Քսան տարի՝ առանց ԽՍՀՄ-ի

Կարելի է երկար վիճել՝ ԽՍՀՄ փլուզումը աշխարհաքաղաքական աղե՞տ էր, թե՞ բարիք Միության նախկին հանրապետությունների մեծ մասի համար։ Սակայն սլավոնական երեք հանրապետությունների առաջնորդները միայն պետության մահն արձանագրեցին ահագնացող կաթվածից և բյուրոկրատական կառույցների անաշխատունակությունից։

Ո՛չ բանակը, ո՛չ Պետական անվտանգության կոմիտեն, ո՛չ ԽՍՀՄ մյուս հանրապետությունների առաջնորդները չփորձեցին ակտիվ հակազդել Միության փլուզմանը, իր խմբագրականում գրում է ռուսական «Վեդոմոստի» թերթը։

ԽՍՀՄ-ը փլուզվեց այն պատճառով, որ քաղաքական տուրբուլենտության շրջանը համընկավ սոցիալական ու տնտեսական խնդիրների հետ, որոնց լուծումը տարիներ շարունակ մի կողմ էր դրվել, և կրիտիկական զանգվածի կուտակման հետ։ Այլ կերպ՝ ցուցարարական ակտիվության աճը համընկավ սպառողական շուկայի ճգնաժամի հետ։

«Վերակառուցման տարիներին ռուբլին հարվածի տակ ընկավ՝ թղթից, որով կարելի էր գնել ոչ ամեն ինչ, այն վերածվեց թղթի, որով ոչինչ էլ հնարավոր չի գնել»,– 1991թ. մարտին փաստում էր «Իզվեստիա»-ի վերլուծաբան Օտո Լացիսը։

Գուցե ԽՍՀՄ-ում քիչ էին կառավարիչնե՞րը։ Չնայած Կենտկոմի քարտուղարության՝ 1991թ. ապրիլի 10-ի որոշման հավելվածի տվյալներով՝ Կոմունիստական կուսակցության անդամ էին գերատեսչությունների ու կազմակերպությունների 406 հազ. ղեկավար և կառավարչական ապարատի ավելի քան 1,5 մլն աշխատակից։

Սակայն Խորհրդային Միությունում զուգահեռաբար երկու պետություն գոյություն ուներ՝ բուն գործադիր ապարատը և կուսակցական ապարատը, որը պետությունից վեր էր կանգնած։

Կուսակցական ղեկավարությունը, ելնելով գաղափարախոսական նախապատվություններից, խնդիրներ էր առաջադրում տնտեսական նոմենկլատուրային։ «Կուսակցության համագումարների, Կոմունիստական կուսակցության Կենտկոմի պլենումների որոշումները սահմանում են ողջ պետական ապարատի և կառավարման կենտրոնական մարմինների գործունեության ուղղությունն ու բովանդակությունը»,– հավաստում էին «Կառավարման խորհրդային պետական ապարատ» աշխատության հեղինակները։

1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին խորհրդային իսթեբլիշմենթը Կոմունիստական կուսակցության Կենտկոմն ու քաղբյուրոյի տեսքով սուպերէլիտան էին։ Կուսակցական և տնտեսական նոմենկլատուրայի շահերի միջև հակասությունների դեպքում հաղթում էր առաջինը։

Խորհրդային Միության առաջին ու միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը կուսակցական ապարատի հիանալի մենեջեր էր։ Իր կառավարման տարիներին նա հիմնովին թարմացրեց քաղբյուրոյի և Կենտկոմի կազմը՝ այն մաքրելով բրեժնևյան էլիտայի ծեր ներկայացուցիչների մեծ մասից։

Երիտասարդացման ենթարկվեցին կուսակցական հանրապետական ու ռեգիոնալ մարմինները։ Հատկանշական է, որ հետխորհրդային պետությունների ներկայիս և նախկին ղեկավարներից շատերը՝ Նուրսուլթան Նազարբաևը, Իսլամ Քարիմովը, Ալգիրդաս Բրազաուսկասը, գորբաչովյան ժամանակաշրջանի առաջամարտիկներ են։

Այդուհանդերձ, նոմենկլատուրայի զգալի մի մասը մեկուսացած կաստա մնաց։ Նա չէր ցանկանում և չէր էլ կարող կանխատեսել քաղաքական ու տնտեսական բարդ գործընթացների զարգացումները, պատասխանել նոր մարտահրավերներին, ճիշտ արձագանքել իրողություններին։

Բացի այդ՝ կուսակցական էլիտայի միջին շերտերը կանխազգացին գալիք ճգնաժամը և սկսեցին անհանգստանալ բացառապես սեփական անձի համար։ Ի վերջո՝ կուսակցական մեխանիզմի «ձեռքից գնաց» երկիրը։ 

Մեկնաբանել