Նոր նավարկություն՝ առանց Լոնդոնի

Երեկ Բրյուսելում ավարտվեց Եվրամիության երկօրյա գագաթաժողովը, որի օրակարգում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական խնդիրների լուծմանն ուղղված որոշումների ընդունումն էր։ Նախորդ երկու օրերի ընթացքում Եվրոպան բոլոր ջանքերը գործադրեց Հին աշխարհը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու համար, քանի որ դրանից, ըստ էության, անմիջականորեն կախված էր ոչ միայն միության հետագա զարգացումը, այլև եվրոյի ճակատագիրը։ Հանդիպման ավարտին ընդունված հռչակագրի համաձայն՝ ԵՄ 26 անդամ պետությունները, բացառությամբ Մեծ Բրիտանիայի, համաձայնեցին միանալ միության «բյուջետային պայմանագրին»։

Հանդիպման առաջին իսկ օրը պարզ դարձավ, որ ճգնաժամի լուծման հարցում ԵՄ 27 անդամ պետությունները փոխհամաձայնության չեն հասնի, չնայած պարտքային խնդիրների հաղթահարման հույսերը պահպանվում էին մինչև վերջին պահը։

Որոշակի առաջընթաց արձանագրվեց քաղաքական տեսանկյունից։ Ստորագրվեց ԵՄ-ին Խորվաթիայի անդամակցության մասին պայմանագիրը։ 2013թ. հուլիսի 1-ից Խորվաթիան պաշտոնապես կդառնա ԵՄ 28-րդ անդամը։ Բալկանյան մեկ այլ երկրի՝ Սերբիայի բանակցությունները ԵՄ-ի հետ կարծես թե հաջողությամբ չպսակվեցին։ Նրա անդամակցության հարցը հետաձգվեց մինչև 2012թ. գարուն։

Բանակցությունների երկրորդ՝ որոշիչ օրը ԵՄ 26 երկրները պայմանավորվածություն ձեռք բերեցին բյուջետային քաղաքականությունների առավել սերտ ինտեգրման՝ «բյուջետային պայմանագրի» վերաբերյալ՝ ի վերջո որոշելով գործել Մեծ Բրիտանիայից առանձին, որի հետ այդպես էլ չհաջողվեց փոխհամաձայնության գալ։

Չնայած մոտ տասը ժամ տևած բանակցություններին՝ ԵՄ ղեկավարները չկարողացան միասնական որոշում ընդունել Եվրոպայի ֆինանսական քաղաքականության կարգավորման շուրջ։ Գործող օրենսդրության համաձայն՝ ԵՄ-ին վերաբերող բոլոր փաստաթղթերը պետք է հաստատեն միության անդամ բոլոր երկրները։ Լիսաբոնյան պայմանագրի առաջարկվող փոփոխությունները նախատեսում էին բյուջետային ծախսերի և ԵՄ անդամ բոլոր պետությունների պետպարտքի ծավալի նկատմամբ վերահսկողություն։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հրաժարվեց ստորագրել Լիսաբոնյան պայմանագրի լրամշակված այս տարբերակը՝ հիմնավորելով՝ այն չի երաշխավորում բրիտանացի ներդրողների պաշտպանությունը։ Այս որոշումը նա որակեց բարդ, սակայն ճիշտ։ Քեմերոնի խոսքով՝ պաշտպանության կարիք ունի Մեծ Բրիտանիայի ինչպես միասնական շուկան, այնպես էլ ֆինանսական հատվածը։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, իր հերթին, հայտարարեց, որ բրիտանական կողմի առաջարկներն անընդունելի են, քանի որ հենց ընդհանուր կարգավորիչ մեխանիզմների բացակայությունն է դարձել այսօրվա խնդիրների պատճառ։ Այս հարցում Մեծ Բրիտանիայի հետ որոշակիորեն համաձայն էին Հունգարիան, Շվեդիան և Չեխիան, որոնք ավելի ուշ, սակայն, տեղի տվեցին միասնական Եվրոպայի պահանջներին։

Նշենք, որ բրյուսելյան գագաթաժողովի դատին էր հանձնված ԵՄ փրկության երկու ծրագիր, որոնք առաջարկել էին Մերկոզին (Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին) և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը։

Ֆրանս-գերմանական ծրագրի հիմքում, մասնավորապես, ընկած էին հետևյալ առաջարկները՝ միասնական կորպորատիվ հարկի սահմանում եվրոգոտու բոլոր անդամ պետությունների և ֆինանսական գործարքների նկատմամբ, ԵՄ երկրների բյուջեի դեֆիցիտի սահմանափակում մինչև ՀՆԱ-ի 3%-ը, բանկերի ազատում խնդրահարույց երկրների պարտքերի նկատմամբ պատասխանատվությունից, Եվրոպական կենտրոնական բանկին ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորության ընձեռում։

Ի տարբերություն Փարիզի և Բեռլինի՝ Ռոմպեյն առաջարկում էր Հին աշխարհը փրկել առանց պայմանագրային փոփոխությունների։ Նա առաջարկում էր «ոսկե կանոն»-ը, որը միջնաժամկետ հեռանկարում կերաշխավորեր բյուջեի հավասարակշռությունը, ամրագրել ազգային օրենսդրություններում, եվրոգոտու երկրների աջակցության հիմնադրամին բանկային արտոնագիր տրամադրել, Եվրահանձնաժողովին խիստ միջոցառումներ նախաձեռնելու իրավունք շնորհել։

ԵՄ որոշումների պայմաններում Իռլանդիան և եվրոգոտու մի շարք այլ երկրներ շարունակում են դիտարկել ազգային արժույթներին վերադառնալու հնարավորությունը։

Մեկնաբանել