Գների տեսանելի աճ չի լինի

-Պարոն Քերոբյան, «Սթար»-ը, լինելով սուպերմարկետների խոշորագույն ցանցը Հայաստանում, այս տարի գնեց «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը: Ինչո՞ւ գնացիք այդ քայլին։

-«Ֆրեշ»-ի ձեռքբերումը մեր զարգացման ուղղություններից մեկն էր: Կարող եմ ասել, որ աշխարհի բոլոր ցանցերն էլ զարգանում են երկու ճանապարհով՝ ձեռքբերումների և օրգանական աճի։ Մենք տեսանք նմանատիպ գործարքի հարմարավետությունը, այն առումով, որ «Ֆրեշ»-ը մոտավորապես նույն սեգմենտի խաղացող էր, մեր և իրենց խանութները իրար չէին հատվում, մեկը մյուսի համար խնդիրներ չէին ստեղծում:

Բացի այդ՝ «Ֆրեշ»-ի ձեռքբերումով մենք ավելի արդյունավետ ենք դարձնում մեր գործառույթները։ Այդպես էլ եղավ. այժմ՝ երեք ամիս անց, կասեմ, որ մենք կարողացանք օպտիմալացնել բավական շատ գործառույթներ, վերանվանել խանութները, և մեծ հույս ունեմ, որ հաջորդ տարի «Ֆրեշ»-ի խանութներն իրենց կդրսևորեն լավագույն կողմից։

-Իսկ ֆինանսական տեսակետից ո՞ր ճանապարհն է ավելի արդյունավետ։

-Յուրաքանչյուր ձև ունի իր դրական և բացասական կողմերը։ Բնականաբար, ձեռքբերումների միջոցով խոշորացումը և առաջ գնալն ավելի թանկ է, բայց ավելի արագ է, մինչդեռ օրգանական աճը դանդաղ է, բայց ավելի դիպուկ ու ավելի էժան։

Հիմա ընտրելիս, թե զարգացման որ ուղղությունով ես գնալու, պետք չէ լինել պահպանողական, այլ պետք է նայել շուկայի հնարավորություններին, եկող առաջարկներին և ըստ դրա՝ որոշում կայացնել։ Մեր գործը դինամիկ է, և չենք կարող կարծրատիպերով առաջնորդվել, չնայած աշխատանքում փորձում ենք պահել մեր ստանդարտները։

-Ձեռքբերման ճանապարհով գնալը շուկա՞ն է թելադրել։

-«Ֆրեշ»-ի ձեռքբերումը մաքուր բիզնես գործարք է և բխում է մեր ֆինանսական շահերից։ Մենք տեսնում էինք, որ այդ գործարքի միջոցով հնարավորություն ենք ստանալու ընկերության ֆինանսական ցուցանիշներն էապես լավացնել և զարգացնել «Սթար»-ը։

-Օրերս Դուք հայտարարեցիք, որ «Սթար»-ը պատրաստվում է IPO-ի։ Դա ժամանակի թելադրա՞նք է, թե՞ մոդայիկ քայլ։

-Այդ մոդան Հայաստանում դեռ չկա։ Կապիտալի շուկայում մենք մեծ ապագա ենք տեսնում։ Որոշման ընդունումը բաղկացած է մի քանի բաղկացուցիչներից։ Առաջինը ընկերության կապիտալի ուժեղացումն է և դիվերսիֆիկացիան։ Մենք հույս ունենք, որ բաժնետերեր կդառնան նաև մեր հաճախորդները, որոնք շահագրգռված կլինեն, որ «Սթար»-ն աճի, և նրանք այդ աճից շահութաբաժիններ ունենան։

Երկրորդը, իհարկե, ավելի, այսպես ասած, քաղաքական որոշում է։ Լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ մենք կարծում ենք, որ եթե հնարավորություն ունենք օրինակ ծառայել մյուսներին և նպաստել, որ մեզ պես մյուս ընկերությունները նույնպես մտնեն կապիտալի շուկա, մենք պարտավոր ենք դա անել։

Տեղաբաշխումը կատարվելու է Հայաստանում, իսկ բաժնետոմսերը կցուցակվեն «Նասդաք ՕէՄէՔՍ Արմենիա» բորսայում։ Այսօր բորսան շատ լավ պայմաններ է առաջարկում: Լինելով հայկական հարթակում՝ մենք տեսանելի կլինենք այլ հարթակների համար, և արտերկրի ներդրողները նույնպես կկարողանան գնել և վաճառել մեր բաժնետոմսերը։ Ըստ գործընթացի՝ կարծում եմ, որ բաժնետոմսերը հնարավոր կլինի թողարկել գալիք տարվա երկրորդ կեսին

-Մտավախություն չունե՞ք, որ բացվելով՝ Դուք պետք է է՛լ ավելի թափանցիկ լինեք, այն դեպքում, երբ ձեր որոշ մրցակիցներ այնքան էլ թափանցիկ չեն գործում:

-Մենք հասկանում ենք անհավասար մրցակցության, ստվերի հետ կապված այդ բոլոր խնդիրները։ Բայց մյուս կողմից՝ չենք կարող սպասել և աշխատել այնպես, ինչպես մեր գործընկերները։ Մենք ընտրել են զարգացման այս ճանապարհը, գնում ենք մեր ուղիով, իսկ թե ով է ճիշտ, ով՝ սխալ, ցույց կտա ժամանակը։

-Մոտենում է Ամանորը, գներն էլ կարծես պատրաստվում են դրան։ Այս տարի նույնպես կլինե՞ն գների թռիչքներ։

-Ես տեսնում եմ, որ գների լուրջ աճ տեղի չի ունենալու։ Հավատացե՛ք մեր մի քանի տարվա փորձին։ Տարեսկզբից, մեր, ԿԲ-ի և այլ խաղացողների հետևողական աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք խուսափել նախատոնական խուճապից։

Հնարավոր է՝ մեկ-երկու ապրանքատեսակների որոշակի դեֆիցիտ լինի, բայց ընդհանուր առմամբ՝ շուկան բավական կայուն և հանգիստ է, առանց տարերայնությունների։ Կարծում եմ, որ գների տեսանելի աճ չի լինի։ Դա ասում եմ՝ տեսնելով այն ազդակները, որոնք գալիս են մեր մատակարարներից, մեր մրցակիցներից։ Համենայնդեպս «Սթար»-ում գները չեն բարձրանա։

-Այս տարի «Սթար»-ը փոխեց սեփականատիրոջը և սկսեց ռեբրենդինգ։ Հաճախորդների կորուստ եղա՞վ արդյոք: Կարողացե՞լ եք նրանց հետ բերել:

-Մենք մեր մաշկի վրա զգացինք, որ հաճախորդ ձեռք բերելը հեշտ է, պահելը՝ դժվար, կորցնելը՝ հեշտ, իսկ նորից հետ բերելը՝ շատ ավելի դժվար։ Մենք փորձել ենք հետ բերել մեր հիմնական հաճախորդներին, որոնց մեծ մասը հետ է եկել, բայց մի մասն ընտրել է մեր մրցակիցների խանութները։ Ամենօրյա աշխատանքով մենք փորձում ենք կամաց-կամաց վերադարձնել մեր նախկին հաճախորդներին և շահել նոր հաճախորդների համակրանքը։

Հայաստանի ռիթեյլը մի քանի տարվա ընթացքում լուրջ աճ է ապրել։ 2005թ., երբ Հայաստանում մենք բացում էինք մեր առաջին խանութը, 200-300 քմ մակերեսով սուպերմարկետը համարվում էր շատ մեծ։ Այսօր կան 7 հազ. քմ մակերես ունեցող հիպերմարկետներ, և շուկան շատ դինամիկ զարգացում է ապրում, տեղի են ունենում վերադասավորումներ։

Ես կարող եմ ասել, որ ընտրության մեծացման հետ մեկտեղ մեր նախկին հաճախորդներն ընտրել են առևտրի ավելի հարմար վայրեր։ Բայց վերականգնումից հետո «Սթար»-ի առաջարկներն այնքան են լավացել, որ այժմ միակ պատճառը, որ մեր հաճախորդը դեռ չի վերադառնում, սրտնեղվածքն է նախկինում թույլ տված մեր սխալներից։ Մենք մեր ամեն քայլով ներողություն ենք խնդրում մեր նախկին սխալների համար և փորձում ենք վերագրավել հաճախորդների համակրանքը։

-Գալիք տարի նախատեսո՞ւմ եք ընդլայնվել դեպի մարզեր։

-Երկու խանութ ծրագրում ենք բացել Կոտայքի մարզում։ Հիշեցնեմ, որ Հրազդան քաղաքում արդեն ունենք մեկ խանութ։ Նպատակ ունենք Երևանին հարակից չորս՝ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի քաղաքներում դիրքեր գրավել։ 

Մեկնաբանել