Հայաստան ներմուծվող բենզինի մեջ բենզին է հայտնաբերվել

Սպառողների միության մասնագետները չորս պատահական սկզբունքով ընտրված բենզալցակայաններից ձեռք էին բերել բենզին, ստուգել այն, այնուհետև հրապարակել ցնցող արդյունքները: Բացահայտումը դժգոհությունների ալիք բարձրացրեց տարբեր բնագավառներում:

Առաջինը ահազանգեցին Երևանի խադավիկների և դզող-փչողների արհմիության անդամները: Ոչ այդքան փչողները, որքան դզողներն ու խադավիկները բողոքում են, որ բենզինով բենզինի գործոնը կարող է կտրուկ փոփոխել շուկան, քանի որ շարքից դուրս եկող ավտոմեքենաների քանակը կնվազի, ինչն անհապաղ կհարվածի իրենց գրպաններին:

Բենզինի բացահայտումը բենզինում ուժեղ հարված էր նաև բենզինի ֆիլտր ներկրողների համար, քանի որ նրանց ապրանքն այժմ կարելի է ձեռք բերել տարին 1-2 անգամ՝ ընդունված 3-4-ի փոխարեն:

Բենզալցակայանների տերերը սպառնում են կրկին բարձրացնել բենզինի գները: «Իսկականից անհարմար բան ստացվեց: Մենք էլ տեղյակ չէինք, որ մեջը բենզին կա, խոսք ենք տալիս շատ արագ գները համապատասխանեցնել: Կարծում եմ՝ մի 30-40 դրամ թանկացումը ավելի քան արդարացված կլինի»,– մեր լրագրողին հայտնեց GTV (Գևորգ, Տիկո, Վաղարշակ) բենզալցակայանի համասեփականատեր Վաղարշակ Լցակայանը: Մեր հարցին՝ արդյո՞ք բենզինի գնի բարձրացումները միշտ կապված են միջազգային շուկայական գների տատանումների հետ, բենզալցակայանի տերը հակիրճ պատասխանեց. «Լաաաավն էր»:

Բացահայտումները վրդովեցրին նաև բնապահպաններին, որոնք մինչ օրս երբեք չէին բողոքել վառելիքի արտանետումներից, քանի որ վստահ էին՝ մեր բենզինը բնական նյութերից էր բաղկացած: «Մեզ համոզել էին, որ մեր երկրում վաճառվող բենզինը անվտանգ, անարատ հումքից է պատրաստված:

Լցակայանները վստահեցրել էին, որ Զեյթունի զուլալ ջուրն են խառնում, մի քանի այլ շատ բնական նյութեր, որոնք հիմա անհարմար եմ զգում նշել…, մի խոսքով՝ ամեն բան պետք է բնական լիներ, իսկ հիմա պարզվեց, որ բենզին կա»,– ասաց բնապահպան Հրայր Սավզյանը:

Իսկ սպառողները պնդում են, որ արդեն երկար ժամանակ զգում էին, որ բենզինում իսկապես մի քիչ բենզին կա: «Ես վաղուց էի կասկածում՝ մի տեսակ բենզինի հոտ էր միշտ գալիս իմ բենզինից: Այ դրանից սկսեցի կասկածել, որ մեջը բենզին կլինի»,– ասաց ավտոսիրող Վազգենը: «Բայց ստեղ ուրիշ ավելի լուրջ խնդիր կա, նույնիսկ վախենում եմ պատկերացնել, թե ինչ կկատարվի»:

Վազգենը նկատի ուներ բնական գազին անցած վարորդներին, որոնք տարիներ շարունակ ձեռք են առնում մեքենան բենզինով քշող ավտոսիրողներին: Բենզինի գնի բարձրացման պարագայում նրանց ծաղրանքներն ու ջիջիլները կարող են 30%-ով աճել: «Երևի անջատեմ հեռախոսս»,– խոստովանեց Վազգենը:

Մեկնաբանել