկրում տիրող քաղաքական իրադրությունը։ Համաձայն Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի իրականացրած հարցման՝ նոյեմբերին 16%-ով ավելացել է նրանց թիվը, ովքեր կարծում են, որ ՌԴ քաղաքական դաշտում գործերը լավ են ընթանում։ 

Մեկնաբանել