Ռուսական կինոյի և թատրոնի նշանավոր դերասանի այս ցանկության մասին վերջերս Երևանում հայտարարեց ոչ անհայտ Վենիամին Սմեխովը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ անվանակոչության հարցն արդեն քննարկվել է Հայաստանի իշխանությունների հետ և արժանացել հավանության:
Ուրեմն՝ համաշխարհային թատրոնի մեծ բարենորոգիչ Կոնստանդին Ստանիսլավսկու փոխարեն՝ Արմեն Ջիգարխանյան: Թե որքանով է համատեղելի այս համեմատությունը, թողնենք մասնագիտական քննարկումներին, բոլոր նրանց, ովքեր զբաղվում են Ստանիսլավսկու տեսության և ստեղծագործության հետազոտությամբ:
Սակայն խնդիրն իր մեջ միավորում է թատերականն ու բարոյականը… 70 տարուց ավելի պատմություն ունեցող Երևանի ռուսական թատրոնը վաղուց ինտեգրվել է ինչպես ազգային, այնպես էլ ռուսական թատերական մշակույթին, ճանաչվել նախկին ԽՍՀՄ-ում և ԱՊՀ-ում՝ որպես ազգային պետության տարածում գործող կանոնավոր և սեփական ստեղծագործական հավատամքն ունեցող խաղացանկային թատրոն:
Այս թատրոնի ակունքների մոտ են կանգնել հայ շատ նշանավոր բեմադրիչներ, այստեղ տասնամյակներ շարունակ աշխատել են ռուս բեմի մի շարք նշանավոր վարպետներ, որոնք ձևավորել են այս թատրոնի պատմությունն ու կենսագրությունը, թողել հարուստ ավանդույթներ:
Թատրոնի փառավոր պատմության մեջ Արմեն Ջիգարխանյանի անունը հիշատակվում է միայն հպանցիկորեն։ Խոսակցության ուշագրավ նյութ կարող է տալ նրա Ռիչարդը՝ Օֆելյա Ավետիսյանի բեմադրած շեքսպիրյան «Ռիչարդ Երրորդ»-ում: Այլ կերպ՝ Արմեն Ջիգարխանյանը չի հիշվում Ստանիսլավսկու անվան թատրոնի պատմության մեջ:
Իհարկե, ազգային կինոարվեստում անգնահատելի է նրա ներկայությունը, նա Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում ստեղծեց ժամանակակից գիտնականի կերպար, ավերեց բոլոր կաղապարները, ընդդիմացավ «սոցռեալիզմի» մեթոդաբանության մի շարք տգեղ դրսևորումներին:
Արմեն Ջիգարխանյանը հայկական կինեմատոգրաֆում ստեղծեց 20-ից ավելի ինքնատիպ կերպարներ, նաև դարձավ համաշխարհային կինոյի այն եզակի դեմքերից մեկը, որը նկարահանվել է մի քանի հարյուր ֆիլմերում՝ այսպես սահմանելով անօրինակ ռեկորդներից մեկը…
Բայց ի՞նչ կապ ունի Արմեն Ջիգարխանյանը Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի հետ, ինչո՞ւ պետք է հենց այս թատրոնը կոչվի նրա անունով, մանավանդ որ նա Մոսկվայում ունի ստեղծած թատրոն, որը, չնայած իր գավառականությանն ու ստեղծագործական նկարագրի մեռյալությանը, հենց իր թատրոնն է, որի մասին խոսելիս ռուսական թատերական մտքի ներկայացուցիչներն աշխատում են ձեռնպահ մնալ՝ չվիրավորելու համար նշանավոր դերասանին, չնույնացնելու նրան ու իր գլխավորած թատրոնը, որը բացահայտ կարկատան է մոսկովյան թատերական խճանկարում։
Հարցի բարոյական կողմը դառնում է առավել անհանգստացնող այն առումով, որ Հայաստանը որբի գլխի տեղ դրած մի շարք դերասաններ, առաջնորդվելով առաջին հերթին ռուսական մեծապետականությամբ և օգտագործելով մեր որոշ իշխանավորների հպատակվածությունը, իրենց կամքն են թելադրում, իրենց որոշումներն ու ցանկություններն են մեզ պարտադրում՝ այսպես ամեն ինչ ենթարկելով քմահաճություններին և գավառական հպատակությանը, «ուժեղների» առջև ծամածռվող հպատակության ցույցերին…
Անտարակույս, Վենիամին Սմեխովը հազիվ թե նման առաջարկությամբ հանդես գար, եթե Արմեն Ջիգարխանյանը նրան պատվիրակած չլիներ, եթե հայկականությունից հեռու ազգությամբ հայ ռուս դերասանին չմտահոգեր անմահանալու կիրքը, Երևանում իր անունը հավերժացնելու փափագը…
Սակայն ինչու է նա հիմա հանկարծ հիշել այդ մասին, երբ տարիներ շարունակ սուր քննադատության է ենթարկել ինչպես «գավառում»՝ այլ հանրապետություններում, այնպես էլ Երևանում գործող ռուսական թատրոնները, առաջարկել դրանք լուծարել և դրանց փոխարեն մշտական հյուրախաղերի ուղարկել մոսկովյան փոքր թատրոնները, երբ նա բառացիորեն ոչինչ չի արել Ստանիսլավսկու անվան թատրոնի համար: Բայց «հաղթողներին» չեն դատում, բնականաբար պահանջներ չեն ներկայացնում մարդկային նկարագրի ու պահվածքի համար…
Պարզապես վիրավորական է այն, որ ապրելով հայրենիքից հեռու, շատ հաճախ ժխտելով հայրենիքի գոյությունը՝ ծերության տարիներին շատ գործիչներ կամենում են գոնե հայրենիքում անմահանալ՝ հավանաբար նաև վստահ լինելով, որ օտարասեր ու կոսմոպոլիտ իշխանությունները կարող են դռներ բացել մեծերի քմահաճույքների առջև՝ այսպես գետնով տալով շատ արժեքներ, ոչնչացնելով շատ պատկերացումներ:
Թող թյուր տպավորություն չստեղծվի, թե ես՝ թատերագետս, չեմ գնահատում Արմեն Ջիգարխանյանի դերասանական արվեստը, թե նրա ստեղծագործական կենսագրության նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք ունեմ: Քավ լիցի:
Պարզապես ստեղծվող իրողությունը չափազանց վիրավորական է մեզ համար, բոլոր նրանց համար, ովքեր Երևանի ռուսական թատրոնի նկատմամբ հարգանք են տածում, վիրավորական է այս թատրոնը 46 տարի ղեկավարող Ալեքսանդր Գրիգորյանի համար, որին արհամարհելով՝ կամենում են օրապակաս որոշում կայացնել…