Թշնամու ջրաղացն ու Հարավային Օսիան

Այս փաստարկն Արցախում ամենաշատ օգտագործվողն է: Մի ժամանակ այն Երևանում էլ էր աշխատում, սակայն կամաց-կամաց մարդիկ սկսեցին ուշադրություն չդարձնել դրան՝ հասկանալով, որ կոռուպցիայի, մենաշնորհների, անարդյունավետության պատճառը բոլորովին էլ թշնամին չէ: Հարևան Ադրբեջանում նույնպես ամեն վատ բան՝ ժողովրդավարության չգոյությունից մինչև նավթից ստացվող շահույթների թալանը, պայմանավորում են Ղարաբաղով, իմա՝ թշնամու առկայությամբ:

Հենց այս պատճառով էլ Արցախում շատ լրագրողներ ուղղակի ինքնագրաքննությամբ են զբաղված, խուսափում են քննադատական հոդվածներ գրելուց, խնդիրներ վերհանելուց: Նաև սրանով կարելի է բացատրել Արցախում քաղաքացիական շարժումների, տարբեր պահանջներով ցույցերի բացակայությունը:

Այս վիճակը լայնորեն օգտագործվում է իշխանությունների կողմից, քննադատական որևէ հոդված հայտնվելուն պես գործի են անցնում նրանց փաստաբանները՝ «թշնամու ջրաղացին ջուր լցնելու» ոճի արդեն իրեն սպառող փաստարկներով: Պատերազմ ապրած ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկելու ավելի էժան և վտանգավոր տարբերակ, քան նրան թշնամով վախեցնելը, չկա:

Կարծես թե բոլոր հակամարտությունների դեպքում է այդպես: Բայց արի ու տես, որ բացառություններ լինում են… այն էլ Արցախի հետ համեմատելի մի հասարակությունում՝ Հարավային Օսիայում: Օսերն էլ հայերի պես հին ժողովուրդ են, հնդեվրոպական, արիական ժողովուրդ, քրիստոնյա, մեզ պես երկու պետություն ունեն, հետխորհրդային ժողովուրդ են, Ստալինն իրենց նկատմամբ էլ է անարդար վարվել:

Ավելին՝ հայերն ու օսերն ինչ-որ պահ նույնիսկ խնամի են եղել. Արտաշես արքան իրեն կին էր վերցել ալանների արքայադուստր Սաթենիկին: Օսերն էլ թշնամի ունեն, Վրաստանն ընդամենը երեք տարի առաջ էր հարձակվել Հարավային Օսիայի վրա, ավերակների վերածել մայրաքաղաք Ցխինվալը:

Բայց արի ու տես, որ այս երկրում նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմության թեկնածուն, և նրա հաղթանակն ապօրինաբար խլել ցանկացող իշխանությունների դեմ զանգվածային ցույցերով դուրս են գալիս ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցները: Ի՞նչ է, մի՞թե օսերը չգիտեն, որ թշնամին սարի հետևում է:

Գիտեն, շատ լավ գիտեն, բայց գիտեն նաև, որ թշնամուն հաղթելու ամենալավ ձևը ուժեղ պետություն կառուցելն է: Իսկ դրա համար օսերը պայքարել գիտեն: Հարավային Օսիայի պես ավտորիտար երկրում քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների ու բլոգերների ձայնը երբեք չի լռել՝ նույնիսկ նրանց դեմ բռնությունների դեպքում:

Դրանով հանդերձ՝ այս մարդիկ միշտ պայքարել են ժողովրդավար, ազատությունները հարգող, Ռուսաստանից ստացվող հսկայական գումարները չփոշիացնող երկիր ունենալու համար և ընտրություններում հաղթանակ են տարել: Ինչո՞ւ: Ինչպե՞ս են այդ ամենը օսերը կարողացել անել… Պարզապես նրանք իրենց վեր են դասել թշնամու վախի վրա կառուցված մանիպուլյացիաներից:

Մեկնաբանել