Կաստրոների սեփական Facebook-ը

Facebook-ի կուբայական կրկնօրինակը կոչվում է Red Social, ինչը իսպաներենից հենց «սոցիալական ցանց» է թարգմանվում։ Գլխավոր էջը հռչակում է՝ «սա վիրտուալ վայր է կուբացի ուսանողների համար»։ Red Social-ը կարող են օգտագործել միայն կղզու բնակիչները. սոցցանցի facebook.ismm.edu.cu հասցեն այլ երկրներից հասանելի չէ։ Ենթադրվում է, որ նախագիծը հովանավորում է Կուբայի Կրթության նախարարությունը։

Հատկանշական է, որ կղզու բնակիչների մեծ մասի համար «համաշխարհային սարդոստայնը» անհասանելի է. ինտերնետից օգտվելու համար այստեղ պետք է միանալ արբանյակային թանկարժեք ցանցերին, որոնց օգտագործման մեկ ժամն արժե մոտ $5, և սա ամսական միջինը $20 աշխատավարձի դեպքում։

Սակայն բարձր գինն ամենևին էլ միակ խոչընդոտը չէ։ Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն ընդամենը երեք տարի առաջ է կուբացիներին թույլատրել անհատական համակարգիչ ձեռք բերել։ Ընդ որում՝ ինտերնետին միանալու համար դեռևս պահանջվում է կառավարության թույլտվությունը, իսկ այն ստանալն այդքան էլ հեշտ չէ։

Դրա փոխարեն, Կուբայի բնակիչների մեծ մասը հնարավորություն ունի միանալ միայն ինտերնետի կուբայական ներքին ցանցին։ Այն կուբացիները, որոնց, այնուամենայնիվ, հաջողվում է միանալ գլոբալ ցանցին, պիտի հաշտվեն մտքի հետ, որ տեղեկատվությունը զտվելու է, իսկ որոշ կայքեր արգելափակված են մնալու։

Ընդ որում՝ Կաստրոների իշխող կլանի անդամները չեն հրաժարվում ժամանակակից տեխնոլոգիաների բարիքներից օգտվելու հաճույքից։ Կուբայի կոմունիստական կուսակցության նախկին առաջնորդ, 85-ամյա Ֆիդել Կաստրոն մշտապես օգտվում է համացանցից՝ նա ինտերնետում օրական աչքի է անցկացնում 200-300 նորություն, վարում է իր բլոգը կուբայական Granma պարբերականի կայքում և WikiLeaks-ի երկրպագուներից է։ Հորեղբորից հետ չի մնում նախագահ Ռաուլ Կաստրոյի դուստրը՝ Մարիելա Կաստրոն, որն այս տարվա սեպտեմբերին գրանցվեց Twitter միկրոբլոգում։

Ֆիդել Կաստրոն հարցազրույցներից մեկում կարծիք էր հայտնել, թե ինտերնետը վերջ կդնի բոլոր գաղտնիքներին։ Ազատության կղզուց ստացվող հաղորդագրությունները, որոնք ձեռնտու չեն իշխանություններին, բայցևայնպես հայտնվում են համացանցում, երևի թե կոմանդանտեի խոսքերի լավագույն ապացույցն են։