Ոգեշնչումն էլ է աշխատանք

Թորաձեն ռոմանտիզմի շրջանի կոմպոզիտորների ստեղծագործությունների լավագույն կատարողի համարում ունի։ Philips Classics ստուդիայի համար կատարած Սերգեյ Պրոկոֆևի հինգ կոնցերտների Թորաձեի մեկնաբանությունը (Վալերի Գեորգիևի ղեկավարությամբ) էտալոնային է համարվում, իսկ երրորդ կոնցերտը International Piano Quarterly ամսագրի կողմից (երբևիցե կատարված 70 ձայնագրությունների շարքում) ճանաչվել է «բոլոր ժամանակների լավագույն կատարումը»:

Համերգի նախօրեին Ալեքսանդր Թորաձեն վարպետության դաս անցկացրեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների համար, որից հետո էլ համաձայնեց զրուցել «Օրակարգ»-ի թղթակցի հետ։

-Ամբողջ էությամբ տրվել էիք վարպետության դասին, թեև նշում էիք, որ չեք սիրում այդ ձևաչափը, ինչո՞ւ։

-Որովհետև ժամանակը քիչ է: Ես չեմ ճանաչում այդ երիտասարդներին, նրանք ինձ չեն ճանաչում: Ինչպե՞ս կարող ենք միմյանց հասկանալ: Ուսուցումը ինտիմ պրոցես է, իսկ վարպետության դասերն ավելի շատ շոու են հիշեցնում:

-Ձեր կյանքի աշխարհագրությունն այնքան լայն է՝ Վրաստան, Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ։ Որտե՞ղ եք Ձեզ տանը զգում, որտե՞ղ է ավելի հոգեհարազատ։

-Իմ հիմնական հիշողությունները՝ թե՛ մարդկային, թե՛ երաժշտական, կապված են Թբիլիսիի և Հայաստանի հետ: Իբրև անհատ՝ ես հենց այստեղ եմ ձևավորվել: Սակայն հիմա իմ տունը Ինդիանայում է: Ես ամուսնացել եմ ամերիկուհու հետ, երեխաներս այնտեղ են ծնվել: 1983թ., երբ ստիպված եղա հեռանալ Ռուսաստանից (քաղաքական պատճառներով – Մ.Հ.), ես պարզապես փախստական էի այդ երկրում: ԱՄՆ-ն ինձ պարզապես փրկեց այդ ծանր տարիներին: Այնպես որ, ես շատ կապված եմ նաև Ամերիկային: Այնտեղ են նաև ուսանողներս, որոնք իմ կյանքում շատ մեծ տեղ են զբաղեցնում:

-Ի դեպ՝ կպատմեք ուսուցման Ձեր յուրահատուկ մեթոդի մասին։

-Արդեն 17 տարի է՝ ուսանողներիս հետ շրջագայում եմ աշխարհի տարբեր երկրներում և համերգներ տալիս։ Իրականում, այդ ձևաչափն ընդունված է եղել խորհրդային կրթական համակարգում՝ Ռուսաստանում ուսանելիս ես հաճախ էի համերգներով հանդես գալիս ուսուցիչներիս հետ, այդ թվում՝ արտագնա: Այնպես որ, ես նոր բան չեմ հորինել: Միակ տարբերությունն այն է, որ համերգին մենք ներկայացնում ենք մեկ կոմպոզիտորի ստեղծագործություններ՝ սկզբից մինչև վերջ: Համերգը երեքից ութ ժամ կարող է տևել: Նպատակը երիտասարդներին բեմին վարժեցնելն է, ինչպես նաև հանդիսատեսին նոր անուններ ներկայացնելը։

Մենք նաև նվագախմբային մարաթոններ ենք կազմակերպում՝ իմ ուսանողները նվագում են հռչակավոր նվագախմբերի և դիրիժորների՝ Կարեն Դուրգարյանի, Վալերի Գերգիևի և ուրիշների հետ: Փորձ են ձեռք բերում, սովորում մյուսներից, միմյանցից: Չեմ կարծում, թե ուսուցչի միակ առաքելությունը ուսանողին գիտելիքներ փոխանցելն է, պետք է նաև ճանապարհ հարթել նրանց համար:

– Ձեր հայրը ևս երաժիշտ է եղել, կոմպոզիտոր։ Դուք այլ՝ ոչ երաժշտական ուղի ընտրելու հնարավորություն ունեցե՞լ եք։

-Կարծում եմ, որ ոչ: Միջավայրն այնպիսին էր, որ ինքնըստինքյան ստացվեց իմ երաժշտական ճանապարհը: Մայրս ևս արվեստի մարդ էր (հայտնի դերասանուհի Լիանա Ասատիանի – Մ.Հ.): Մեր տանը միշտ դերասաններ և երաժիշտներ էին հավաքվում։ Ինձ վրա ահռելի ազդեցություն է թողել շփումը հայ կոմպոզիտորների հետ: Ալեքսանդր Հարությունյանին, Առնո Բաբաջանյանին, Ֆրեդ Տերտերյանին ճանաչել եմ տասը տարեկանից:

-Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ կատարո՞ւմ եք։

-Ամբողջ կյանքս Բաբաջանյանի «Վեց պատկերն» եմ նվագում: 13 տարեկան էի, երբ նա ինձ նոտաները տվեց: Ես իր համար կատարեցի, նա, իհարկե, դժգոհ մնաց (ժպտում է – Մ.Հ.), հետո ներեց ինձ, իսկ ես շարունակում եմ այն նվագել: Ուրիշ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ցավոք, քիչ եմ կատարում:

-Իսկ Ձեր երեխանե՞րը…

-Իմ երեխաներն անբան են, իսկ Ձերը՝ ո՞չ (ժպտում է – Մ.Հ.) …

– …երաժշտությամբ զբաղվո՞ւմ են։

-Այո՛, մեկը շեփոր է նվագում, մյուսը՝ դաշնամուր, բայց նրանց վերաբերմունքը երաժշտությանը բոլորովին այլ է, քան իմը։ Մթնոլորտն է այլ:

-Պատահո՞ւմ է, օրինակ, որ համերգից առաջ ոգեշնչում չկա, պարզապես չեք ուզում նվագել։

-Երբեք: Եթե այդպես լինի, ուրեմն չեմ աշխատել: Ոգեշնչումն էլ է աշխատանք: Նույնիսկ այն ստեղծագործությունները, որոնք տարիներ շարունակ նվագում եմ, օրինակ՝ Պրոկոֆևի կոնցերտները, համերգից առաջ մի քանի օր վերհիշում եմ, պատրաստվում, փորձում: Ոգեշնչումն էլ է ինձանից կախված: Եթե ոչինչ չանեմ, որտեղի՞ց ոգեշնչում: 

Մեկնաբանել