Մշտական «օկուպացիան» փոխում է ուղղությունը

Այս կապակցությամբ շարժման մասնակիցները որոշել են փոխել մարտավարությունը՝ քաղաքների մշտական «օկուպացիայի» փոխարեն նրանք մտադիր են ամեն շաբաթ իրականացնել բողոքի ցույցեր և երթեր, տեղեկացնում է BBC-ն։

Նոր Օռլեանի ոստիկանապետ Ռոնալ Սերպասի խոսքով՝ վրանային ճամբարի լիկվիդացումն առանձնահատուկ անկարգություններով չի ուղեկցվել. ձերբակալվել է միայն մեկ մարդ, որը հրաժարվել է լքել այգին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը ցրել էր «օկուպանտների» ճամբարները մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Լոս Անջելեսում, Օքլենդում, Ֆիլադելֆիայում, Փորթլենդում և Նյու Յորքում։

Ոստիկանների գործողությունները, որպես կանոն, իրականացվել են ճամբարներում տիրող հակասանիտարական վիճակի վերացման մասին հիմնավորումներով։ Ցուցարարների վրանային ճամբարները դեռևս շարունակում են մնալ Վաշինգտոնում, Բոստոնում, Սան Ֆրանցիսկոյում, Դենվերում, Սիեթլում և մի շարք այլ քաղաքներում։

Նախօրեին «Գրավի՛ր Վաշինգտոնը» շարժման մի քանի տասնյակ մասնակիցներ բողոքի ակցիա են իրականացրել Կապիտոլիումի առջև։ Ցուցարարները տեղավորվել են օրենսդիրների կաբինետների դռների մոտ՝ արտահայտելով իրենց բողոքը։ «Մենք հարգում ենք նրանց կարծիք հայտնելու իրավունքը», – հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների ներկայացուցիչը։

«Գրավի՛ր Ուոլ սթրիթ»-ի ակտիվիստները որոշել են փոխել մարտավարությունը։ Վրանային ճամբարներում մշտապես նստելու փոխարեն ցուցարարները մտադիր են ամեն շաբաթ բողոքի երթեր անցկացնել։ Բացի այդ՝ նրանք որոշել են օգնություն ցուցաբերել ընտանիքներին, որոնք հիփոթեքային պարտքերի պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները։ Ի հայտ է եկել նաև նոր կարգախոս՝ «Գրավի՛ր տները, որոնք խլում են բանկերը»։

Բողոքի ցույցերի կազմակերպիչների խոսքով՝ վրանային ճամբարները կարող են «վերածնվել» գարնանը, իսկ առայժմ նրանք հավաքվելու են սրճարաններում և հանրային այլ վայրերում՝ գործողությունները համակարգելով սոցիալական ցանցերի միջոցով։