Ներողություն պետության անունից

Ինոնյուն ահազանգում է, որ եթե հիմա միջոցներ չձեռնարկվեն, ապա այս տարածքներում հնարավոր չի լինի կանխել քրդական պետության առաջացումը։ Նա Աթաթուրքին առաջարկում է Դերսիմում մտցնել զինվորական կառավարում և վերացնել շրջանի կիսանկախ վիճակը։ Դերսիմում հետագայում տեղի ունեցած իրադարձությունները շարունակությունն են Ինոնյուի զեկույցի։

Թուրքական իշխանությունների կոշտ գործողություններն էլ հանգեցրին 1937թ. Դերսիմում ապստամբության բռնկմանը։ Թուրքական զորքերը հազարավոր դերսիմցիների կոտորեցին, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահան արվեցին և աքսորվեցին երկրի արևմտյան շրջաններ։ Այսօր էլ Դերսիմը շրջափակված է թուրքական զորքերով։

Դերսիմը ընկած է Վանա լճից հյուսիս-արևմուտք։ Այն Օսմանյան կայսրության գոյության ամբողջ ընթացքում կիսանկախ է եղել՝ այս կարգավիճակը պահպանելով մինչև 1938թ.: Դերսիմցիները խոսում են զազաերեն: Թեպետ քրդերի այն պնդմանը, թե դերսիմցիները նույնպես քրդեր են, Դերսիմի բնակչությունը մերժում է այս տեսակետը: Նիկողայոս Ադոնցի համոզմամբ՝ դերսիմցիները հայոց պավլիկյան աղանդավորական շարժման հետևորդներն են:

Ի տարբերություն քրդերի ու թուրքերի՝ դերսիմցիները սուննիներ չեն, նրանք ալևիականներ են։ Դերսիմցիների կրոնում պահպանվել են քրիստոնեական ու հատկապես հայ քրիստոնեական մի շարք ծեսեր ու հավատալիքներ: Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայեր են ապաստան գտել Դերսիմում: Այս իրողությունը թուրքական իշխանությունների աչքից նույնպես չի վրիպել, և Դերսիմի 1938թ. կոտորածների ժամանակ թուրքական կողմը մեղադրում էր տեղի բնակչությանը, թե նրանք ապաստան են տվել հայերին։

Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացավ, երբ վարչապետ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն հայտնեց պետության անունից ներողություն խնդրել Դերսիմում 1937-1938 թթ. տեղի ունեցած կոտորածների համար ու ներողություն խնդրեց։ Սրանով Էրդողանը փորձում էր լուծել երկու հիմնական խնդիր։ Նախ՝ վարկաբեկել քեմալական ու ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, որի կառավարման տարիներին տեղի էին ունեցել Դերսիմի իրադարձությունները։ Երկրորդ՝ տպավորություն ստեղծել, թե Թուրքիան պատրաստ է պարզ ճակատով նայել իր պատմությանը և ընդունել սխալները։

Իրականում Դերսիմի թեման վաղուց է Թուրքիայի վարչապետի ուշադրության կենտրոնում։ Նախկինում Էրդողանը մեղադրել էր Իսմեթ Ինոնյուին Դերսիմում ավերածություններ կատարելու մեջ։ Քրդական կողմում ընկալում կա, թե թեպետ Էրդողանը քննադատում է Ինոնյուին և մեղադրում Դերսիմի կոտորածների մեջ, սակայն, ըստ էության, ինքը նույն գործելաոճով է փորձում լուծել «քրդական խնդիրը»։

Էրդողանի այս հայտարարությունից հետո Դերսիմը դարձավ թուրքական հասարակության քննարկման հիմնական թեման։ Հարցը Թուրքիայի համար նաև զգացմունքային դաշտում է, քանի որ այն, ըստ էության, էթնիկական հարց է։ Էրդողանի այս հայտարարությունը ազդակ դարձավ թուրքական հասարակության համար շրջանցելու «հայկական տաբուն»։ Հենց սկզբից ևեթ հնարավոր չեղավ կանխել Դերսիմի կոտորածները Հայոց ցեղասպանության հետ համեմատելու փորձերը։

Այդ մասին ահազանգեց Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին ղեկավար, «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Յուսուֆ Հալաչօղլուն։ Ըստ նրա՝ Էրդողանի ներողությունը նախադեպ կծառայի Հայոց ցեղասպանության քննարկումների համար։ Այնուհետև մեջլիսի քուրդ պատգամավոր Սարը Սաքըքը զուգահեռներ անցկացրեց 1915 և 1938 թթ. միջև՝ նշելով, որ եթե չլիներ 1915թ. Հայոց ցեղասպանությունը, չէին լինի Դերսիմի կոտորածները։

Այս քննարկումները մեջլիսից տեղափոխվեցին մամուլ։ «Հուրրիեթ»-ն անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ 1915թ. 1,5 միլիոն մարդ է կոտորվել։ Թուրք լրագրող Նագեհան Ալչըն էլ հեռուստաեթերում հայտարարեց, թե Դերսիմում ցեղասպանություն է եղել, իսկ 1915թ. տեղի ունեցած դեպքերին Թուրքիան պետք է վաղուց առերեսվեր։

Էրդողանի այս հայտարարությունից հետո երկու հիմնական միտում նկատվեց։ Նախ՝ ակտիվացան ազգայնականները, որոնք արդարացնում էին Դերսիմում տեղի ունեցած կոտորածները՝ նշելով, թե դերսիմցիները դավաճաններ են և համագործակցել են հայերի ու ռուսների հետ։ Մյուս կողմից՝ Էրդողանի այս հայտարարությունը ճանապարհ բացեց անցյալի իրադարձությունները քննարկելու համար, թեպետ Էրդողանն էլ հասկանում է, որ սա վերահսկելի գործընթաց չէ։ 

Մեկնաբանել