Վաղ թե ուշ Թուրքիայի ղեկավարները գլուխ կխոնարհեն Ծիծեռնակաբերդում. Սերժ Սարգսյան

«Մենք վստահ ենք, որ Թուրքիան պետք է ապաշխարի: Դա ո՛չ նախապայման է, ո՛չ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Երբևէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել և վերարժևորել իր մոտեցումները Հայոց ցեղասպանության հանդեպ:

Մեր դիրքորոշումը չի փոխվել և այն հստակ է: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարևան երկրներին: Այդպիսի հարևան երկրներ էին, օրինակ, Լեհաստանը և Գերմանիան, որի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած հանցանքը, ծնկի էր իջել Վարշավայի գետտոյում:

Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Ավելի լավ է՝ վաղ, բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում. դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը դա արեց հանուն գերմանացիների»,– ասել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է.

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եվրոպական ուղղությունն առաջնահերթ է մեզ համար: Վերջին տարիներին լուրջ հաջողություններ ենք արձանագրել այս բնագավառում: Եվրոպական Միությունը դարձել է ոչ միայն մեր կարևորագույն գործընկերներից մեկն արտաքին աշխարհում, այլև շատ լուրջ դերակատարում ունի Հայաստանի ներսում՝ նպաստելով մեր բարեփոխումների անցկացմանը և մեր երկրի տնտեսական ու ընդհանուր կայունության ամրապնդմանը:

Մեր աշխատանքի էական ուղղություններից մեկը համաեվրոպական կառույցներում Հայաստանին արժանի տեղն ու դերն ապահովելն է: Իսկ դա ճշմարիտ է ամբողջ քաղաքական համակարգի տեսանկյունից: Այսօր նաև Հայաստանի քաղաքական դաշտն է դառնում եվրոպական և յուրացնում եվրոպական արժեքները, հուսով եմ, որ նաև գործելաոճը:

Ու նաև այս առումով եմ ցանկանում հատուկ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի գործընկերներին և մասնավորապես Ֆրանսիայի նախագահին՝ հայ ժողովրդի մեծ բարեկամին, մեր ջանքերին սատար կանգնելու համար»: 

Մեկնաբանել